...

Միշտ պատրաստ 11-րդ բանակին ողջունելու

Միշտ պատրաստ 11-րդ բանակին ողջունելու

ՊԱՏՄԱՆԵՆԳՈՒՄՆԵՐ

Ինչ ուզում եք ասեք, բայց մենք անհասկացող ժողովուրդ ենք, չափազանց անհասկացող: Մենք սկզբունքորեն չենք ցանկանում հասկանալ, որ պատմական տրամաբանությունը մի փոքր տարբերվում է քուչի կամ խոհանոցի տրամաբանությունից: Ոչ մի կերպ մենք չենք ցանկանում ընկալել, որ քաղաքական գործիչները երեկ և այսօր առաջնորդվում են կոնկրետ քաղաքական շահերով: Երևի արժի բերել մեկ-երկու օրինակ: Այսպես՝ քննենք, օրինակ, Արա Գեղեցիկի և Շամիրամի առասպելը:

Այդ ժամանակաշրջանի մասին հազարավոր աշխատություններ են գրված: Հազարավոր հետազոտողներ մանրամասնորեն վերլուծել են Ասորեստանի կողմից Հայաստանի նվաճման պատճառները, առիթը, ընթացքը: Կապում էին եվրոպական քաղաքակրթությունների զարգացման, Ասորեստան-Եգիպտոս հարաբերությունների և Աստված գիտի՝ էլ ինչի հետ: Եվ միայն հայերս ենք այդ ամենը արդեն երեք հազար տարի համառորեն վերածում սիրավեպի ժանրի:

Ի դեպ, եթե փորձենք վերլուծել առասպելը, ապա կպարզենք, որ Ասորեստանի առաջարկը (ի դեպ, Շամիրամն ու Արան ժամանակագրությամբ չեն համընկնում) քաղաքական իմաստով ավելի քան ձեռնտու էր Հայաստանին: Իսկ հրաժարվելով այդ առաջարկից երկիրը կորցրեց ոչ միայն իրեն պատկանող տարածքների ուղիղ կեսը, այլև փաստական անկախությունը: Ինչ վերաբերում է դավաճանել-չդավաճանելու պատճառաբանություններին՝ այն ժամանակ ավելի քան զվարճալի կարող էին թվալ՝ հաշվի առնելով, որ հեթանոսական ժամանակաշրջանում դա բարոյական նորմ չէր:

Սակայն, կարծում եմ, այս թեև խոսուն, բայց, ավաղ, առասպելական օրինակը բավարար չէ մեր ազգային միամտությունը նկարագրելու համար: Հարցրեք ցանկացած դպրոցականի՝ ինչո՞ւ էին մոտակա հինգ հազար տարվա ընթացքում մեր վրա հարձակվում և ձեզ կպատասխանեն շշմեցուցիչ պարզությամբ՝ որովհետև նրանք վատն էին, իսկ մենք լավն էինք: Ճիշտ է, պարբերաբար հայ ժողովրդին համակում էր ինքնախարազանման տենդը, և ձևակերպումը փոխվում էր: Այժմ այն հնչում է՝ նրանք վատն են, իսկ մենք՝ ավելի վատը:

Այսպես, մոտ հազար տարի առաջ Արիստակես Լաստիվերցին խիստ յուրօրինակ էր բացատրում Կարսի գրավումը: Պարզվում է, որ թուրքերը քաղաքը գրավել են ոչ թե իշխանությունների կառավարելու անընդունակության պատճառով, ոչ էլ այն պատճառով, որ բանակը կազմալուծված էր: Հայ պատմիչը խորիմաստորեն եզրակացնում է՝ ժողովուրդն էր վատը: Անառակ էին, առևտրական, ամբարտավան:

Եթե չեմ սխալվում հազար տարի հետո Վազգեն Մանուկյանը փորձում էր բացատրել իր վարչապետության ֆիասկոն անհրաժեշտ որակի ժողովրդի բացակայությամբ: Նույն կերպ պրիմիտիվ հայ պատմիչները բացատրում էին նաև այլ քաղաքական անցքերը: Ավելին, կառուցվում էր նման աբսուրդ տրամաբանությամբ մի ամբողջական շղթա: Այսպես, Պարսկաստանը չորրորդ դարում հարձակվեց Հայաստանի վրա: Ինչո՞ւ հարձակվեց, որովհետև մենք վատն էինք: Հետո գերեցին թագավորին: Որովհետև թագավորն ավելի վատն էր, քան մենք բոլորս: Իսկ ինչո՞ւ էր վատը: Որովհետև միաժամանակ երկու կին էր պահում (խոսքը Արշակ II-ի մասին է): Բնականաբար, այս պարագայում պարսից թագավորը գրեթե փրկարար էր թվում:

Արդիականացնենք Փավստոս Բուզանդի այս հանճարեղ միտքը: Ղարաբաղը այսպես թե այնպես մնալու է Ադրբեջանի կազմում: Ո՞վ է մեղավոր: Դիվանագետնե՞րը: Չի կարող պատահել: Նախագա՞հը: Աստված հեռու պահի: Մեղավոր ենք, ինչպես միշտ, մենք բոլորս, որովհետև բավարար չափով սատար չենք կանգնել մեր սիրելի նախագահին, մեղավոր են, բնականաբար, նախկին հանցավորները, որ ժամանակին չեն ֆայմել բանտից ազատել ընկեր Վահանին:

Կամ, ասենք, ինչու սպանեցին Պապ թագավորին: (Ի դեպ, Պապին սպանել են ոչ թե հույները, ինչում արդեն 1700 տարի է փորձում ենք համոզել համաշխարհային հանրությանը, այլ մերոնք): Այո, ինչու՞ սպանեցին Պապ թագավորին: Հնարամիտ Փավստոս Բուզանդն այստեղ էլ ունի մշտական պատասխան: Թագավորը վատն էր: Ավելին, թագավորը սատանա էր: Այդքանից հետո, հետևելով պատմիչի տրամաբանությանը, պետք է միայն ուրախանալ դիվահար թագավորի սպանությամբ:

Ա՜յ քեզ բան, 1700 տարում ոչինչ չի փոխվել: Չէր ասում, արդյոք, Պարույր Հայրիկյանը, որ Նաիրի Հունանյանի միակ մեղքը փաստորեն այն է, որ թույլ չտվեց, որ Միասնություն դաշինքն ապացուցի իր սնանկությունը: Ինչ է այս ամենը՝ անկապ տեսական եզրահանգումներ: Ոչ՝ քաղաքական մանկամտության արդյունքը սեփական երկրի հանդեպ վնասարարությունն է, ժողովրդին կեղծ ուղիով առաջնորդելը և որպես արդյունք ցանկացած օկուպանտի առաջ ծաղիկներ փռելը, ցանկացած 11-րդ բանակին ողջունելը:

Դ. Գրիգորյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 182, ապրիլի 13, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   431 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ