...

1996թ. սեպտեմբերի 25-ը 1999թ. հոկտեմբերի 27-ի գլխավոր փորձն էր

1996թ. սեպտեմբերի 25-ը 1999թ. հոկտեմբերի 27-ի գլխավոր փորձն էր

Անձնական 

Գիտեմ՝ հոգնել ենք Վագեն Մանուկյանի անունն իսկ հիշատակելուց: Գիտեմ՝ մերթընդմերթ վերակենդանացման փորձեր անող, բայց արդեն խփված քարտ էր: Գիտեմ նաև, որ անցյալում «բոցաշունչ» ազգային-ժողովրդավար-հեղափոխականի ո՛չ տրամադրությունն է այսօր մի բան, ո՛չ էլ տրամաբանությունը: Նշեմ՝ առողջ տրամաբանության հետ նրա հարաբերությունները առաջ էլ բավական բարդ էին: Այնուամենայնիվ, ստիպված եմ անդրադառնալ Վ. Մանուկյանին ու նրա մասնակցությամբ, ուղղորդմամբ ծավալված դեպքերին: Որովհետև նա՛ է մեր իռացիոնալ ատելության, խռովածության, սեփական անձին անհարկի բարձր գնահատական տալու, հեղափոխական ավանտյուրիզմի ամենավառ խորհրդանիշը: Մի խոսքով, պրն Մանուկյանն այսուհետ պարզապես հավաքական կերպար է: 

Անձամբ խռովել է 

1991թ. ինչի՞ց խռովեց, ինչո՞ւ չմասնակցեց ՀՀ առաջին նախագահական ընտրություններին, ինչո՞ւ իր ունակություններն ի սպաս չդրեց սեփական երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրները լուծելուն՝ թեկուզ վարչապետի պաշտոնում: Չէ՞ որ շատերն են հիշում, որ ՀՀ ԳԽ-ն 1990թ. անսահմանափակ լիազորություններով էր օժտել վարչապետ Մանուկյանին: Վարչապետն ինքն էր պահանջել այդ իրավասությունները և անհապաղ ստացել: Լավատեղյակ աղբյուրները վկայում են, որ հենց վարչապետն էր նախագահական կառավարման ջատագովը այն ժամանակվա քաղաքական «խոհանոցում»: Գիտենք նաև, որ Վ. Մանուկյանն իրենից բացի Հայաստանում այլ նախագահ չէր տեսնում: Հռետորական մեր հարցերին լավագույնս է պատասխանել հենց ինքը: «... Լևոն Տեր-Պետրոսյանը, ընտրվելու դեպքում օրինական ձևով շրջանցելով ինձ, տնօրինում էր մինչ այդ վարչապետի ձեռքում գտնվող կառավարման լծակները: Այդ ծրագրի իրականացման դեպքում շարունակել վարչապետ աշխատելը, նույնիսկ եթե ինձ թողնեին այդ պաշտոնում, ես համարեցի անիմաստ: Եվ չէի գտնում, որ իշխանության լծակները անցնում են արժանի մարդկանց խմբին, որոնք կկարողանային և կցանկանային այն ճիշտ օգտագործել: Մնում էր կամ նախագահ դառնալ, կամ հրաժարական տալ»: («Այժմ» շաբաթաթերթ, 24-30 հուլիս, 1996թ.): 

Եվ հրաժարական տվեց, և հեռացավ ՀՀՇ-ից, որի ստեղծողն ու ուսուցիչն էր համարում ինքն իրեն՝ մշտապես գերագնահատելով սեփական անձը և թերագնահատելով մյուսներին: Ու սկսվեց... Սկսվեց նեղացածների շքերթը: Հեղափոխությունն, անշուշտ, պիտի ավարտված համարեինք 1991-ին և աշխատեինք յուրաքանչյուրս մեր չափով օժանդակել մեր կողմից ընտրված իշխանություններին, պիտի ձգտեինք մեր երկրի տերը դառնալ, հոգեբանորեն ազատվել գաղութի բնակչի բարդույթից, գավառական ինքնագոհությունից, պետություն-շնից մազ պոկողի խրոնիկական ախտից, մեր մանրությունից ու խեղճությունից, մեզնից լավին բարոյականության դասեր տալու մարմաջից: Պիտի չխռովեինք մեր փոքրիկ ու բզկտված երկրից, ինքներս մեզնից, ու Վազգեն Մանուկյանը չէր դառնա մեր հավաքական կերպարը, իսկ դաշնակները արյուն չէին պղտորի հարյուրամյա տեսլականով, հեղափոխական հարայ-հրոցով: Ու հեղափոխությունը շարունակվեց ուրույն տրամաբանությամբ: 

Պատերազմի, շրջափակման, պետության կայացման առաջին դժվարագույն տարիները ԱԺՄ-ականների, դաշնակների և նրանց նմանների թեթև ձեռքով կնքվեցին միայն ցրտի ու մթի տարիներ, նրանց ատելությունը, անձնական նկրտումները դարձան ամբոխին հոգեհարազատ, ու մեզնից օտարեցինք անգամ հաղթանակի բերկրանքը: Հաղթանակ, որի նմանը չէինք ունեցել բազում դարեր: Բնականաբար, բոլոր դժբախտությունների ու դժվարությունների «պատճառը» դարձավ ժամանակի իշխանությունը: Բայց ոչ ամբողջական. իշխանավորներից մի քանիսն էին դարձել սուր քննադատության ու հայհոյանքների թիրախ: Իսկ առյուծի բաժինն, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանինն էր՝ Վազգեն Մանուկյանի «անձնական» հակառակորդինը: Ցնցումներով, վերուվարումներով, զրպարտություններով, հրաժարականի պերմանենտ կոչերով հայկական ընդդիմությունը հասավ 1996-ի նախագահական ընտրություններին և միավորվեց՝ ոչ թե հանուն երկրի, այլ ընդդեմ՝ Լևոնի, Վանոյի ու Վազգեն Սարգսյանի

Ընտրվում էին հեղափոխական ոգով 

Ուրեմն 1996-ն էր: «Ժողովրդի արյունը ծծողներին» պատժելու կոչերով թեժ հանրահավաքներ էին: Պետականության 5 տարիները միայն «սև» էին, ու հրապարակներում հավաքվածները ձգտում էին փոփոխությունների՝ չզգալով, որ իրենց օգտագործում են, որ իրենք միայն գործիք են անձնական թշնամանքը պարպելու համար: Չէին զգում, չէին հասկանում վերահաս վտանգը նաև իշխանական ճամբարի ներկայացուցիչները, նրանց ընտրազանգվածը: Ընդ որում, ընդդիմությունն ընտրարշավի սկզբում բոլորովին էլ ինքնավստահ ու համոզված չէր, նրա գործողությունները հաճախ ավանտյուրա էին հիշեցնում: Բայց հետզհետե «թափ առան», քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի աշխատանքը ապաշնորհ, անարդյունավետ էր: Եթե ՀՀ նախագահի քարոզարշավը վարողները քիչ ավելի շրջահայաց լինեին, 100 տոկոսով կիրականանար դաշնակցական գաղափարախոս Էդ. Հովհաննիսյանի կանխատեսումը. «Այլ խոսքով, Լևոն Տեր-Պետրոսյանը վստահ կշահի ընտրությունը» («Իրավունք» 23-29 մարտ, 1996թ.): 

Իսկ կարկառուն դաշնակներն այդ ժամանակ բանտում էին՝ «Դրոյի» գործով: Բանտից էլ իրենց «զորակցությունն» էին հայտնում դրսի հեղափոխականներին: Եվ երկար-բարակ ճառեր էին ասում դատարանի դահլիճից: Իսկ երկար խոսելը լավ բան չի, կարող ես ինքդ քեզ մատնել: Սակայն սրա մասին քիչ ավելի ուշ: 

Ուրեմն ընդդիմության քարոզչությունը գործի էր դրել բոլոր միջոցները: Քննադատությունն անխնա էր, խոստումները՝ շռայլ, անսահման: Ի՞նչ պիտի աներ Վազգեն Մանուկյանն ընտրվելու դեպքում: Առանձնապես ոչինչ: Ուղղակի Հայաստանը 5 տարում դարձնելու էր երկիր-դրախտավայր: Ահա նրա նախընտրական խոստումներից մի քանիսը. 

- Հայաստանում կվերանա չքավորությունը, 
- կստեղծվեն բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր, 
- առնվազն 10 անգամ կաճի բյուջետային աշխատողների աշխատավարձը, 
- աշխատավարձերը, թոշակները, նպաստները միշտ կվճարվեն ժամանակին, 
- բոլոր քաղաքացիների համար կապահովվի անվճար, որակյալ բուժսպասարկում և կրթություն (խրախուսելով նաև վճարովի մասնավոր ծառայությունների զարգացումը), 
- աստիճանաբար կվերադարձվեն խաբված ավանդատուների ավանդները... 

Պետք չէ խորը տնտեսագիտական իմացություն ունենալ այս ամենի անհնարինությունը հասկանալու համար: Ուղղակի խոստանում էին, որովհետև հենց այդ էր պահանջում հրապարակներում հավաքվող ժողովուրդը: Ժողովուրդ, որն աստիճանաբար վերածվում էր կառավարվող հեղափոխական ամբոխի: Հիշեցնենք՝ որևէ մեկին չէր հետաքրքրում ո՛չ Հայաստանում տիրող իրավիճակի ճշմարիտ գնահատականը, ո՛չ այս երկրում վերջապես քաղաքացիական հասարակարգի ստեղծումը, ո՛չ մարդ արարածի ինքնուրույն ապրելու, մտածելու, գործելու պարտականությունն ու իրավունքը: Ատելությունն էր մթագնել ուղեղները, ատելությունն էր առաջնորդը, և ամբոխանում էին: Սա՛ էր ձեռնտու ամբոխավար ընդդիմությանը: Եվ եղավ այն, ինչ պիտի լիներ, ինչ նախապատրաստում էին... 

Նախադեպ էր 

Սեպտեմբերի 25-ն էր: Բարոյականության, պարկեշտության դասեր տվող Վ. Մանուկյանի աջակիցները ձեռնարկեցին առաջին գրոհը ԱԺ-ի վրա: Ու առաջին անգամ բռնություն կիրառեցին հենց այդտեղ, բռնություն, որի հետևանքով միայն պատահաբար չզոհվեցին այն ժամանակվա ԱԺ խոսնակն ու փոխխոսնակը: Նախադեպ էր: Նախադեպ էր՝ պարտությունը չընդունելու, պարտությունից հետո հաշիվ մաքրելու, բռնություն գործադրողներին հետո հերոսացնելու: Ճանապարհը բացել էին, գլխավոր փորձն իրագործել: 

Հերոսանում էին 

Իսկ 96-ի սեպտեմբերի 25-ից հետո ո՞նց էին հերոսանում: Էլի հայհոյելով ու զրպարտելով, սեփական մեղքը «չգիտակցելով» «սուրբ» գործ էին արել. պատժել էին «կեղեքիչներին»: Քրեական օրենսգիրքը կարելի էր կիրառել ու թույլ չտալ, որ նրանք քաղաքական դառնան: Չարվեց: Հայաստանում ընդդիմություն էր պետք: Ու ընդդիմությունը վազվզում էր օտարերկրյա դեսպանատներ՝ այնտեղ աղմկելու, այնտեղ երկրի իշխանություններին վարկաբեկելու: Ընդդիմադիր մամուլը թմբկահարում էր ԱԺ առաջին ահաբեկիչների խիզախությունը, իսկ Արշակ Սադոյանն արդեն թաքստոցից էր հայհոյում (ինչի՞ էր փախել, մատով էլ չէին կպնելու): Այսպես, 1996թ. նոյեմբերին երկրիս գլխավոր պոպուլիստը փիլիսոփայում էր ազգայինի և ապազգայինի մասին և, իհարկե, պաշտպանության տակ էր առել ՀՅԴ-ն (էլ ինչպես պիտի վարվեր ԱԺ ահաբեկչությամբ ներխուժողը): Ու որակումներ էր տալիս՝ օտարածին դաստիարակության պատճառով անհատապաշտ, ապազգային շահամոլների մի փոքրիկ խումբ, ոչ բավարար ազգային կրթություն ստացած մարդիկ, մշակված ուղեղներով» ղեկավարներ... (Այսօրվաններին, երևի, համարում են լիարժեք ազգային կրթություն ունեցող, «լիարժեք» է նաև Վ. Մ.-ն): 

Եվ գոռում-գոչում էին. էլի հրաժարական պահանջում, անընդհատ բոլորի աչքը մտցնում սեպտեմբերի 25-ը՝ որպես մեծ նվաճում: Անշուշտ, թքած ունեին օրենքների վրա: Անշուշտ, ահաբեկչությունն ու հեղափոխականությունը գովերգվում էին: Որովհետև նույն 96-ին ընթացող դատի ժամանակ («Դրո», 31+Վահան Հովհաննիսյան) Հրանտ Մարգարյանն էր հերոսանում, բայց նաև մատնում ինքն իրեն. «Դուք պարտավոր եք հանուն ճշմարտության, արդարության, և՛ այս ժողովրդի, և՛ պատմության առջև լինել անաչառ, լինել արդար: Թե՝ ո՛չ, օրենքի վրա հիմնված, օրենքին կառչելով՝ ես անզոր եմ ապացուցելու իմ անմեղությունը» («Այժմ» 26.06.-2.07, 1996թ.):

Հասկացա՞ք, օրենքը այլ բան էր ապացուցում: Օրենքը չի ներում ահաբեկիչներին, սպանություն ծրագրողներին, բռնություն գործադրողին, պետական հեղաշրջում նախապատրաստողին... 

Ներում են իշխանավորները՝ հանուն «պատմության»: 

Սա էլ հերոսացման նախադեպն էր, ու... ներման նախադեպը: 

Պարկեշտացավ 

Իսկ 2002-ին Վազգեն Մանուկյանն անպարկեշտություն է համարում սեպտեմբերի 25-ը հոկտեմբերի 27-ի հետ համեմատելը: «Պարկեշտ» հավաքական կերպարին անպարկեշտորեն նորից ենք ասում. սեպտեմբերի 25-ին ձեր զինակիցները ճանապարհ բացեցին Նաիրի Հունանյանի համար, նրանց նախընտրական լոզունգներն էր օգտագործում ոճրագործը ԱԺ դահլիճում: Նաիրի Հունանյանն, իհարկե, խամաճիկ է, իսկ տիկնիկավարներն ուրիշ են, ու դուք այդ գիտեք: Հոկտեմբերի 27-ից հետո դժվարությամբ էիք թաքցնում ձեր ժպիտն ու փայլող աչքերը, հոկտեմբերի 27-ից հետո «ուժ» չունեցաք դատապարտելու եղածը, «չուզեցաք» տեսնել երկրի առջև կանգնած վտանգը: Ձեզ, Վ. Մանուկյա՛ն, հույս էին տվել: Հիմա էլ են հույսով պահում, ու դուք «պարկեշտորեն» սպասում եք ու անընդհատ մատնում ձեր իրական արժեքը: Ճիշտ այնպես, ինչպես ձեզ նախկինում զորակցող դաշնակ առաջնորդ Վ. Հովհաննիսյանն էր «շփոթված արդարանում» հոկտեմբերի 27-ից հետո՝ 28-ին: Հիշու՞մ եք, նա ասում էր, որ իրենք՝ դաշնակները, դահլիճում չեն կրակել... 

Վերջաբան 

Այսքանը միայն փոքր տոկոսն է այն ինքնաոչնչացնող ատելության ու նախանձի, որի մեջ ապրում էինք ու շարունակում ենք ապրել: Ե՛վ Վազգեն Մանուկյանը, և՛ ՀՅԴ-ն, և՛ ՍԻՄ-ը, և՛ նրանց նման շատերը հիմա կառչել են Ռ. Քոչարյանից: Մեր «օբիժնիկների» իրական գինը միայն նա գիտի ու սրանց սանձել է: Լեգիտիմության այս «ջատագովներին» սանձել է ինքնահռչակ Ռ. Քոչարյանը: Տեղն է... 

Լևոն Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», No 331, փետրվարի 1, 2002 թ.,

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ