...

Հան­րա­յին խորհր­դի նա­խա­գա­հը կա­րող է «ծա­ռա­յութ­յուն» մա­տու­ցել մե­րօր­յա «ռո­ման­տիկ­նե­րին»

Հան­րա­յին խորհր­դի նա­խա­գա­հը կա­րող է «ծա­ռա­յութ­յուն» մա­տու­ցել մե­րօր­յա «ռո­ման­տիկ­նե­րին»

Հանրային քննարկումների օրակարգի «հրատապ ռեժիմում» հայտնված թեման այժմ էլ  Հանրային խորհդի նախագահ Վագեն Մանուկյանի պաշտոնանկության հարցն է: Նա, հիշեցնենք, այս պաշտոնում նոր իշխանության oրոք վերանշանակվել է ապրիլին` մինչ այդ էլ Սերժ Սարգսյանին կից ՀԽ նախագահն էր: Այնպես որ` ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը կարող է  ինքնամխիթարվել, քանի որ երկրում պաշտոնանկության ենթակա պոտնեցիալ թեկնածուների ցանկում ինքը միակը չէ և նույնիսկ ռեալ կոնկուրենտ ունի: Նկատենք, որ ի տարբերություն ՍԴ նախագահի, կառավարության խորհրդատվական մարմնի նախագահին  պաշտոնանկ անելու թեման օրակարգ է ներմուծվել ոչ թե իշխանության ձեռամբ, այլ  ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի, որը դրա վերաբերյալ համապատասխան  նամակով դիմել է ՀՀ վարչապետին: Բաբաջանյանն իհարկե այլ փաթեթավորում է տվել Մանուկյանին պաշտոնից ազատելու հիմնավորմանը` վկայակոչելով ՀԽ-ի մասին օրենքի պահանջն, ըստ որի  ՀԽ նախագահը պարտավոր է  քաղաքական չեզոքություն պահպանել, սկզբունք, որը Մանուկյանը ՀԽ նախագահ դառնալուց հետո քանիցս է խախտել:

Սակայն կայքերից մեկի հետ հարցազրույցում պատգամավորը որոշ փակագծեր է բացել և հօգուտ հիշյալ պաշտոնանակության` այլ ծանրակշիռ հիմնավորում բերել: Նա ամփոփելով օրերս հոկտեմբեր 27-ի ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ հանդիպման  զույցից բովանդակությունը, նշել է, թե  «Վազգեն Մանուկյանը, ի շարս այլոց, որոնց անունը ես դեռ չեմ տա, ուղղակի մասնակցել են նրա /Հունանյանի-խմբ./ իրագործած ոճիրի, նրա ցանկությունների, պատկերացումների ձևավորմանը»:  

«Ես չեմ կարող ասել, նա նրան ուղղորդել է կամ մղել է այդպիսի հանցագործության, բայց վստահաբար կարող եմ ասել, որ նա նրա ցանկությունները, պատկերացումները  ինչ որ իմաստով գծագրել, ձևավորել, ամբողջացրել է, որը ի վերջո հանգեցրել է այդպիսի ահաբեկչական ակտի»,- ասում է Բաբաջանյանը:

Վերջինս  նաև ենթադրում է, որ 96-ից հետո նաև անձնական դրդապատճառներով Մանուկյանը քաղաքական վենդետա է պլանավորել և իր գլխավոր հակառակորդ համարել է Վազգեն Սարգսյանին: Դրա մասին, ըստ պատգամավորի,  վկայում են նաև Մանուկյանի ղեկավարած ԱԺՄ-ի պաշտոնաթերթ «Այժմ» թերթում տեղ գտած մի շարք հրապարակումներ, որոնցում Վ. Սարգսյանը ներկայացվում էր որպես երկրի զարգացման թիվ մեկ թշնամի: Պատգամավորի նամակի ուղերձն այն է, որ  իշխանության ներսում, ՀԽ նախագահի պաշտոնում նշանակվել է մի անձ, «որը երկրորդական դեր չի խաղացել Նաիրի Հունանյանի նպատակադրման իրագործման հարցում»:

Հիշեցնենք, որ հենց Մանուկյանն էր, որ այդ ոճրագործությունը որակեց որպես մի խումբ ռոմանտիկների կողմից իրագործված ակտ` այսպիսով բացառելով, որ այդ ոճրագործությունը գուցե իրականացվել է իջեցված «քաղաքական պատվերի» շրջանակներում: Բաբաջանյանն իր այս նախաձեռնությամբ, ենթադրաբար, հաշվի առելով Մանուկյան քաղաքական գործչի անցած ուղին և որակները, մեսիջ է հղում,  որ լինելով իշխանության ներսում նա այժմ էլ կարող է  երկրորդ հոկտեմբերի 27 կազմակերպելու գաղափար ներշնչել գործող իշխանությանը «ՀՀ զարգացման թշնամի» համարող մերօրյա  «ռոմանտիկներին»:  Նկատեք, որ այս ամենն ընդամենը ենթադրություն է` հիմնված սուբյեկտիվ եզրահանգման վրա:   

«Վազգենյան» լյուստրացիա 

Այն, որ ի դեմս Վ. Մանուկյանի ունենք գործիչ, որը, «նայած հանգամանքների», կարող է ինչպես «կատաղել», այնպես էլ հանուն ամբիցիաների լիզել իր թքածն, ավելին` համբուրել այն ձեռքը, որը  կտրելու անհրաժեշտության մասին էր խոսում նախկինում, ապացուցում են  վերջինիս արած մի շարք հայտարարություններ: Նա մարտի 1-ի սպանդով ավարտված նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ` 2007-ի Աժ ընտրությունների ժամանակ ահա այսպես էր արտահայտվել «երեկոյան բանասիրականն ավարտած» Սերժ Սարգսյանի մասին. «Ովքեր նախագահական ընտրություններին քվեարկելու են Սերժ Սարգսյանի համար, նրանք քվեարկելու են պատերազմի համար: Եթե 2008թ. Սերժ Սարգսյանը դառնա նախագահ, ապա ՀՀ-ում կլինի այնպիսի մոնոպոլ իշխանություն, որ դեռ չի եղել: Կլինի այս նույն վիճակի շարունակությունը. նույն ձևի կեղծիքներ, նույն կոռուպցիան: ՀՀ-ն տանուլ կտա Անդրկովկասում»:

Կյանքը ցույց տվեց, որ Վ. Մանուկյանը  հոյակապ կանխատեսող է` Սարգսյանի պահով, սակայն այսքանով հանդերձ նա չխորշեց մոտ 9 տարի (2009-ի մարտից) տեղավորված մնալ «Էրեբունի պլազայի» իր հարմարավետ կաբինետում և լինել  մոնոպոլ իշխանության ղեկավարի  կցորդ մարմնի ղեկավարը: Իսկ որ էլ ավելի հատկանշական է`ՀԽ նախագահը, ի թիվս այլոց, մասնակցելով նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանի առաջարկությամբ կայացած հանդիպմանը,  որի ընթացքում էլ կայացվել էր Սերժ Սարգսյանի համար դժվարին ու ճակատագրական` հրաժարականի մասին որոշումը, այդ հրաժարականից մեկ ժամ  հետո  նա Սարգսյանի հեռացումը նշում էր ժպիտով ու կոնյակով լի բաժակով: Երախտիքի բացառիկ դրսևորում է, ինչ խոսք:  Հավելենք նաև, որ  այդ պատմական փաստից  օրեր առաջ ԱԺՄ նախագահը հյուրընկալվելով հաղորդումներից մեկին, թերագնահատել էր  «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժումը և խորհուրդ էր տվել երիտասարդներին զգուշանալ «անօգուտ պայքարից կոտրվելուց»` Ս. Սարգսյանի հնարավոր հրաժարականը որակելով անհավատալի մի բան:

Հուսանք` Մանուկյանն  իր հրաժարականին  ևս չի վերաբերվում որպես հերթական «անհավատալի բանի» և հրաժարական տալուց առաջ Հ. Թովմասյանի պես «դալգաիգրայուշչի»  դիմադրություն չի ցուցաբերի: Հատկապես, որ արդեն հայտարարել է, որ եթե Փաշինյանը չցանկանա աշխատել իր հետ` ինքը հրաժարական կտա:  

Հեղինե Մանուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ