...

Ինչո՞ւ է «Կրթվելը նորաձև է»-ն դարձել Նիկոլ Փաշինյանի հիմնական զբաղմունքը

Ինչո՞ւ է «Կրթվելը նորաձև է»-ն դարձել Նիկոլ Փաշինյանի հիմնական զբաղմունքը

Ինչո՞ւ սկսվեց «Կրթվելը նորաձև է» շարժումը, ինչո՞ւ կարճ ժամանակ անց այն դարձավ մեր հանրային կյանքի գրեթե ամենաքննարկվող թեման, և ինչո՞ւ հանրության մեծամասնությունը, մեղմ ասած, չսիրեց այդ շարժումը։ Մի կողմ թողնենք ամենատարածված գնահատականները՝ «մեկն էլ լինի՝ ձե՛զ կրթի», «ձեզանի՛ց սկսեք», «դուք ձեր տգետ հալով ու լկտի բառապաշարով ուրիշներին ո՞նց եք կրթելու», և այլն։ Իրականում «Կրթվելը նորաձև է» շարժման գրեթե համընդհանուր մերժումն ավելի խորքային պատճառներ ունի։

Առաջին ու թերևս հիմնական պատճառն այն է, որ այդ շարժումն իրականում որևէ կապ չունի կրթվելու հետ, և այդ կեղծիքն ուղղակի աչք է ծակում։ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ հետ ընդամենը փորձում է գեղեցիկ ձևակերպումներով հիմնավորել, որ իր օրոք մեր գլխին իջած պատուհասների պատճառը ոչ թե իր տգետ արկածախնդրությունն է, այլ ժողովրդի անկրթությունը կամ «սխալ կրթությունը»։ Այլ կերպ ասած՝ հարյուրամյակներ շարունակ մեր ժողովուրդը «անորակ» է եղել («մենք մեր երկիրը չենք սիրել, դրա համար էլ սահմանամերձ շրջանները դատարկ են», «Շուշին դժբախտ-դժգույն քաղաք էր», «11 հազար դասալիք և 600 հազար պոտենցիալ դասալիք տղամարդիկ», «մենք ճանապարհ սարքել չգիտենք, մենք շենք սարքել չգիտենք», «աղքատությունը մեր գլխներում է» և այլն), և ահա ինքը, որպես մեծ ռեֆորմատոր, որոշել է բարձրացնել մեր ժողովրդի որակը, պարզապես մեր նախկին տգիտության համար չափազանց մեծ գին ենք վճարել (որի համար ինքը նույնքան պատասխանատվություն է կրում, որքան ցանկացած այլ շարքային քաղաքացի, որովհետև անձամբ ինքն էլ է շարքային տգետ եղել)։

Այս շարժումը շատ շահեկան է նաև նախընտրական քարոզչության առումով։ Նիկոլ Փաշինյանին դա հնարավորություն է տալիս ոչ պաշտոնական նախընտրական քարոզչություն իրականացնել, ընդ որում՝ ոչ բյուջեի հաշվին, ոչ սեփական գրպանի (հիմնականում՝ «հաջողակ տղամարդկանց նվիրաբերած գումարներով»)։ Հանդիպումների ֆորմատն էլ իր հերթին է լայն հնարավորություններ բացում։ Դա թույլ է տալիս կազմակերպել փակ հանդիպումներ, որտեղ պատահական մարդիկ չեն լինում, հավաքվում են կամ իր կողմնակիցները, կամ նրանք, ովքեր դեմ չէին լինի իր հետ միասին հայտնվել նույն դահլիճում՝ հետագայում դա «կապիտալիզացնելու» հույսով, այսինքն՝ նույնպես իր պոտենցիալ հենարանն են։ Սրանք էլ իրենց հերթին պիտի աղանդների սկզբունքով տարածեն «նորաձև կրթվելու արդյունքում յուրացրած գաղափարները»՝ այդպիսով մեծացնելով այն մարդկանց թիվը, որոնք կհամարեն, որ Նիկոլը մեղավոր չէ, «անորակ ժողովուրդն» է մեղավոր։

Շարժումը Նիկոլ Փաշինյանի համար շահեկան է նաև մեկ այլ առումով․ դրանով նա փաստորեն կատարում է Ալիևի՝ «Հայաստանը դենացիֆիկացնելու» պահանջը, որովհետև «նորաձև կրթվելու» ընթացքում, հատկապես «անցյալը վերանայելու» դրվագներով, հիմնականում բարձրաձայնվում են բոլոր այն թեզերը, որոնք Ադրբեջանը (իսկ ավելի վաղ՝ Թուրքիան) քարոզում էին տասնամյակներ շարունակ։ 

Պարզ ասած՝ «Կրթվելը նորաձև է» շարժումն իշխանությունների համար միանգամից մի քանի խնդիր է լուծում։ Հայաստանի գլխին իր բերած աղետների մեղավոր է կարգում ժողովրդին, օգնում է շատ էֆեկտիվ քողարկված նախընտրական արշավ իրականացնել, և դուր է գալիս Թուրքիային ու Ադրբեջանին։ Իսկ սրանք Նիկոլ Փաշինյանի երեք կարևորագույն նպատակներն են՝ խուսափել արածների համար պատասխանատվությունից, առաջիկա ընտրություններում վերընտրվել և «բարեկիրթ հարևաններին» չբարկացնել։

Հետևաբար՝ պետք չէ զարմանալ, որ նա, բանուգործ թողած, «Կրթվելը նորաձև է» շարժումով է ապրում։ Դրանից ավելի կարևոր ի՞նչ ունի անելու։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   351 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ