...

131-ի արկածները խորհրդարանում

131-ի արկածները խորհրդարանում

ՏԵՍԱՐԺԱՆ

Մի օր փոքրիկ Վալոդիկը տուն եկավ ականջը կարմրած. մայրիկի այն հարցին, թե ո՞վ է քաշել ականջդ, փոքրիկ Վալոդիկը պատասխանեց՝ «Մեր դասարանի Աշոտիկը»: Մայրիկը հարցրեց՝ «Ինչո՞ւ, Վալոդիկ ջան», Վալոդիկը պատասխանեց՝ «Ես ասում էի «Միասնությունը» կքայքայվի, ինքը ասում էր չէ, ու կռիվը գնաց»:

Քաղաքական որոշ դիտորդների կանխատեսմամբ «Միասնությունը» միտումնավոր է իրեն այդպես ցանցառ պահում, որ բոլորն իրենից խոսեն. այսպիսով, հայ ժողովուրդը վատ գործեր անելու ժամանակ չի ունենա, համ էլ «Միասնության» անունը չի մոռացվի: Իսկ պե՞տք է արդյոք մեզ այս խորհրդարանն ընդհանրապես՝ իր անկապ մեծամասնությունով ու մնացած փոքրամասնական բաներով: Տրամաբանությունը հուշում է, որ՝ ոչ: Բայց որոշ քաղաքական դիտորդների ներքին ձայնը հուշում է, որ սույն խորհրդարանը՝ իր «Միասնությունով» ու մնացած փոքրամասնական բաներով հայ ժողովրդին առայժմ պետք է: Ներքին ձայնն իր տրամաբանությունը մեկնաբանում է հետևյալ կերպ. ժողովուրդը սոված է, նրան հաց է պետք. հաց, բնականաբար, չկա, ու եթե այս ԱԺ-ն էլ չլինի՝ ժողովուրդը կատաղած դուրս կթափվի փողոց: Հենց այն պահին, երբ ժողովուրդը սովից քիչ է մնում կատաղի, միացնում է հեռուստացույցը ու մոռանում սովի մասին: Էկրանին հայտնվածները դեմքեր են այդ բառի բոլոր ենթատեքստերով: Մի խումբ լիքը գողականներ՝ պլյուշից գալոյով ու այնպիսի հայացքով, որից այն կողմ պատ է. սա մեր խորհրդարանի անմեղսունակ հատվածն է, որը լուրջ հոգեկան տվայտանքների մեջ է ընկնում, երբ առաջը օրենսդրական նախաձեռնություն են դնում: Մարդուն չի կարելի ենթարկել նման կտտանքների, դա ոչ միայն հակամարդկային է, այլև հակասում է մարդու իրավունքների բոլոր միջազգային կոնվենցիաներին, որի տակ իր ստորագրությունն է դրել Հայաստանի Հանրապետությունը: Այդուհանդերձ, մեր ԱԺ-ն շարունակում է կտտել իր սույն հատվածին, ամեն անգամ ստիպելով կոճակ սեղմելուց առաջ մտածել: Ո՞նց մտածեն. այդ հարցը երբևէ իրենց տվե՞լ են այն մարդիկ, որոնք պառլամենտի նշյալ հատվածի առաջ նման հակաօրինական պահանջ են դնում: ԱԺ-ի այս հատվածին կարելի է պայմանականորեն կոչել «չալաղաջ»:

ԱԺ-ի մեկ այլ խումբ, որը պայմանականորեն կարելի է կոչել «սազանդար»՝ պարբերաբար գրկում է այդ պահին ամենամոտ գտնվող միկրաֆոնն ու գոռում է՝ թալանեցին, լափեցին, կերան: Ինչպես հասկանում եք, հեչ կապ չունի, թե տվյալ օրենքը, որի դեմ պայքարում են պայմանական «սազանդարի» անդամները, ժողովրդի շահերին դե՞մ է, թե՞ ընդհակառակը: Կարևորը՝ պայքարելն է, գոռալը, դիմադրելը, չհանձնվելը. ժողովուրդն էլ կնայի, կտեսնի, որ մեկն իրենց ուզում է թալանից պաշտպանել ու այդքանով գործը կարելի է համարել փակված:

Ներկայիս ԱԺ-ում մեծ թիվ է կազմում նաև այն խումբը, որը դարձյալ պայմանականորեն կարելի է կոչել «մուֆլյաժ»: Սրանք այն պատգամավորներն են, որոնք զբաղված են պերմանենտ մուտիլովկաներով: Նրանց գործում կարևորն այն է, որ նախորդ մուտիլովկան իր կատարման ձևով ու մատուցման եղանակով չկրկնի հաջորդ մուտիլովկային, այլապես դա սպառնում է նրանց պրոֆեսիոնալիզմի ու հեղինակության անկմանը: Այս պատգամավորներից ԱԺ-ում վախենում են, աշխատում են նրանց հետ կատլետ չուտել, բայց և անհրաժեշտության դեպքում փորձում են սիրաշահել՝ հերթական մուտիլովկայի զոհը չդառնալու համար: Նկատենք, որ իր գոյության երկու տարիների ընթացքում ԱԺ մյուս խմբերից նկատվում է առնետավազք դեպի մուտիլովչիկների խումբը, որովհետև հայաստանյան քաղաքական դաշտում այդ խմբի հեղինակությունը բավականին բարձր է, քանզի այն իր էությամբ բավականին մոտ է հանրապետության լեգիտիմ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատաոճին: Խորհրդարանում կա նաև խիստ ազգային մի խումբ, որի անունը միայն «տեսլական» կարող է լինել: Այս խմբի անդամները մյուս պատգամավորներից տարբերվում են բեղամիրուքային համայնապատկերով, խիստ զգուշավոր հայացքներով ու բոլորին կասկածելու գենետիկական հակումով: Այս խումբը որպես կանոն միշտ քվեարկում է միասնական, քանզի ներքին կարգուկանոնին չենթարկվելը սպառնում է նշյալ պատգամավորների անդամության տարբեր ձևախեղումների՝ սառեցումից մինչև ամպուտացիա:

Խորհրդարանում կա ևս մի խումբ, որին առանց որևէ պայմանականության կարելի է կոչել «անկապներ»: Սրանք այն պատգամավորներն են, որոնք խորհրդարան են ընկել իրենց կամքից անկախ ու հիմա չգիտեն, թե ինչ անեն: Այդ պատգամավորները հիմնականում «Միասնություն» դաշինքից են, որոնք շոգեքարշի սկզբունքով պառլամենտ մտան Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հետևից: Բայց քանի որ արդեն խորհրդարանում են՝ մի բան պիտի անեն: Ու քանի որ ոչ մի բան անել չգիտեն, դրա համար էլ անկապ են ու սեփական միասնության ձեռքը կրակն են ընկել:

Այսպիսով, մեր խորհրդարանի տեսականին հարուստ է, ուստի ժողովուրդը, իրականացնելով «հաց և զվարճանք» կարգախոսը, գոնե զվարճանքի մասով իրեն կարող է ապահով զգալ:

Ինչ վերաբերում է փոքրիկ Վալոդիկին, որը, որպես ՀՀ լիիրավ քաղաքացի, ուզում է հասկանալ՝ վերջապես խորհրդարանում «Միասնությունը» կա՞, թե չկա՝ պիտի հիասթափեցնենք. մենք էլ չգիտենք: Ու ընդհանրապես, եթե մեկն ուզում է ինչ-որ մեկին խիստ անհարմար վիճակի մեջ դնել, հենց այդ հարցն է տալիս:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 184, ապրիլի 18, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   441 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ