...

Հայտնի է 2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը

Հայտնի է 2019 թ.-ին ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի դափնեկիրը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում այսօր կայացել է Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկրի ներկայացման մամուլի ասուլիսը: Ասուլիսի բանախոսներն էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, մրցանակաբաշխության կոմիտեի նախագահ Հակոբ Արշակյանը, մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

Ինչպես հայտարարվեց մամուլի ասուլիսին՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի 2019 թ.-ի դափնեկիրն է «Origami World» տեսություն հիմնադիր, «վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր Տակեո Կանադեն:
«Այս տարի լրանում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության 10 տարին: Սա յուրօրինակ առաջնորդություն է այս ոլորտում՝ ունենալ ՀՀ պետական մրցանակ և դա հանձնել աշխարհում տեխնոլոգիական ոլորտի այնպիսի հսկաներին, ովքեր աշխարհն իրենց ստեղծագործությամբ փոխել են, ովքեր, կարելի է ասել, սկսել են զրոյից, ունեցել են միտք, դա զարգացրել և մարդկությանը հնարավորություն են տվել օգտվելու այն տեխնոլոգիաներից, որոնք մեր կյանքը էլ ավելի են հեշտացնում», - ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

«ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխությունը 10 տարեկան է և այս ամբողջ ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը նախաձեռնության կողքին է եղել: Դժվար է գերագնահատել այն ազդեցությունը, որն այս մրցանակը թողել է Հայաստանում տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման վրա: Այս ազդեցությունն արժեհամակարգի, մտածողության հարթության վրա է. մեր ՏՀՏ հանրությունն ու ուսանողները հյուրընկալում են բացառիկ անհատականությունների, կենդանի լեգենդների, ում ստեղծագործ միտքը հեղափոխական խթան է հաղորդել աշխարհի տեխնոլոգիական զարգացմանը՝ ՏՀՏ ոլորտը հասցնելով որակապես նոր մակարդակի: Պետք է փաստել, որ այսօրվա աշխարհում քիչ են տեխնոլոգիական այնպիսի նվաճումները, որոնք իրապես նոր խոսք են և Հայաստան այցելած այս համաշխարհային հսկաները հենց այդ նորը ստեղծած մարդիկ են: Նրանց հետ հանդիպելով ու շփվելով՝ մեր երիտասարդները կենդանի օրինակով տեսնում են, թե ինչպես է պետք ձգտել ապրել. հավատալ սեփական ուժերին, աշխատել օր ու գիշեր, քայլել սեփական, այլ ոչ թե՝ ուրիշի տրորած արահետով, ու գրավել այնպիսի բարձունք, որտեղ ժամանակակիցներից որևիցե մեկը դեռևս ոտք չի դրել»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Մրցանակը հիմնվել էր 2009թ-ին, և այս տարի 10-րդ մրցանակակրին ենք ունենալու Հայաստանում: Արդեն երկրորդ տարին է, որ մրցանակը տրվում է որպես ՀՀ պետական մրցանակ: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրումների համար ՀՀ պետական մրցանակի 2019թ-ի դափնեկիրը դոկտոր Տակեո Կանադեն է, ով Կարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսություն հիմնադիրը,  ինչպես նաև  «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծողն է: Կանադեին մրցանակի շնորհման նախաձեռնության հեղինակը Ճապոնիայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանն է», - ասել է Մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ պետական մրցանակը հիմնվել է 2009թ. հուլիսի 6-ին և յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ (տեխնոլոգիական, կրթական, ձեռնարկատիրական և ֆինանսական) կատարած հեղինակավոր անհատի, ում ավանդը ՏՏ ոլորտում բերել կամ բերում է հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների։ Այդ ներդրումները կարող են ունենալ տարբեր դրսևորումներ։

Այս տարի տրվող մրցանակը թվով 10-րդն է։ Մրցանակը բաղկացած է Հայաստանը և բարձր տեխնոլոգիաները խորհրդանշող ոսկե մեդալից և հուշախորհրդանիշից:

Մրցանակաբաշխությունն իրականացվում է կազմակերպչական կոմիտեի, իսկ մրցանակակրի ընտրությունը` միջազգային հանձնաժողովի կողմից:

Նախորդ տարիների մրցանակակիրներն են՝ «Intel» կորպորացիայի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Քրեյգ Բարրետը, «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնիակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ, «Ֆեդերիկո և Էլվիա Ֆաջին» հիմնադրամի նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը, «Hitachi» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն, «Cisco Systems» զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան, «Kaspersky Lab»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին, ինտերնետի նախահայրերից մեկը, «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը, «Nest Labs» ընկերության հիմնադիր, «IPod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը և «National Instruments» ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ