...

Մտավախություն կա, որ կոռուպցիայի դեմ պայքարը չդիտարկվի միայն կաշառակերության դեմ պայքար

Մտավախություն կա, որ կոռուպցիայի դեմ պայքարը չդիտարկվի միայն կաշառակերության դեմ պայքար

Պատգամավորները՝ հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին

Երկու օր առաջ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հինգ անդամների: Կառավարությունը ներկայացրել էր Լիլիթ Ալեքսանյանի, «Իմ քայլը»՝ Էդգար Շաթիրյանի, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ Նարեկ Համբարձումյանի, «Լուսավոր Հայաստան»-ը՝ Հայկուհի Հարությունյանի, և Բարձրագույն դատական խորհուրդը՝ Արամայիս Փաշինյանի թեկնածությունները: Որքանո՞վ արդյունավետ կլինի նորաստեղծ հանձնաժողովի գործունեությունը, կարդարացնի՞ իր առաքելությունը, այս առնչությամբ լսել ենք ԱԺ պատգավորների տեսակետները:

Ըստ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի՝ «Տարիներ շարունակ նման հանձնաժողովները չեն գործել, քանի որ նախկին իշխանությունը կամք չի դրսևորել կոռուպցիայի դեմ պայքարելու համար: Նոր իշխանությունը նոր մեխանիզմներով է պայքարելու և արդյունավետությունը առավել քան դրական է լինելու»: «Լուսավոր Հայաստան»-ից Անդրանիկ Խաչատրյանը կարծում է՝ «Հակակոռուպցիոն հանձնաժողովը նոր գործիքակազմով է աշխատելու և այն կոնսենսուսը, որ թեկնածուները առաջադրված են խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերի կողմից, հույս է ներշնչում, որ հիմա գոնե իրավիճակը այլ կլինի»: 

Արման Բոշյան. «Իմ Քայլը» խմբակցություն

- Իմ խորին համոզմամբ նմանատիպ խնդիրները լուծվում են քաղաքական կամքի առկայության դեպքում: Նախկին իշխանությունը այդ կամքը չուներ, և այդ խնդիրը չէր առաջադրել ինստիտուտների առջև, որպեսզի նրանք իրականացնեին օրենքով իրենց վերապահված լիազորությունները: Կարելի է ասել, որ այդ մարմինները անգործության էին մատնված: Այսօր արդեն կա քաղաքական կամք՝ ունենալու իրականում աշխատող ինստիտուտներ, համակարգեր, որոնք կծառայեն այն նպատակին, որը դրված է իրենց առջև:  Այստեղ ես կցանկանայի առանձնացնել այսօրվա կառավարության և իշխող կուսակցության քաղաքական կամքի առկայությունը:

- Պարոն Բոշյան, հակակոռուպցիոն հանձնաժողովի առաջադրված թեկնածուները ըստ էության իրենց ելույթներում  չկարողացան պարզաբանել, թե ինչը կարելի է համարել կոռուպցիա, ինչը՝ ոչ:  

- Այստեղ հարցը ոչ թե գիտական ձևակերպումների մեջ է, թե ով ինչպես է հասկանում կոռուպցիայի մեկնաբանությունը կամ տերմինի հետ կապված, այլ՝ իրենց առաքելության գիտակցումն է և այն առաջնահերթությունների գիտակցումը, որի համար իրենք գործուղվում են այդ գործառույթները իրականացնելու: Կարծում եմ, որ բոլոր հինգ թեկնածուները իրապես հասկանում են, թե ինչ կարևորագույն ինստիտուտ են կայացնելու և ինչ կարևորագույն խնդիրներ են լուծելու մեր պետության և պետականության համար:

Տարոն Սիմոնյան. «Լուսավոր Հայաստան»

- Իրականում միշտ էլ առկա է ռիսկի գործոնը: Այս պարագայում մի քիչ այլ է, որովհետև ընդդիմությունը հնարավորություն ունեցավ իր ներկայացուցիչն ունենալ այդ հանձնաժողովում, ինչը արդեն զսպող մեխանիզմ է: Սակայն միայն փաստը, որ ընդդիմությունն ունի ներկայացուցիչ, կարծում եմ բավարար չէ: Ավելին՝ հանձնաժողովի անդամները արդեն անկախ են ու պետք է սեփական գիտելիքներով առաջնորդվեն: Ճանաչելով այդ անձանց՝ կարող եմ ասել, որ նրանց գիտելիքները բարձր մակարդակի են և իրենք իրենց արհեստավարժ մասնագիտական կարողություններով թույլ չեն տա, որ կախվածություն լինի: Նրանցից երկուսին անձամբ են ճանաչում: Հետագան ցույց կտա, թե ինչ արդյունավետությամբ են աշխատում:  Համենայնդեպս քաղաքական կամք է դրսևորվել և հայտարարվել է, որ հակակոռուպցիոն մարմնի աշխատանքներին  միջամտություն չի լինելու, և պայքարը իրական է լինելու, ոչ թե թվացյալ: Միակ մտավախությունը, որ ես հիմա ունեմ, այն է, որ կոռուպցիայի շատ դրսևորումներ մարդիկ չեն ընդունում որպես կոռուպցիա, զորօրինակ՝ ֆավորիտիզմը, երբ աշխատանքի են ընդունում մարդուն, ում  ճանաչում են՝ ծանոթ-բարեկամ տրամաբանությամբ ու մոռանում են, որ պետք է ընտրեն որակյալ մասնագետներ: Սա ևս կոռուպցիոն դրսևորում է: Շատ է խոսվում կաշառակերության մասին՝ փողի միջոցով կոռուպցիայի, և կոռուպցիան նույնացնում են կաշառակերության հետ, բայց կաշառակերությունը կոռուպցիայի պարզապես մի դրսևորումն է: Մինչդեռ կան այլ դրսևորումներ ևս: Իմ միակ մտավախությունն այն է, որ հանկարծ այս իշխանության համար կոռուպցիայի դեմ պայքարը չդիտվի որպես կաշառակերության դեմ պայքար:

Ռուստամ Բաքոյան. «Լուսավոր Հայաստան» 

- Գաղտնիք չէ, որ կոռուպցիայի մեջ թաթախված իշխանություններն են ցանկացել պայքարել կոռուպցիայի դեմ: Նոր կառավարությունը նման խնդիր չունի և իր առջև դրել է կոռուպցիայի դեմ պայքարելու առաջնահերթություն՝ բացահայտելու կոռուպցիոն երևույթները: Կարծում եմ հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքը բավականին արդյունավետ է լինելու, որովհետև նրանց աշխատանքի հիմքում ընկած է լինելու բարեխղճությունը: Մարդիկ պատրաստակամություն են հայտնել, որ այդ հանձնաժողովում կարող են իրենց գործառույթներն իրականացնել, մենք վստահել ենք իրենց և հավատացած եմ, որ իրենց վերապահված գործառույթը պատասխանատվությամբ կիրականացնեն:

Մելանյա Ծառուկյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ