...

Ունենք հայեցակարգ, որում համաձայնեցրել ենք հիմնական սկզբունքները. «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր

Ունենք հայեցակարգ, որում համաձայնեցրել ենք հիմնական սկզբունքները. «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր

«Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել կուսակցությունների ֆինանսական աղբյուրների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Ի՞նչ սկզբունքներով է կատարվելու այդ գործընթացը:  Թեմայի շուրջ «ՉԻ» զրուցակիցն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը

- Կուսակցությունների մասին օրենքում փոփոխությունների հետ կապված աշխատանքային խումբը հասել է այն հանգրվանին, երբ ունենք հայեցակարգ, որում համաձայնեցրել ենք հիմնական սկզբունքները: Հայեցակարգը հրապարակվել է, դրվել է քննարկման խորհրդարանական լսումների ֆորմատով: Դրանից հետո ունեցել ենք հանդիպումներ՝ ներառյալ մարզերում, և քաղաքացիներին ենք ներկայացրել հայեցակարգի դրույթները, լսել ենք նրանց տեսակետներն ու կարծիքները: Քաղաքական ուժերի դիրքորոշման առումով խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից հայեցակարգի մասով առարկությունների չենք հանդիպել: Դե իհարկե, ամենակարևոր հարցը լինելու է վերջնական օրենքի բառ առ բառ քննարկումը, որը, ես կարծում եմ, կլինի կառուցողական դաշտում: Արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների առաջարկներից որոշ դրույթներ արտացոլված են այս հայեցակարգում, բայց ոչ ամեն ինչ, որովհետև կան առաջարկներ, որ թե՛ հակասում են մեր մոտեցումներին, թե՛ ընդհանրապես իրատեսական չեն: Այդ գործընթացի մասին համառոտ այսքանը:

- Պարոն Դանիելյան, նշվում է, որ «Քաղաքացիական Պայմանագիրը», օրինակ, հանգանակություններով է լուծում ֆինանսական խնդիրները: Մինչև ե՞րբ են շարունակվելու հանգանակությունները և ո՞ւմ կողմից են դրանք կատարվում:

- Ընդհանրապես, աշխարհում ցանկացած կուսակցություն ֆինանսավորման երկու-երեք աղբյուր ունի և առաջինը անդամներից ստացվող անդամավճարներն են, երկրորդը՝ հանգանակություններն են, և առանձին դեպքերում այդ երկուսը նույնականացվում են, երրորդը՝ դա պետական աջակցությունն է, որը լինում է ուղղակի և անուղղակի: Օրինակ՝ անուղղակի է, երբ կուսակցություններին տրվում է տարածք, լրատվամիջոցներով անվճար եթերներ: Ուղղակի աջակցությունը՝ երբ պետական բյուջեից որոշակի ֆինանսական աջակցություն է կատարվում: Պետք է հիշեցնեմ, որ 2002 թվականից Հայաստանում «ուղղակի աջակցություն» է եղել կուսակցություններին: Բյուջեից նրանք որոշակի աջակցություններ շարունակում են ստանալ: 

Քանի որ Ձեր հարցը նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցության մասին էր, ասեմ, որ այն նույնպես նման աջակցություն ստացել է դեռ 2017 թվականից, երբ ԵԼՔ դաշինքը ներկայացված է եղել խորհրդարանում։ Սա օրենքի պահանջն է` բյուջեից գումար հատկացնել որոշակի աջակցություն 3% և ավել ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին։ Ցանկանում եմ ընդգծել, որ պետական աջակցությունը հատկապես փոքր կուսակցություններին չնչին է եղել։ Մեր փոփոխությունների արդյունքում կունենանք թե՛ ծավալի և թե՛ կուսակցությունների շրջանակի ընդլայնում։

Սակայն փոփոխությունների՝ իմ կարծիքով ավելի կարևոր ուղղությունը թափանցիկության և քաղաքականության վրա բիզնեսի ազդեցության նվազեցում է։ 

Երբ կուսակցությունների ֆինանսական հաշվետվողականության հետ կապված հստակեցված և պահանջկոտ չափանիշները տեղ գտնեն կուսակցությունների մասին օրենքում, այնժամ կունենանք ավելի թափանցիկ քաղաքական դաշտ։

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2904 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ