...

Նոր օրենքով փորձ է արվում ՏԻՄ-երին ենթարկել պետական իշխանությանը

Նոր օրենքով փորձ է արվում ՏԻՄ-երին ենթարկել պետական իշխանությանը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական փոփոխությունների փաթեթը։ Առաջարկվում է 4 000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայնքներում սահմանել ՏԻՄ համամասնական ընտրություններ, որին մասնակցելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները:

Թեմայի շուրջ «ՉԻ»-ը զրուցել է «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ նախագահ Վահան Մովսիսյանի հետ:

- Պարոն Մովսիսյան, ՏԻՄ-երի ընտրական կարգում փոփոխություններ են սպասվում: Արդյոք փոփոխության կարիք կա՞, և նոր օրենքն արդյունավետ կդարձնի՞ ՏԻՄ-երի կառավարումը:

- Նախ, մի կարևոր բան պետք է հասկանանք՝ ինչպես ենք ուզում տեսնել մեր տեղական ինքնակառավարումը: Այսինքն՝ ինչ տարածքի վրա ենք ուզում տեսնել տեղական ինքնակառավարումը, ինչպես պետք է լինեն համայնքներն իրենց բնակչության թվով, բնակավայրերի քանակով: Խոսքը միավորման մասին է՝ առանձին փոքր համայնքներ ենք պատկերացնո՞ւմ, թե՞ խոշոր և ուժեղ:

Երկրորդ, պետք է փորձենք հասկանալ խոշոր համայնքների դեպքում ինչ ապակենտրոնացում ենք պատկերացնում, ինչ լրացուցիչ լիազորություններ, ֆինանսներ ենք պատրաստ հատկացնել տեղական ինքնակառավարմանը: Ընտրական համակարգն ուղղակի կապված է տիրույթի չափից և բնակչության թվից: Շատ դժվար է գտնել մեկ երկիր, որտեղ 1 մլն բնակչություն ունեցող համայնքում իրականացվի ուղղակի ընտրություններով ավագանի:

Այդպիսի պետություն չկա: Միաժամանակ, եթե պատկերացնում ենք, որ համայնքները պետք է լինեն փոքր, օրինակ, 10 000-15 000 բնակչությամբ, այս դեպքում հարց է առաջանում, թե ինչ մոդելով պետք է լինի համայնքի ղեկավարի ընտրությունը: Եթե մտածում ենք համամասնական ավագանի ձևավորել կուսակցական ցանկով կամ դաշինքներով, ապա հասկանում ենք, որ ավագանին պետք է լինի բավական մեծ տիրույթի համար: Այսինքն՝ փոքր տիրույթում կուսակցությունները շատ դժվար են կարողանում աշխատել: Լա՞վ է թե՞ վատ, որ օրենքը փոխում ենք և դարձնում համամասնական ընտրակարգով: Միանշանակ լավ է: Ինչու, որովհետև այդ ավագանին կունենա քաղաքական պատասխանատվություն, ոչ թե կուսակցական պատասխանատվություն: Սրանք տարբեր բաներ են, որովհետև մեր երկրում քաղաքականությունն ու կուսակցականությունը ասոցացվում են միմյանց հետ: Սակայն, քաղաքականությունը միայն կուսակցականությունը չէ:

- Օրենքի փոխված դրույթում համամասնական ընտրությունները լինելու են բազմաբնակավայր համայնքներում: Այսինքն՝ ստացվում է, որ միայն խոշորացված համայնքներո՞ւմ է նման ընտրակարգ գործելու:

- 4000-ից փոքր համայնք մի քանի տարի հետո չենք ունենալու, որովհետև եթե գնում ենք համայնքների միաձուլման և ապակենտրոնացման ճանապարհով, ապա համայնքի մինիմալ բնակչության թիվը 4000-ից բարձր է լինելու: Բացառություն կարող են կազմել մեկ-երկու ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներ՝ եզդիական, ասորական և այլն: Եթե չխոշորացվեն, կարող են փոքր մնալ: Մոտ տասնյակի հասնող համայնքներ կարող են լինել, որոնք 4000-ից փոքր բնակչություն կունենան:

- Ինչպե՞ս կգնահատեք համայնքի ղեկավարի ընտրության մոդելի փոփոխությունը:

- Աշխարհում տարբեր մոդելի համայնքի ղեկավարի ընտրություններ կան: Մեր հարևան Վրաստանում և Մերձբալթյան երկրներում իրականացվել են խոշորացման գործընթաց և իրենք համայնքը նախկին շրջանների տարածքով են ձևավորել: Եթե համայնքը շրջան է, ակնհայտ է, որ այդ մակարդակում իրականում պետք է լինեն կուսակցական ընտրություններ: Շատ ժողովրդավար մոտեցում է, եթե համայնքի ղեկավարն ընտրվի ուղիղ, իսկ ավագանին՝ կուսակցական կամ համամասնական: Նույնիսկ երկրներ կան, որ սկզբում ունեցել են ավագանու կազմից ընտրված համայնքի ղեկավարի ինստիտուտ, հետագայում դա փոխել են: Ժողովրդավարության մեջ դա համարում են հաղթանակ: Մենք համայնքի ուղիղ ընտրված ղեկավարին հիմա հանում ենք և ասում՝ պետք է լինի ավագանու կազմից: Մի տարբերակ էլ կա, որ Վրաստանն է օգտագործում: Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կազմից, բայց գործադիր ֆունկցիաներ չունի, ինչպես ՀՀ նախագահը պետական կառավարման ապարատում: Գործադիր ֆունկցիան իրականացնում է կառավարիչը, որին ընտրում է ավագանին՝ այդ պաշտոնի համար սահմանված պահանջների համապատասխան (կրթական ցենզ, տարիք, լեզուների իմացություն, աշխատանքային փորձ) անկախ կուսակցության պատկանելությունից:

Կառավարչի ինստիտուտը մի կողմ ենք դնում՝ թեպետ կարևոր խնդիրներ կլուծեր: Օրենքով կարելի էր կառավարչի վրա պարտադիր պայմաններ դնել, իսկ համայնքի ընտրված ղեկավարի վրա՝ ոչ: Ավագանին համամասնական ընտրակարգով է ընտրվում, կանանց մասնակցությունը կարող է ավելանալ, կպարտադրեն, որ ավագանու ամեն 3-րդ թեկնածուն կին լինի, կկայանան կուսակցությունները: Այո, դրանք բոլորը լավ են, բա՞ բնակիչները: Բնակիչները, որոնք ապրում են այդ համայնքներում, ուզում են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանը: Ստացվում է, որ բնակիչները միայն կուսակցությանն են ձայն տալիս: Հետո կուսակցությունները ձևավորում են ավագանի, համայնքի ղեկավար: Եթե մենք ասում ենք տեղական ինքնակառավարում, դա նշանակում է բնակչության մասնակցություն: Եթե չունենք բնակչության մասնակցություն, դա կոչվում է պետական կառավարման տեղական մարմին: Համայնքի բնակիչը չի կարող ավագանիում հայտնվել կամ համայնքի ղեկավար դառնալ, եթե կուսակցության անդամ չէ կամ կուսակցությունը չի համարում «իրենը»:

Մենք առաջակում ենք 2 մեթոդ: Լուծումներից մեկն այն է, որ ավագանին ընտրվի համամասնական ընտրակարգով, բայց համայնքի ղեկավարն ընտրվի ուղղակի, որ ցանկացած մարդ հնարավորություն ունենա ընտրվելու: Եթե այս տարբերակն էլ ընդունելի չէ, որովհետև մտավախություն կա, որ նախկին օլիգարխները, հեղինակությունները կգան և կընտրվեն համայնքի ղեկավարի պաշտոնում, ապա գոնե ավագանու ձևավորման ժամանակ թույլ տանք, որ ոչ թե միայն կուսակցություններն ու դաշինքներն առաջադրեն ավագանու ցուցակները, այլ դրա իրավունքն ունենան նաև քաղաքացիական խմբերը: Այս դեպքում ցանկացած բնակիչ առանց կուսակցական լինելու՝ կարող է շանս ունենալ դառնալ ավագանի:

- Տեսակետ կա, որ նախագծով համայնքի ղեկավարի միանձնյա կառավարումից անցնելու ենք կոլեկտիվ կառավարման:

- Ի՞նչ է, առաջ ավագանի չկա՞ր:

- Շատ համայնքներում ավագանին որպես առանձին ինստիտուտ կարծես կայացած չէ: Այս կամ այն որոշումն ընդունելիս համայնքի ղեկավարի ցանկությամբ են շարժվել: Հիմա փորձ է արվում ավագանին ինքնուրույն օղա՞կ դարձնել:

- Հիմա ինչ է փոխվել, որ այլևս չի կատարելու: Եթե այն ժամանակ ավագանին ուղիղ էր ընտրվում, հիմա ընտրվում է կուսակցական ցանկից, նույն ցանկում իր գործընկերներն են, համայնքի ղեկավարը: Սա ընդամենը հեշտացնում է համայնքի ղեկավարին հանելու գործընթացը: Տեղական իշխանությունը պետք է ինքնուրույն լինի, նրա վրա ազդեցություն կարող է ունենալ միայն ժողովուրդը: Տեսեք՝ համայնքում խնդիր է առաջացել, որը համայնքի շահերին դեմ է, բայց պետական շահերին գուցե դեմ չէ, օրինակ՝ Ամուլսարը: Այս պարագայում, երբ համայնքի ղեկավարի պաշտոնում ինչ-որ կուսակցության ներկայացուցիչ է նստած, Երևանի այդ կուսակցության ղեկավարը կարող է 5 րոպեում նրան հանձնարարել «խելոք մնալ», այլապես կուսակցության ավագանիները նրան հետ կկանչեն: Ստացվում է մի խողովակ, որի միջոցով Երևանի կուսակցությունների կենտրոնական գրասենյակները կարող են լուծել համայնքային հարցեր: Այսուհետ, համայնքի բնակչին ենթարկվող համայնքի ղեկավար չենք ունենալու: Լինելու է համայնքի ղեկավար, որը ենթակա է կուսակցական ավագանուն, իսկ վերջինս էլ ենթակա է այն կուսակցության ղեկավարին, որն իրենց առաջադրել է:

- Այս տարի մի այլ օրենք ընդունվեց համայնքների վերաբերյալ, որի համաձայն, բոլոր համայնքապետերը պարտավոր են եկամուտների հայտարարագիր ներկայացրել: Արդյոք այս օրենքը կոռուպցիոն ռիսկերը կնվազեցնի՞:

- Սա ընտիր բան է: Նախկինում ունեցել են համայնքի ղեկավարներ, որոնք փոխադարձ պայմանավորվածությամբ կենտրոնական իշխանության հետ աշխատել են: Այդ պայմանավորվածությունը եղել է հետևյալը. համայնքի ղեկավարն ամեն ինչ անում է, որ իշխանությունը վերարտադրվի: Իշխող կուսակցությունն, իր բոլոր կառույցներով, նրա կասկածելի գործերի վրա աչք է փակում: Համայնքի ղեկավարի աշխատավարձը բարձր չէ, բայց ամենալավ տունն ունի, մեքենան, բիզնես: Դա խոսում է այն մասին, որ կողմնակի եկամուտներ կան: Դրա համար կարևոր է, որ մեխանիզմներ ունենանք պարզելու՝ այդ մարդը գո՞ղ է, ավազա՞կ, թե՞ ազնիվ: Իսկ հայտարարագիրը հնարավորություն կտա պարզելու, թե ձեռք բերածներն որտեղից են: Բայց գողերին բռնելու համար պետք չէ համակարգը քանդել: Եթե գող են, պետք է ոչ թե աշխատանքից հանել, այլ դատել է պետք: Համայնքի ղեկավարին կամ ավագանուն փոխելը կուսակցության որոշումով հանգեցնելու է տեղական իշխանությունների ենթակայությանը պետական իշխանությունից:

Մանյա Պողոսյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1763 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ