...

Ամենամարտունակ բանակի միֆը

Ամենամարտունակ բանակի միֆը

«Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն»,- այսպես է ավարտվում «Ռետրո» բաժնում ներկայացվող հրապարակման հեղինակի խոսքը։ Ցավոք, մինչև աղետալի պարտությունը, այդպես էլ չունեցանք որակյալ քաղաքական իշխանություն։

Հրահրում են հերոսության

Հայաստանը զբաղեցրել է 93-րդ տեղը աշխարհի ամենաուժեղ բանակների ցանկում։ Հետազոտությունը իրականացրել է միջազգային Global Firepower ընկերությունը։

Ադրբեջանը 58-րդ տեղում է, իսկ Վրաստանը՝ 82-րդ։

Խոստովանենք, որ 133 երկրների ցանկում զբաղեցնել 93-րդ տեղը մի փոքր ամոթալի է, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ գրեթե ամեն օր Հայաստանում տարածաշրջանի ամենամարտունակ բանակի մասին հեքիաթներ են պատմում։ Դեռ ավելին՝ պնդում են, թե Հայաստանը ապրիլյան պատերազմում ջախջախել է հակառակորդին։

Ես չեմ հասկանում այն փորձագետներին, որոնք հանգիստ տոնայնությամբ պնդում են, թե Հայաստանը հաղթել է ապրիլյան պատերազմում։ Սա ավելի շատ հիշեցնում է Առաջին Հանրապետության տարիներին արմատացած անպարտելիության այն հիվանդագին միֆը, որը փուչիկի պես պայթեց հայ-թուրքական պատերազմի հենց առաջին օրերին։

Փաստորեն փորձագիտական մակարդակով հանրության աչքերին թոզ են փչում, ամենամարտունակի ու ամենահզորի մասին հեքիաթներ են պատմում, մինչև այդ միֆն էլ փուչիկի պես մի օր կտրաքի։ 

Այն մարդիկ, որոնք պնդում են, թե զինվորի մինչև վերջ կռվելու պատրաստակամության գործոնի հաշվին հնարավոր է պատերազմ հաղթել, առաջին հերթին հանցանք են գործում հենց այդ զինվորների նկատմամբ։ Այսինքն` նրանք ամբողջ պատասխանատվությունը հաջողության թե անհաջողության դեպքում գցում են շարքայինների վրա, այն դեպքում, երբ իրական պատասխանատուները քաղաքական իշխանություններն են ու բարձրագույն հրամանատարությունը, որոնք չգիտես ինչու չեն ուզում պատասխանատվություն կրել։ 

Իսկ փորձագետներն էլ անուղղակիորեն հաստատում են անպատասխանատվության այդ կարգավիճակը` պնդելով, թե մենք կհաղթենք, որովհետև զինվորները սուբյեկտ են տարածաշրջանում։

Զինվորը չի կարող սուբյեկտ լինել, չի կարելի նրա դերը գերագնահատել, որքան էլ այն մեծ լինի։

Ապրիլյան պատերազմում մենք չենք հաղթել և չենք էլ հաղթի ապագա պատերազմում, քանի դեռ չունենք որակյալ քաղաքական իշխանություն և ըստ պատշաճի իրավիճակին տիրապետող բարձրագույն հրամանատարություն։

Կարպիս Փաշոյան

«Չորրորդ իշխանություն», 1 սեպտեմբերի 2017 թ. 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   15808 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ