Օրերս ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հիասթափություն էր հայտնել հայ պաշտոնակցի` ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Նյու Յորքում իր վերջին հանդիպումից: ԱԺ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը «ՉԻ» հետ զրույցում մեկնաբանեց հայտարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի հետ բանակցելու նպատակը Մամեդյարովին գոհացնելը չէ:
- Այստեղ խնդիրն ուրիշ է, և ես մի կարևոր հանգամանք եմ ուզում առանձնացնել: Ադրբեջանում կան թյուրընկալումներ Հայաստանի օրակարգերի մասին, բայց Հայաստանը իր առջև հստակ խնդիրներ է դրել: Այս տարվա փետրվար ամսին անվտանգության խորհրդի նիստում ներկայացված է բանաձև, թե մենք ինչպես ենք պատկերացնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը: Մինչդեռ Ադրբեջանի կողմից եղել են հայտարարություններ, որոնք որևէ կերպ չեն նպաստում բանակցային նորմալ միջավայրի ձևավորմանը: Օրինակ, Զանգեզուրի, տարածքային ամբողջականության, թյուրքական աշխարհի միավորման միրաժների մասին հայտարարությունները, Նժդեհի անվան շահարկումը: Բնականաբար, նաև այսպիսի հակահայկական հիստերիան թույլ չի տալիս, որպեսզի ձևավորվի բանակցային նորմալ մթնոլորտ: Իսկ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Ադրբեջանում (իշխանությունների դեմ բողոքի ցույցեր, միտինգներ), ստիպում են Ադրբեջանի իշխանություններին ժողովրդին համախմբել և ուղղորդել, այսպես ասած, արտաքին թշնամու կերպարի դեմ, որը հին և փորձված մեթոդ է:
Մթնոլորտը լարված է, որովհետև Ադրբեջանում տեղի են ունենում սոցիալ- քաղաքական որոշակի գործընթացներ, և Հայաստանում հեղափոխությունը չէր կարող ազդեցություն չունենալ դրանց վրա: Ինչքանով Ալիևի ռեժիմը կկարողանա կերակրել սեփական ժողովրդին: Այդ պատճառով փորձ է արվում վերևից թելադրված բարեփոխումներ մտցնել Ադրբեջանում: Վերջերս ընդդիմությունը բռնության դեմ ցույցեր էր անում, սակայն այդ ցույցերը շատ դաժան կերպով ճնշվեցին, իսկ այդ առնչությամբ եղան հայտարարություններ ԵԽԽՎ-ից, որը այդ երևույթի վտանգավորության մասին մտահոգություն հնչեցրեց:
- Պարոն Ավետիսյան, ըստ ձեզ, Սիրիայի դեպքերը ինչպե՞ս կանդրադառնան Հայաստանի վրա:
- Սիրիայում կատարվածը ես հասկանում եմ իբրև ապրիլյան պատերազմի ուրվական: Այնտեղ էլ տեղի ունեցան դեպքեր, որոնք կասկածի տակ դրեցին անվտանգության ընդհանուր համակարգը: Սիրիայում իհարկե մի փոքր այլ էր, քանզի մենք տեսանք, որ այն նույն ջանասիրությամբ, որով մարտնչում էին տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնները, այժմ կա որոշակի համագործակցություն: Այսինքն՝ թուրքական այս արշավանքին համաձայն էր ԱՄՆ-ը, համաձայն էր Ռուսաստանը, որոշակի առումով համաձայն էր նաև Ասադը, որովհետև քրդերը իր համար էլ էին խնդիր, և ըստ էության քրդերը մենակ էին մնացել: Այս ամենը գլոբալ պայմանավորվածությունների հետևանք էր: Ընդամենը երկու կառույց արձանագրեցին, որ կան խնդիրներ: Դրանցից մեկը Եվրամիությունն էր, որը, ըստ երևույթին, հաշվի էր առել միգրանտների հոսքերը և դրանց հետևանքները: Մյուս երկիրը Իրանն էր, որը դատապարտել էր երևույթը: Որոշակի չափով կատարվածը դատապարտեց նաև Ռուսաստանը: Ես կարծում եմ, որ մեր պարագայում լարվածությունը չի փոխանցվի մեր սահմանագծին, քանի որ գլոբալ անվտանգության պայմանավորվածությունները այդպիսին են: Դրա հետ մեկտեղ, Ադրբեջանը նաև հասկանում է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը շատ լուրջ է: Եվ քանի որ գումարները ավելանում են, հնարավորություն է ընձեռվում բարելավել ու համալրել ռազմական բազան: Դրա համար, կարծում եմ, ավելորդ հուզականությունը այս առնչությամբ ավելորդ է, և պետք է շատ սթափ նայել իրավիճակին: Լարվածության մասին դատողությունները պետք է դիտարկել միայն պաշտոնական հարթության մեջ: Բանակում բարեփոխումներն ակնհայտ են թե՛ սննդի բարելավման, թե՛ ռազմական տեխնիկայի ներմուծման առումներով: Մենք կարող ենք փաստել, որ ունենք մարտունակ բանակ:
- Խոսվում է այն մասին, որ բյուջեի սղության պատճառով բանակը նոր զինտեխնիկայով հագեցնելու ուղղությամբ պաշտպանական համակարգի համար գումարներ նախատեսված չեն:
- Դա այնքան էլ այդպես չէ: Պաշտպանական ոլորտի համար կան բյուջետային ծախսեր, որոնք չեն երևում և չպետք է երևան: Դրանք ներկայացվում են այլ տողերով: Ինչպե՞ս կարող է պատերազմող կամ պատերազմական իրավիճակում գտնվող երկիրը լուրջ չվերաբերվել մարտունակությանը: Կա նաև ռազմավարական ծրագիր. կառուցելու ճանապարհ Գորիսի միջով: Սրանք ծրագրեր են՝ ուղղված պաշտպանական համակարգին, իսկ բանակի մարտունակության խնդիրը առաջնահերթայիններից է: Ուղղակի գաղտնիք չէ, որ որոշ անձինք այդ խնդիրը դարձնում են ներքաղաքական շահարկումների թեմա:
- Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին հայ-ադրբեջանական սահմանին կուտակումների, ինչպես նաև մի քանի տասնյակ երկրապահների առաջնագիծ մեկնելու մասին: Ի՞նչ կասեք այս մասին:
- Ճիշտն ասած, ես այդ մասին որևէ տեղեկություն չունեմ: Չկա նաև պաշտոնական պարզաբանում, այդ իսկ պատճառով չեմ կարող մեկնաբանել այդ տեղեկությունը:
Մելանյա Ծառուկյան