...

Անհամատեղելիության բարդույթ

Անհամատեղելիության բարդույթ

ԴԻՎԱՀԱՐՈՒՄ

Մոսկվա կատարած պաշտոնական այցի ընթացքում նախագահ Քոչարյանը, ինչպես հայտնի է, ելույթ է ունեցել նաև դիվանագիտական ակադեմիայում: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին՝ Քոչարյանը մի չլսված միտք է հայտնել. նա հայտարարել է, թե ըստ էության, «հայերն ու ադրբեջանցիներն անհամատեղելի են»: Սա, անկասկած, միանգամայն նոր խոսք է դիվանագիտության պատմության մեջ: Մինչև հիմա հայտնի էր, որ անհամատեղելի կարող են լինել, ասենք, նապաստակն ու գազարը, խաշն ու գինին, ծայրահեղ դեպքում` սև կոստյումն ու սպիտակ գուլպաները, բայց որ ժողովուրդները կարող են անհամատեղելի լինել...

Ինչո՞ւ չէր կարելի բարձրաձայն նման բան հայտարարել (եթե նույնիսկ Քոչարյանն իսկապես այդպես է մտածում): Որովհետև, նախ, սա նշանակում է, որ ըստ Քոչարյանի, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորման շանս չունի, և միակ ելքը էթնիկ զտումներն են: Միաժամանակ սա նշանակում է խաչ քաշել հակամարտության կարգավորման ասպարեզում մինչև այսօր ձեռք բերած պայմանավորվածությունների վրա, որովհետև կարգավորման ցանկացած տարբերակով պարտադիր նախատեսվում է փախստականների վերադարձ: 

Երկրորդ. քաղաքակիրթ աշխարհում վաղուց արդեն նման բնույթի հայտարարությունները միանշանակ ընկալվում են որպես ռասիզմի արտահայտություն, և նույնիսկ Սադամ Հուսեյնը կամ Կիմ-Չեն-Իրը չեն համարձակվում իրենց նման արտահայտություններ թույլ տալ: Համենայն դեպս Ռոբերտ Քոչարյանը, որպես երկրի նախագահ, պարտավոր է իմանալ, որ նման միտք արտահայտելը համարժեք է սիմֆոնիկ համերգի ժամանակ սաքսոֆոնի մեջ ծխախոտ հանգցնելուն: 

Հիմա դառնանք հարցի բովանդակային մասին: Արդյո՞ք հայերն ու ադրբեջանցիներն իսկապես անհամատեղելի են: Ինքը` Քոչարյանը, 34 տարի շարունակ (մինչև 88 թվականը) լավ էլ համատեղվում էր. ավելին` մի ամբողջ գործարանի պարտկոմ էր, հաճույքով աշխատում էր` աշխատասենյակի պատից կախված ունենալով Հեյդար Ալիևի լուսանկարը, և կարծես առանձնապես չէր տրտնջում «հայ-ադրբեջանական անհամատեղելիության» առիթով: Քոչարյանն ըստ երևույթին բարդույթավորված է, որ երկար տարիներ շփվելով ադրբեջանցիների հետ, հիմա ղեկավարում է մի պետություն, որն Ադրբեջանի հետ փաստացի պատերազմական վիճակում է: Բայց հիմնականում բարդույթավորվելու կարիք չկա: Ցանկացած հայ մինչև 88 թվականը այսպես թե այնպես ավելի կամ պակաս չափով շփվել է ադրբեջանցիների հետ և հարկ եղած դեպքում կարող է երկու ազգերի համատեղելիության բազմաթիվ օրինակներ բերել: Ի վերջո, հայտնի իրողություն է` պատերազմներ մղում են ոչ թե ժողովուրդները, այլ պետությունները: Եվ եթե որևէ ազգի մեջ այլ ազգի նկատմամբ հավերժական թշնամանք կա, դա արդեն խոսում է տվյալ ազգի հիվանդ լինելու մասին: Ֆրանսիայի և Գերմանիայի միջև, օրինակ, տասնյակ պատերազմներ են եղել, բայց որևէ ֆրանսիացու կամ գերմանացու (առավել ևս` պաշտոնյայի) մտքով չէր անցնի հայտարարել, թե այդ ժողովուրդներն անհամատեղելի են: Համենայն դեպս, որքան մեզ հայտնի է, վերջին անգամ նման բնույթի հայտարարություն արել էր Ադոլֆ Հիտլերը` հրեաների մասին: 

Բոլոր դեպքերում, հայերն ու ադրբեջանցիները (հայերն ու վրացիները, հայերն ու պարսիկները) հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք կողքի, և անկասկած, շարունակելու են ապրել: Պատերազմներ էլ կլինեն, խաղաղություն էլ կհաստատվի, բայց ամեն դեպքում, որպես ելակետ պետք է ընդունել հենց այս ճշմարտությունը: 

Իսկ գուցե այնուամենայնիվ Ռոբերտ Քոչարյա՞նն է անհամատեղելի պետության ղեկավարի պաշտոնի հետ: 

Հրայր Ավետիսյան 

«Չորրորդ իշխանություն», թիվ 263, Հունվարի 24, 2003 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   289 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ