...

Ի՞նչ է այսօր խոսելու ընդդիմությունը և ի՞նչ է վաղը անելու Նիկոլ Փաշինյանը

Ի՞նչ է այսօր խոսելու ընդդիմությունը և ի՞նչ է վաղը անելու Նիկոլ Փաշինյանը

«Կան ռիսկեր, որ Հայաստանի համար վտանգավոր փաստաթուղթ կարող է ստորագրվել։ Մենք լսում ենք, որ Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը հիմնականում բավարարել են հայկական կողմին։ Հայաստանի իշխանություններն արձագանքել են այդ առաջարկներին՝ լրացնելով դրանք։ Մեր տեղեկություններով, լրացումը չի մտցնում այնպիսի հստակություն, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքների իրացումը, մեր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովումը և խաղաղ մթնոլորտը, որը թույլ է տալիս խաղաղության պայմանագիր ստորագրել»,- News.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը։

Հենց այս տեղեկատվության տիրապետումն ու ինչ-որ բանի ստորագրումը կանխելը դրված է խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքի օրակարգում։ Եթե այն մարդաշատ լինի, հնարավոր է ընդդիմությունը ինչ-որ գործընթաց սկսի՝ բացառապես իշխանափոխության օրակարգով։ Իհարկե դա կմատուցվի, թե փորձում են փրկել Հայաստանն ու Արցախը։ Չի բացառվում, որ որոշ մարդիկ հենց այս համոզմունքով էլ ներկա լինեն հրապարակում, ինչու ոչ՝ նաև հարթակում։ Իսկ եթե սպասվածից ավելի քիչ հավաքվեն, կսկսվեն խոսակցությունները, թե հասարակության համար մեկ է որևէ փաստաթղթի ստորագրում, որ նրան այլևս չի հետաքրքրում Արցախի ճակատագիրն ու Հայաստանի ապագան։ Հարց է առաջանում՝ մասնակցե՞լ հանրահավաքին, թե՞ ոչ։ Այս իրավիճակում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինքը պետք է որոշի՝ գնո՞ւմ է հրապարակ, թե՞ ոչ։ Բայց մի բան մեզ համար հստակ է՝ ընդդիմությունն իր այսօրվա լիդերներով չի կարող հեղափոխական տրամադրություններ առաջացնել, որովհետև դրա համար իրենց հեղինակության բազան բավարար չէ, բացի այդ էլ, կրիտիկական զանգված հավաքելու բոլոր ժամկետներն այլևս անցել են։ Սրան գումարվում է այն, որ հասարակությունը դեպրեսիվ ապատիայի փուլում է։ Նրան չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում իր շուրջը, ով ինչի համար է պայքարում և այլն, և այլն։ Իսկ հասարակության այն հատվածը, որը պատասխաններ է փնտրում, չի ակնկալում դրանք լսել գործող իշխանություններից կամ ընդդիմությունից։ Ինչո՞ւ, որովհետև երկուսին էլ «գործի մեջ» տեսել է։ Բոլոր դեպքերում հետաքրքիր է՝ ի՞նչ է այսօր խոսելու ընդդիմությունը և ի՞նչ է վաղը անելու Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում։ Գուցե հետաքրքիր բառը տեղին չէ մեր իրավիճակում, բայց պետք է հուսալ՝ միաժամանակ պատրաստ լինելով ամենածանրին։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1061 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ