...

«Պետք է հնարավորինս կառուցողական կերպով հարմարվել ստեղծված ժամանակավոր իրավիճակին». խորհուրդ է տալիս հոգեբանը

«Պետք է հնարավորինս կառուցողական կերպով հարմարվել ստեղծված ժամանակավոր իրավիճակին». խորհուրդ է տալիս հոգեբանը

Արդեն մի մի քանի ամիս է, ինչ կորոնավիրուսը տագնապի մեջ է պահում ողջ մարդկությանը: Հոգեբանական ինչպիսի պատրաստվածություն է պետք այս և նմանատիպ իրավիճակներում հոգեբանական անխուսափելի հետևանքները նվազագույնի հասցնելու համար և որքանով էին հոգեբանները Հայաստանում պատրաստ դիմագրավելու ստեղծված իրավիճակին:  

Թեմայի շուրջ «ՉԻ»-ն զրուցել է հոգեբան Արման Բեգոյանի հետ, ում խոսքերով՝ միայն ժամանակը կարող է ցույց տալ, թե որքանով էին պատրաստ հոգեբան մասնագետները ստեղծված իրավիճակի մարտահրավերները դիմագրավելուն՝ ելնելով մասնագիտական կոմպետենտության և մասնագիտական գործողությունների շրջանակներից:

- Պետք է նշեմ, որ 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո կորոնավիրուսը մեր երկրում թերևս առաջին մեծ փորձությունն է (պատերազմը չհաշված), և այդ իրավիճակը լակմուսի թերթիկ կլինի հենց հոգեկան առողջության ոլորտի մասնագետների պատրաստվածության համար: Սա այն դեպքն է, երբ միաժամանակ ռեալ մասնագիտական օգնության կարիք ունեն բազմաթիվ մարդիկ, և այստեղ ռեալ ու ապացուցողական բժշկության պայմաններում պատրաստված կոմպետենտ մասնագետների կարիք կա:

- Պարոն Բեգոյան, անդրադառնանք Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացությանը: Մեկուսացումն ու ինքնամեկուսացումը ինչպե՞ս կարող են անդրադառնալ մարդկանց հոգեվիճակի վրա: 

- Այդ հանգամանքը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, պայմանավորված է յուրաքանչյուր անհատի հոգեբանական, նյարդային համակարգի առանձնահատկություններով, նրա սովորություններով, մասնագիտությունով, զբաղվածությունով, ինչպես նաև կապված է այն իրողության հետ, թե որքան կտևի ինքնամեկուսացումը: Եվ ընդհանրապես այս հարցին միանշանակ պատասխանել հնարավոր չէ: Եթե խոսքը տեղաշարժումների մասին է, ապա այն մարդկանց համար, ովքեր սովոր են ակտիվ կյանք վարել, բնականաբար այդ սահմանափակումը սթրեսային կլինեն ու գուցե հիմք հանդիսանա ոչ ցանկալի, նեգատիվ հուզական վիճակների` սկսած ընկճվածությունից, մինչև տագնապային զանազան դրսևորումներ: Իսկ այն մարդիկ, ովքեր բնույթով ինտրովերտ են կամ սովոր են տանը մնալուն, կամ գուցե աշխատանքն էլ տանից են կատարել՝ առցանց, իրենց համար հավանաբար շատ բան չի էլ փոխվել:

- Կորոնավիրուսով պայմանավորված՝ հոգեբանական ծառայություններից օգտվողների թվի ի՞նչ դինամիկա է արձանագրվում: Իբրև հոգեբան՝ ի՞նչ եք նկատել:

-  Կարող եմ դինամիկան իմ անձնական վիճակագրությամբ նկարագրել: Բնականաբար կորոնավիրուսով պայմանանվորված մեծացել է այցելուների թիվը: Սակայն այս ընթացքում փոխվել են գանգատները` բովանդակային առումով: Թե ինչպես կանդրադառնա այս ամենը, անորոշության մեծացումը ինչպես կազդի մարդկանց հոգեկան առողջության վրա՝ ժամանակը ցույց կտա: 

- Միայնակ տարեցները հատկապես, նաև տագնապներ, հոգեբանական խնդիրներ ունեցողները ինչպե՞ս պետք է օգնություն և հոգեբանական աջակցություն ստանան, եթե հատկապես այս խավն առանձնապես սովոր չէ հոգեբանի օգնությանը դիմել:

- Միանշանակ չի կարելի ասել` սովոր չեն, որովհետև տարբեր տարիքի մարդիկ են դիմում հոգեբանների: Չունեմ պաշտոնական վիճակագրություն, սակայն պարզ է որ հոգեբանական ծառայությունները նույնպես պետք է հասանելի լինեն այն մարդկանց համար, ովքեր դրա համար վճարել չեն կարող, բայց խոցելի խմբերում են ու շատ ունեն դրա կարիքը: Ընդ որում, կարծում եմ՝ սա չպետք է լինի զուտ ժամանակավոր լուծում: Հավանաբար հետհամաճարակային փուլում կհասկանանք, որ հոգեկան առողջության ոլորտը, հոգեբանական ծառայությունները մինչ այդ չհիմնավորված ձևով անտեսվել են: Ու թերևս այս պահից սկսած և հետագայում էլ հաշվի առնվեն, որ հոգեբանական ծառայությունները (հոգեբանական գնահատում, հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա) առողջապահության համակարգի այն կարևորագույն բաղադրիչներից են, որոնք մշտապես պետք է լինեն ազգաբնակչությանը տրամադրվող առողջապահական ծառայությունների փաթեթի մեջ: Դա կլինի ապահովագրության շրջանակներում, թե անվճար բուժօգնության, այլ հարց է։ 

- Ակնկալվում է, որ առաջիկա մի քանի տարիներին հոգեբանի մասնագիտության լուրջ պահանջարկ կլինի: Ի՞նչ կասեք այդ մասին:

- Պետք է նշեմ, որ որակյալ, ժամանակակից, ապացուցողական բժշկության և հետազոտահեն մեթոդների վրա հիմնված հոգեբանական ծառայությունների պահանջարկ մինչ համաճարակն էլ կար: Համաճարակից հետո, կարծում եմ, էլ ավելի մեծ թվով մարդիկ կդիմեն հոգեբանական ծառայությունների՝ հետևանքներից ձերբազատվելու համար:

- Ինչպե՞ս կարող են անդրադառնալ բացասական հույզերն ու տագնապները մարդկանց առողջության վրա: 

- Կարծում եմ՝ մասնագետ պետք չէ լինել հասկանալու համար, որ թե՛ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները և թե՛ իրավիճակով պայմանավորված ֆինանսատնտեսական հետևանքները, ինչպես նաև անորոշությունը, տագնապածին գործոններ են, որոնց հետևանքներն ամբողջությամբ մենք կտեսնենք ամիսներ հետո: Այս ամենը առաջնային չէ շատ մարդկանց համար, որոնք զբաղված են ուրիշ խնդիրներով, գուցե ամենօրյա հաց վաստակելու, գուցե օրը լցնելու խնդրով: Մի մասի մոտ տագնապայնությունը հասցեագրված է առողջության հետ կապված վախերին, դրա համար առաջին տեղում դեռևս ուրիշ մտահոգություններ են: 

- Վարչապետը հայտարարեց արտակարգ դրության պայմաններում սահմանափակումները երկարաձգելու մասին: Այս հայտարարությունը խուճապ չի՞ առաջացնի ազգաբնակչության շրջանում:

- Իհարկե կարող է, ու դա օրինաչափ է: Ցանկացած սահմանափակում և նմանատիպ միջոցառում հիասթափեցնելու է հատկապես այն մարդկանց, ովքեր ունեին չհիմնավորված լավատեսական սպասումներ: Դա նրանց ավելի է անհանգստացնելու, որովհետև մտածելու են, թե վիճակը ավելի վատ է:

- Ձեր խորհուրդը մեր համերկրացիներին:

- Խորհուրդ կտամ պահպանել օբյեկտիվությունը, մտածողության քննադատականությունը, ցանկացած լուրի մոտենալ վերապահումով, փորձել հասկանալ, թե որքանով է այդ լուրը հիմնավորված և իրատեսական: Հնարավորության դեպքում դիմել հոգեբան մասնագետների։ Պլանավորել ամեն օրվա անելիքները և հնարավորինս շարունակել այն ամենը, ինչ սկսել էին մինչ արտակարգ դրության հայտարարումը: Ծրագրեր կազմել հետագայի համար, փորձել հնարավորինս դրական ու կառուցողական կերպով հարմարվել ստեղծված ժամանակավոր իրավիճակին:

Մելանյա Ծառուկյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   2694 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ