...

Անհույս պրոֆիլակտիկա ազգային քծնախտի դեմ

Անհույս պրոֆիլակտիկա ազգային քծնախտի դեմ

ԳԵԼՅՈՏԻՆ

Եթե մարդու որևէ օրգանը հիվանդ է, բժիշկները փորձում են բուժել: Եթե օրգանիզմն ամբողջովին փտած է, և ախտահարված են բոլոր օրգանները, բժիշկները խորհուրդ են տալիս դուրս գրել հիվանդին և հեռագիր տալ բարեկամներին: Նման ծանր հիվանդների համար, երբ ախտահարված են բոլոր օրգանները, բավական է մի աննշան վիրուս, որ օրգանիզմը մեռնի: Ազգերի համար կենսագործունեության օրգանները ժողովրդի տարբեր խավերն են. մտավորականությունն ուղեղն է, քաղաքական գործիչները՝ նյարդային համակարգը, աշխատավորությունը՝ ձեռքերը, երիտասարդությունը՝ պոտենցիան, չինովնիկությունը՝ ստամոքսաաղիքային տրակտը, և այլն: Եթե ազգ-օրգանիզմի վիճակն անհուսալի է, այսինքն՝ հիվանդ են բոլոր օրգանները, հիվանդին թույլ են տալիս ուտել սրտի ուզածը (զորօրինակ՝ բժշկական կոնսիլիումը ճանաչում է ցեղասպանությունը): Իսկ ուժասպառ օրգանիզմը վերջնականապես կործանող չնչին վիրուսի դերում կարող է հանդես գալ ցանկացած բասկետբոլիստ, որովհետև նրա ուժը ոչ թե սեփական հզորությունն է, այլ օրգանիզմի դիմադրողականության իսպառ բացակայությունը: Իսկ ի՞նչ վիճակում են մեր հասարակության տարբեր խավերը:

«ԱԶԳԱՅԻՆ» ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս խավը մեզանում, չգիտես ինչու, չի ցանկանում պալատական աշուղի պարարտ կարգավիճակից այն կողմ անցնել: Առաջին հայացքից թվում է՝ դե մարդիկ են, ինչ որ բաներ են գրում, ի՞նչ կարիք կա շողոքորթել իշխանություններին: Բայց պարզվում է՝ կա դրա կարիքը: Եվ նույնիսկ Հախվերդյան Ռուբիկն է պատրաստ համապատասխան վճարով բասկետբոլի մասին երգ հորինել: Մինչդեռ թվում էր՝ ինքը հաստատ դրա կարիքը չունի, ինքը Հախվերդյան Ռուբիկն է:

Եվ այս ամենի մեղավորն, ի վերջո, ժողովուրդն է: Ինչու՞: Որովհետև ժողովուրդը Պերճ Զեյթունցյան չի սիրում: Եթե սիրեր՝ Պերճ Զեյթունցյանը, օրինակ, ստիպված չէր լինի լպստել իշխանությունների՝ ամենևին էլ ոչ այդ նպատակի համար նախատեսված տեղերը: Դրա փոխարեն վիպակներ կգրեր ու նորմալ կապրեր: Բայց ժողովուրդը գիրք կարդալ չի սիրում, ու ազգիս մտավորական սերուցքը նախագահի ձեռքը շփոթում է Պեգասի սմբակի հետ:

«ԱԶԳԱՅԻՆ» ԱՅՐԵՐ

«Այր» բառը տվյալ դեպքում պայմանական է: Մարդկային այս տիպը՝ կոլոտ, մեծ փորով ու բջջային հեռախոսով, լավագույնս իր արտացոլումը գտավ ապրիլի 2-ի ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկման էր դրված բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման հարցը: Պայմանական այրերը, մտահոգված իրենց «օբյեկտների» ճակատագրով, պատրաստ էին սեղմել ցանկացած կոճակ (ընդհուպ մինչև իրենց կանանց ցանկացած կոճակ), միայն թե ազգընտիրն իրենց հացին «վայիս» չըլնի: Այդպես էլ եղավ: Ազգընտիրը շատ լավ գիտի, որ մեր պայմանական այրերը մտածում են բացառապես ստամոքսով («սեփական փորձը վկա»):

«ԱԶԳԱՅԻՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ

Համապատասխան բոյով-բուսաթով և նույնիսկ որոշակի «պրիչոսկա» ունեցող այս գոյացությունները այնքան «շուստրի» են, որ ժամանակ առ ժամանակ նախագահի նստավայրի դիմաց այրում են Հեյդար Ալիևի խրտվիլակը: Մեկը չկա՝ հարցնի. ախպեր ջան, եթե դեմ եք ազատագրված տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուն, ապա իմացած լինեք, որ այդ տարածքները Ադրբեջանին է վերադարձնում Ռոբերտ Քոչարյանը, որովհետև ստորագրել է «Ընդհանուր պետության» առաջարկները (այնտեղ պարզ գրված է, որ հայկական կողմը պետք է զորքերը դուրս բերի գրավյալ տարածքներից): Ինչու՞ չեք Հեյդար Ալիևի փոխարեն այրում Ռոբերտ Քոչարյանի խրտվիլակը: Թե՞ կոմսոմոլի ակտիվիստի գենն այնքան ամուր է նստած ձեր մեջ, որ ուտելու բնազդի առաջնայնությունն արդեն կասկած չի հարուցում: Ո՞նց եք հաջողացնում՝ այդքան ջահել լինել ու այդքան ազգային:

Մի խոսքով, բարեկամներին հեռագիր տալու ժամանակն է:

Գրիգոր Ոսկանյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 178, ապրիլի 6, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   511 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ