...

164 զոհ, երկու սպանված երեխա

164 զոհ, երկու սպանված երեխա

Հանգստյան օրերին Ղազախստանում իրավիճակը շարունակեց լարած մնալ։ ՀԱՊԿ անդամ այն պետությունները, որոնք հունվարի 7-ին սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստան ուղարկեցին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, շարունակեցին ակտիվ անդրադառնալ, վերլուծել ղազախական իրադարձությունները։ ՀԱՊԿ երկրներից մի քանիսը թիրախավորվեցին։ Բացառություն չէր նա Հայաստանը։ Այս օրերին տեղեկացանք, որ անհայտ անձինք պայթյունի սպառնալիքներով նամակներ էին ուղարկել Հայաստանի և Բելառուսի դեսպանատների էլեկտրոնային փոստին: Նրանք պահանջում էին Ղազախստանի տարածքից դուրս բերել իրենց երկրների զորքերը։ Շենքերը հետազոտվել էին, պայթուցիկ սարքեր, համապատասխան նյութեր չէին հայտնաբերվել: Եվ չնայած դրան՝ ՌԴ ոստիկանության աշխատակիցները քրեական գործեր հարուցեցին Մոսկվայում Հայաստանի և Բելառուսի դեսպանատների պայթյունի սպառնալիքներով անանուն հաղորդումներից հետո։ Հայաստանի գործողությունների, մասնավորապես Փաշինյանի՝ զորք ուղարկելու որոշումը Ղազախստանում ընդունվել է հիասթափությամբ, հայտարարել է «Ազատության» ղազախական ծառայության տնօրեն Տորոկուլ Դուրովը՝ նշելով, որ ՀԱՊԿ այլ անդամների այս որոշումը ևս ընդունվել է ափսոսանքով։ «Սակայն բոլորը կարծես հասկանում են, որ դա իհարկե Պուտինի որոշումն է և կազմակերպության անդամ մնացած երկրների ղեկավարները գործում էին ոչ լրիվ ինքնուրույն»,- «Ազատության» հայկական ծառայության կիրակնօրյա եթերում հայտարարել է Դուրովը։ 

Շարունակենք։ Այսօր Ղազախստանի առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ երկրում անկարգությունների ժամանակ զոհերի թիվը հասել է 164-ի։ Ըստ նույն աղբյուրի՝ ավելի քան 2200 մարդ էլ դիմել է բժշկական օգնության՝ մարմնական տարբեր վնասվածքների համար։ Հաստատվել է տեղեկությունը, համաձայն որի՝ Ալմաթիում գնդակոծության հետևանքով չորս տարեկան աղջիկ է մահացել: Չորս երեխաներով մեքենան անցնելիս է եղել Ալմաթիի փողոցներով, երբ դրա վրա կրակել են։ Սա երեխայի մահվան երկրորդ դեպքն է։ Հունվարի 5-ին էլ 11-ամյա տղա երեխա էր մահացել հրազենային վնասվածքից։ Թե ում արձակած փամփուշտն է սպանել երեխային, այդ մասին տեղեկություն դեռ չի տրվել։

Այսօր ամփոփվել է, թե այս օրերին մինչ այժմ որքան վնաս է կրել Ղազախստանի գործարար շրջանակը։ Այն այսօր առավոտվա տվյալներով կազմել է 213 միլիոն դոլար: Երկրում ստեղծված իրավիճակն ազդել է գործարարության այնպիսի ճյուղերի վրա, ինչպիսիք են առևտուրը, հասարակական սննդի ոլորտը, ֆինանսական հատվածը, լոգիստիկան:

Դարձյալ այսօր ղազախական պետական «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում Ղազախստանի պետքարտուղար Երլան Կարինն ասել է, թե երկրի իշխանությունները բախվել են «հիբրիդային ահաբեկչության, որը կարող էր հետապնդել պետական հեղաշրջման նպատակ»։ Պետքարտուղարը, սակայն, չի հստակեցրել, թե ովքեր են կանգնած այդ հարձակումների հետևում։ Բացի այդ, մինչ այս պահը Ղազախստանի իշխանությունները որևէ ապացույց չեն ներկայացրել, որոնք կփաստեին ահաբեկչության մասին։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5864 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ