...

Ռաբիզ խաղեր՝ վասն հայրենիքի եթե, իհարկե, նրանք գիտեն, թե որն է իրենց հայրենիքը

Ռաբիզ խաղեր՝ վասն հայրենիքի եթե, իհարկե, նրանք գիտեն, թե որն է իրենց հայրենիքը

ԱՆԴԱՍՏԻԱՐԱԿ

Ռաբիզությունը միայն պատահած պատի տակ պպզելն ու ճկույթով ձախ ականջի հետևը քորելը չի. ռաբիզությունը դաստիարակություն է, ապրելակերպ ու գոյության տեսակ:

Երկիրը ճլփում է ռաբիզ ցեխաջրում ու դրա վերջը չի երևում: Ռաբիզը կերել է երկիրը՝ ռաբիզ նախագահից սկսած մինչև ռաբիզ շարքային հայ գողը: Մտնում ես խորհրդարան ու ճնշումդ ընկնում է՝ ռաբիզությունից դեգեներատացված դեմքեր, որոնց նմանօրինակները վխտում են կառավարությունում՝ անպատկերացնելի մուտանտ ու նույնքան էլ ռաբիզ: Բա գերագույն ռաբի՞զը, որի մասին անկախության 10-ամյակի առիթով կինո էր նկարել մի ուրիշ ռաբիզ: Եվ ահա այդ գերագույն ռաբիզը քիչ չի համարյա հասկացրեց, որ անկախությունն ինքն է իր ջեբից հանել ու տվել մեզ, նաև չկարողացավ թաքցնել իր «էլիտար» դաստիարակությունն ու ասաց. «կան քաղաքական ուժեր, որոնց հետ լեզու գտնել հնարավոր չէ, բայց այդ ուժերը ինձ համար գոյություն չունեն»: Դե եթե նրա վասալ ՆԳ նախարարը ժողովրդի մի մասին մարդ չի համարում, գերագույն ռաբիզն էլ պիտի ասի, որ այն գործիչները, որոնք պլաշի նման չեն փռվում իր ներբանների տակ, իր համար գոյություն չունեն: Չգիտես անգամ, թե ինչ ասես, նույնիսկ ձեռ առնելդ չի գալիս. տո, այ հեռակա էլեկտրիկ, անգլերենի կիսագրագետ դասախոսուհիներ վարձելու փոխարեն մի հատ էլ հայերենի վարձի, որ վիզկապդ դզի, հետո նոր քեզ չծախվածներին մարդ մի համարի: Թե չէ մենք հո կրակը չե՞նք ընկել ձեր հավաքական թերուսության ձեռքը:

Ի վերջո, մի բանի վրա ինչ-որ ժամանակ դեռ կարելի է կայֆ բռնել, բայց երբ ռաբիզ այդ շոուն շատ է ձգվում, սկզբից դառնում է անտանելի, հետո՝ ողորմելի: Արդեն ողորմելի է: Ազնիվ խոսք:

Համընդհանուր ռաբիզությունն ու «a la ջայլամ» կենսաձևն այնքան է կերել իշխանական լրատվամիջոցների լաքեյներին, որ նրանք արդեն փորձում են իրար կողքի դնել, նույնիսկ համեմատել առաջին նախագահի և ներկայիս երևույթի կրթական մակարդակն ու մտավոր ունակությունները. տո լավ է, կասեր պատահած ցանկացած գիժ: Դուք կարող եք 40 հազար աշխատատեղի բլեֆ փչել, կարող եք պորտաբույծ ու անգրագետ նախարարներով և խորհրդարանականներով երկիր շինելու իմիտացիա անել, բայց երբ ակնհայտի վրա եք փորձում ֆռռալ՝ դրանից ավելի ողորմելի եք դառնում, մեղք եք, մի արեք:

Դրա փոխարեն ձեր նախագահին կրթեք. սովորելու համար երբեք էլ ուշ չի: Ճիշտ է՝ ռաբիզությունը չի անցնելու, բայց գոնե չենք ամաչի, որ քաղաքացին ենք մի երկրի, որի նախագահը, կներեք, Ռոբերտ Քոչարյանն է: Ուրեմն ինչո՞ւ պիտի նրա վասալները՝ նախարարներն ու պատգամավորները անգրագետ չլինեն. անգրագետ էլ կլինեն, գող էլ, անբարոյական էլ: Լավ էլ անում են. եթե կես մետր թռցրած մետաղալարի համար 17 տարեկան ջահելին պետպատվերով սարքված «02»-ը կարող է դնել ու փչացնել, էդ ո՞նց է լինում, որ հիմնական գողերը, որ նստած են կառավարությունում ու ԱԺ-ում, ոչ մի անգամ չեն հայտնվում այնտեղ, ուր իրենց իրական տեղն է՝ կրիմինալ հաղորդումների էկրանին:

Չէ, նրանք ուրիշ տեղ են հայտնվում՝ գիշերային կլուբներում ու կազինոներում, որտեղ հորանջելով ու ականջի հետևը քորելով, ձեռի հետ կրվում են 40 հազար աշխատատեղի փող:

Ասածս ոչ մի բանն էլ նորություն չի ու ասելու էլ առանձնապես հավես չկա: Բայց որ շատ ես լռում՝ ռաբիզը բարձրանում ու ճանկերն ամեն տեղ է գցում: Պիտի մեկ-մեկ ասվի, որ հանկարծ չմտածեն, թե իրենք տերն են, մենք էլ իրենց ճորտը: Մեղք են, հանկարծ կմտածեն, մեկ էլ տեսար սկսեցին դրան հավատալ ու շատ անհարմար բան կստացվի: Ինչպես, օրինակ, անկախության 10-ամյակի մասին էժան այդ ֆիլմը, որը նայելուց հետո համոզվում ես՝ մի երկիր, որն իր անցյալը ճիշտ գնահատելու համարձակություն չունի, որովհետև երկրի վերնախավում նստածները յոթը պորտով են ռաբիզ՝ միանշանակ անապագա է:

Եթե անկախության մեր 10-ամյակի մասին ֆիլմը Ռոբերտ Քոչարյանի ու Տիգրան Թորոսյանի մասին պիտի լիներ, ուրեմն հաստատ այս 21-րդ դարն էլ մերը չի լինելու:

Նաիրա Կարապետյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 270, սեպտեմբերի 28, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ