...

Ալեն Սիմոնյանի երազը

Ալեն Սիմոնյանի երազը

Ինքը Տիգրան Ավինյանի հետ Սև լիճ է գնացել: Լճի ափին գրեթե երկու ադրբեջանցու հետ նստում են բլոտ խաղալու: Կրվողը 10 մետր առաջ է գալիս: Ռեպիկոյի դեպքում՝ 20 մետր:

Պարտիան հաջող է ընթանում: Կամ ինքը, կամ Ավինյանն անընդհատ չորս թուղթ կամ հարյուր են բռնում: Ինքը հաշիվը պարբերաբար լուսանկարում է ու գցում ֆեյսբուքի իր էջ, տակը գրում՝ «լավ լուրերի սպասեք»: Վերջին օյինում հարյուր է բռնում, ադրբեջանցիները քուանշ են տալիս, ինքը սրում է, պարտիան ռեպիկոյով կրում են:
Ադրբեջանցիները սուսուփուս վեր են կենում ու 200 մետր առաջ գալիս: «Հո´պ, հո´պ,- բացականչում է Ավինյանը,- էս ի՞նչ եք անում, բա մենք բան էինք պայմանավորվել»:

«Հա, վայ,- գլխին է տալիս ադրբեջանցիներից մեկը,- մոռացել էինք»: «Դե հետ գնացեք,- հրահանգում է Ավինյանը»:
Ադրբեջանցիները տխուր, գլխիկոր, չուզենալով 20 մետր հետ են գնում: Ինքը հեռախոսը միացնում է, վիդեոլայվ մտնում ու ասում. «Սիրելի հայրենակիցներ, ահա, տեսեք, թե ինչպես են ադրբեջանցիները հեռանում մեր տարածքից: Սա էլ իմ խոստացած լավ լուրը: Ու էս սաղ մեր շնորհիվ, դե թող հիմա էդ ընդդիմություն կոչեցյալն իրեն մեջտեղից ճղի: Ո՞ր իշխանության օրոք էին ադրբեջանցիներն առանց մի կրակոցի հետ նահանջել: Որ ասում ենք՝ ապագա կա, ըհը, խնդրեմ»:

Պատկերը փոխվում է: Հիմա էլ Ավինյանի հետ Վարդենիսի վերևի սարում են: Ադրբեջանցիների հետ բարձունքի մոմենտով վիճում են: Համաձայնության չեն գալիս: Որոշում են աձին նա աձին խառը կռիվ կպնել: Ինքը առաջ է գնում, հակառակորդի շարքերից մի թափով տղա է իր կողմ գալիս: «Բայց կռվից առաջ մի պայման եմ դնում,- ասում է ինքը,- գլխին խփել չկա: Երևանում մի անադեկվատ գյադա գլխիս խփել էր, մինչև հիմա ցավում է»:

Հակառակորդն ասում է՝ լավ, 3 օր ժամանակ ենք տալիս»:

Ինքը նորից լայվ է մտնում ու ասում. «Ժողովուրդ ջան, բանակցությունները հաջող ավարտվեցին: Հակառակորդը 3 օր ժամանակ խնդրեց»: Բայց 15 րոպե հետո վռազ ջնջում է գրառումը, քանի որ զանգում, ասում են, որ Միքայել Մինասյանը նոր փաստաթուղթ է հրապարակել, թշնամու տեղեկատվական գործակալներն էլ դա արդեն տարածել են:

Վերադառնում է Երևան: Մտնում է Բաղրամյան փողոց, տեսնում է՝ Ռոբերտ Քոչարյանը խորհրդարանի առաջ միտինգ է անում: «Մենք կրիլ տենք, աբու ալլահ», բացականչում է Քոչարյանը: «Ալլահ աբու»,- վանկարկում են ցուցարարները: «Ես խոստանում եմ, որ ժողովուրդը լինելու է կուշտ ու Սևանը դարձնելու ենք Նիցցա: Կուշտ ու Նիցցա»,- բացականչում է ինքը: «Կուշտունիցա»,- վանկարկում են ցուցարարները: 

Ինքը մտնում է խորհրդարան: Այնտեղ «Իմ քայլի» պատգամավորները շրջապատել են Սերժ Սարգսյանին ու ցանկանում են հաշվեհարդար տեսնել նրա հետ՝ 2016-ի Ապրիլյան պատերազմում խայտառակ և նվաստացուցիչ պարտության համար: «Հողեր ես հանձնել, այ կապիտուլյանտ»,- վրա է տալիս Նիկոլ Փաշինյանը: «Կապիտուլյանտը դու ես, այ կապիկուլյանտ»,- պատասխանում է Սերժ Սարգսյանը: 

Ինքը ոգևորված ձեռքը առաջ է մեկնում և ուզում է Ավինյանի թիկունքից թաքուն խփի Սերժ Սարգսյանին, բայց հանկարծ նկատում է Արթուր Վանեցյանի թարս հայացքը, ձեռքն իջեցնում է ու սկսում շոյել Ավինյանի մազերը, վերջինս էլ ֆռռում, իր մազերն է սկսում շոյել:

Արթնանում է հայաստանամերձ տարածքներում:
 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ