Երբ մեղադրական եզրակացությունը հայտարարվի, ժողովուրդը Մարտի 1-ին կատարված իրադարձության ամբողջական պատկերը կստանա:
Երևանի ընդհանուր իրավասությունների Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Դա արդարությո՞ւն է. երկրի ղեկավարը տասը տարի թալանի պետությունը, հետո էդ թալանածը պահելու համար կրակի՞ ժողովրդի վրա»,- նկատեց նա:
Նրա խոսքով՝ ժողովուրդը, գիտի, թե ինչ է իրականում կատարվել: Բայց, երբ քննված, ստուգված, փաստերը համադրած մեղադրական եզրակացություն է կարդացվում, այդ ժամանակ արդեն հանցագործության մասին ամբողջ ճշմարտությունը դառնում է հասանելի՝ կոնկրետ ով, ինչ է արել, ում է հրամայել, ինչ կազմակերպչական գործողություններ են կատարվել, որոնք ի վերջո բերել են Մարտի 1-ի ոճրագործությանը:
Հարցին՝ ի՞նչպես է վերաբերվում Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու տեսակետին, Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «2008 թվականի մարտի 1-ից հետո բազմաթիվ հանրահավաքներում խոսել ենք, որ մի օր արդարադատությունը Հայաստանում տոնելու է իր հաղթանակը, մենք Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում էինք իրականացնո՞ւմ, ուղղակի ծիծաղելի է: Պարզ բան ասեմ՝ Քոչարյանի որոշ աջակիցներ անգամ ասում են, որ Նիկոլ Փաշինյանը նրան բերեց քաղաքականություն, և դա մատուցում են իբրև փաստ, որն ապացուցում է քաղաքական հետապնդումը: Իրականում դա լրիվ հակառակն է ապացուցում»:
Նրա դիտարկմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը քաղաքականության մեջ չկար, հանգիստ իր թալանածը վայելում էր: Ըստ Զուրաբյանի՝ այն պահին, երբ հասկացավ, որ հանգիստ թալանելու ժամանակը վերջացել է և պետք է արդարադատության առջև պատասխան տա, նա սկսկեց զբաղվել քաղաքականությամբ:
«Այդ Քոչարյանն է օգտագործում իբրև քաղաքականությամբ զբաղվելու գործունեությունը քրեական գործով պատասխանատվությունից խուսափելու նպատակով, այդպես չէ՞»,- նշեց նա:
Անդրադառնալով «ՉԻ»-ի՝ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ՍԴ որոշման հարցին՝ ՀԱԿ փոխնախագահը նախ նշեց, որ ՍԴ-ն որպես լեգիտիմ մարմին գոյություն չունի: Նրա կարծիքով՝ գոյություն ունի ոչ լեգիտիմ մարմին՝ կա ճգնաժամ կապված դատարավոր-անդամներ տարբերակման հետ:
«Գիտեք, որ Վահե Գրիգորյանի միջնորդությունը չի քննարկվել, որն արդեն կասկածի տակ է դնում այդ դատարանի պատշաճ լինելը: Բացի դրանից, մենք գիտենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ նշանակվել է Սահմանադրության խախտմամբ, քանի որ չեն կարողացել Աժ պատգամավորի մանդատից ազատվելու 2 շաբաթվա ժամկետը պահել, և դա արել են մի պարզ պատճառով, որ ինքը 6 տարով չդառնա Սահմանադրական դատարանի նախագահ, այլ՝ ցմահ»,- ասաց նա:
Զուրաբյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է դարձել մի շարք պաշտոնյանների քրեորեն դատապարտելի արարքների հետևանքով, հետևաբար, չկա համոզմունք, որ գործ ունենք լեգիտիմ Սահմանադրական դատարանի հետ: ՀԱԿ փոխնախագահի կարծիքով՝ Սահմանադրական դատարանի որոշումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ դատական գործընթացի վրա:
«ՍԴ տեքստն ասում է՝ արդյո՞ք Քոչարյանի արարքները հանցագործություն են, թե՝ ոչ, որի համար նա կարող է քրեորեն հետապնդվել և կալանավորվել կախված է հետևյալից, թե արդյոք այդ գործողությունները բխել են նրա կարգավիճակից որպես նախագահ, թե՝ ոչ: Իսկ այդ հարցը կարող է լուծել միայն վարույթն իրականացնող մարմինը: Իրենք ասել են՝ քանի որ նախագահական անձեռնմխելիության հետ կապված խնդիրն արտացոլված չէ 35-րդ հոդվածի մեջ, ուրեմն կա օրենսդրական բաց, որի պատճառով կարող են խախտվել նրա իրավունքները: Նախ վիճելի է, որ օրենսդրական բաց կա, իրականում չկա: Եթե կա օրենսդրական բաց, դրա հասցեատերն Աժ-ն է: Բայց Սահմանդրական դատարանի որոշումը որևէ կերպ չի անդրադառնում կալանքի օրինականության վրա: Բոլոր հարցերում սխալ են, լեգիտիմ չեն, բայց անգամ լեգիտիմ լինելով այնպիսի որոշում են ընդունել, որը Քոչարյանի հետապանդման և կալանավորման վրա որևէ ազդեցություն չի թողնում»,- տեսակետ հայտնեց Լևոն Զուրաբյանը:
Մանյա Պողոսյան