Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Ազատության» եթերում հայտարարել է. «Առանց Ադրբեջանին պատժելու՝ չպետք է գնալ հրադադարի»:
«ՉԻ». Անպայման: Այստեղ նույնիսկ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Պետք է անել հետևյալը. քանի որ պատերազմից հետո եռակողմ համաձայնագիր էր կնքվել, ու հիմա այդ համաձայնագրի շուրջ պետք է բանակցություններ սկսվեն, հայկական կողմը պետք է գնա ու Ալիևին ասի. «Մինչև վերջնական հրադադարը արի քեզ պատժենք»:
Ալիևն էլ ասելու է. «Հա, եթե դրանից հետո պիտի հրադադար կնքենք, հարց չկա, պատժեք»:
Դրանից հետո բանակցություններն ընթանալու են Ադրբեջանին պատժելու հարցի շուրջ: Պիտի քննարկվի, թե ոնց ենք պատժելու, պատժի մեխանիզմները, ժամանակացույցը, ինչ պարբերությամբ: Պետք է հասնել նրան, որ Ադրբեջանը համաձայնի՝ իրեն մուրճով կամ պողպատյա սուր առարկայով պատժենք:
Բայց կյանքն ինչ բան է. քանի կար, ասում էին՝ ոչ մի թիզ թշնամուն, բոլոր տարածքները հանձնեցին: Հիմա ասում են. ոչ մի հրադադար՝ առանց պատժելու, մարդ չգիտի, թե գլխներիս ինչ փորձանք կարող են բերել: