...

Աններելի հաղթանակի տակ մնացածները

Աններելի հաղթանակի տակ մնացածները

Երգահան և երաժիշտ Վահան Արծրունին գրել է. «Եթե մայրաքաղաքի գրեթե բոլոր բնակիչները ունեն QR code, ի՞նչ իմաստ ունի հատկապես Երևանում խստացնել սահմանափակումները։ 

Կարծում եմ միակ նպատակը՝ ժողովրդի ճնշված հոգեբանական վիճակ ստեղծելն է, հատկապես հաշվի առնելով իշխանության հարուստ փորձը՝ հիշեք «սարքած» հովհարային անջատումները 90-ականներին»:

Խորհրդային մեծանուն դերասանուհի Ալիսա Ֆրեյնդլիխը, որը վերապրել է 1941-1944 թվականների Լենինգրադի բլոկադան, իր հուշերում գրել է. «Մանկությանս գլխավոր տպավորությունը պատերազմն ու բլոկադան էին: Լավ եմ հիշում, թե ինչ լարվածությամբ էի նայում ժամացույցին. թե երբ են վերջապես սլաքները հասնելու անհրաժեշտ գծիկին, որ արդեն ծամեմ հացի փոքրիկ կտորը: Նման խիստ ռեժիմ մեր համար տատիկն էր սահմանել, այդ իսկ պատճառով էլ ողջ մնացինք: 

Դրա հետ մեկտեղ, իմ մանկական տպավորություններում այդ բարդ, սարսափելի օրերից մնացել է նաև սուր զգացողություն, որ մեր՝ շրջափակվածների մոտ, ժպտալու առանձնահատուկ պահանջ կա: Երևի, դրանում ինչ-որ հոգեթերապիա կար, միգուցե ինչ-որ ֆիզիկական պաշտպանություն»: 

Ուշադիր կարդացեք այս տողերը: Չորս տարի մարդիկ այս դժոխային պայմաններում են ապրել: Բայց խորհրդային տարիներին և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ ո՛չ Ալիսա Ֆրեյնդլիխը, ո՛չ Լենինգրադի բլոկադայում ողջ մնացած այլ հայտնի մտավորականներ (իսկ դրանք հարյուրավոր են՝ Իլյա Ռեզնիկ, Ելենա Օբրազցովա, Գալինա Վիշնևսկայա, Դմիտրի Շոստակովիչ և այլն), երբեք, ոչ մի տեղ, ոչ մի բառով իրենց տառապանքների համար չեն մեղադրել խորհրդային իշխանություններին, չեն ասել, թե Ստալինը ինադու մեզ զրկել էր հոսանքից, գազից, տաք ջրից, էլ չասած՝ սնունդից: Իսկ չէին ասել, որովհետև իրենց այդ պատերազմի մաս են համարել, գիտակցել են, որ այդ տառապանքների գնով մոտեցնում են հաղթանակի օրը: Ու մինչև հիմա էլ տեր են կանգնում իրենց հաղթանակին: 

Իսկ ահա մեր մտավորականություն կոչվածը, որը տասնամյակներ շարունակ բտվել է խորհրդային բյուրոկրատիայի լափամանից, մինչև հիմա չի հաշտվում այն մտքի հետ, որ պատերազմի տարիներին նեղություն է կրել: Մինչև հիմա Վահան Արծրունին ու իր պես մտավորական կոչվողները չեն ներում իշխանություններին, որ պատերազմի տարիներին հոսանք չեն ունեցել: Հետո ի՞նչ, որ պատերազմ է եղել: Պատերազմը Ղարաբաղում էր, մեկ էլ՝ սահմանամերձ շրջաններում, մե՞զ ինչ... բա մենք ուզում էինք ոտը ոտին գցենք, դիվանին պառկենք, արարենք ու ստեղծագործենք: Իսկ իշխանությունները մեզ զրկում էին այդ հաճույքից: Բա դրանք մա՞րդ են, որ մեզ զրկել են հոսանքից, գազից, նորմալ սնունդից: Հաստատ... հաստատ Լևոնը հոսանքը տվել էր գետնին, հողանցում էր արել, ինչ էր արել, մազութն էլ տարել, Արաքս գետն էր լցրել, թուրքական լոբին էլ բերել, մեզ դայաղ էր տվել, որ շուտ մեռնենք: Հարյուր տոկոս: 

1941-45թթ. պատերազմի ժամանակ Կլավդիա Շուլժենկոն շրջափակված Լենինգրադում ավելի քան 400 համերգ է տվել՝ ռազմաճակատի գծում, զինվորների համար: Մի հատ թող Վահան Արծրունին ու իր պես հոսանքազրկված մտավորական կոչվողները հայտնեն, թե քանի՞ անգամ են առաջին գծում համերգ տվել, ելույթ ունեցել, քաջալերել տղերքին: Մի հատ ասեք, էլի: 

Ասում եք՝ ինչի՞ պարտվեցինք պատերազմում: Որովհետև տեր չկանգնեցինք 1990-ականների մեր հաղթանակին: Եվ առաջին հերթին տեր չկանգնեց հենց մտավորականություն կոչվածը: Որովհետև իրենց հաղթանակներ պետք չէին. իրենց պետք էր անհոգ ու կուշտ կյանք՝ պետական կոչումներով, մեդալներով, պարգևավճարներով, համերգների պատվերներով, պետության հովանավորչությամբ:

Ու Վահան Արծրունին իբր համարվում է մեր մտավորականության առաջադեմ ներկայացուցիչներից մեկը: Յանի Մեսչյանի հետ է նվագել, ռոք-մոք, ազատ թեմատիկա... թե որ սա է առաջադեմը, բա էն մնացածների մասին ի՞նչ ասենք, որոնց QR կոդը... կներեք, IQ-ն, մնացել է 16-17-րդ դարերի սահմանագծում: 

Հ.Գ. 7-րդ կամ պարզապես «Լենինգրադյան սիմֆոնիան» Շոստակովիչը գրել է շրջափակված Լենինգրադում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1797 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ