ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասել է. «Խորհուրդ կտամ տեսնել պայծառ ապագա, ոչ թե սև տոներով»:
«ՉԻ». Իսկականից: Շատ ենք, էլի, մի տեսակ հոռետես դարձել: Հա, ի՞նչ անենք՝ պատերազմ ենք տանուլ տվել: Պետք է լավատես լինել, որ այլևս ոչ մի պարտություն չենք կրի: Ադրբեջանցիները Շուռնուխում հայերի կովե՞րն են գողացել: Պետք է դրա մեջ լավը տեսնել և հույս ունենալ, որ տանելու են, կովերը մորթեն, ուտեն, ոսկորը մնա կոկորդներին, բոլորը մեռնեն:
Ձո՞ւն է թանկացել. դա մեզ պայծառ ապագա է խոստանում, որովհետև քիչ կուտենք, չենք չաղանա, 90-60-90 չափի մարմին կունենանք, աշխարհը մեզ կնախանձի:
Մեր արտաքին պարտքը հասել է 10 միլիարդ դոլարի՞: Հետո ի՞նչ, 10 միլիարդ դոլարի պարտք կվերցնենք, ու այդ 10 միլիարդի պարտքը կմարենք: Ու պայծառ ապագա կլինի:
Շատ անհամ ժողովուրդ դուրս եկանք. չենք ուզում էլի վատի մեջ լավը տեսնել: