...

Ապարանը՝ համակարգի վախճանի մինի մոդել

Ապարանը՝ համակարգի վախճանի մինի մոդել

Ապարանցիները բողոքի ցույց են անում՝ խնդրելով ՀՀ վարչապետին հրաման տալ, որպեսզի արդար դատաքննություն իրականացվի օրերս Ապարանում տեղի ունեցած արյունահեղության փաստով։ Հավաքին ներկա են սպանվածների հարազատները, ընկերները, հարևանները, բոլոր այն մարդիկ, որոնք որևէ ձևով առնչվում են սպանվածներին, հիվանդանոցներում գտնվող մնացած տղաներին։ Ապարանցիները կոռեկտ են իրենց հայտարարություններում․ ամենասուր բանը, որ ասում են, հետևյալն է՝ թող մեղավորները պարզապես թողնեն ու հեռանան Ապարանից, նրանք չեն կարող այլևս ապրել այդ քաղաքում։ 

Այսօրվա ակցիան էլ միանգամայն հաստատում է «ՉԻ»-ի հրապարակած տեղեկությունն այն մասին, որ վեճը «գողական-կենցաղային» է։ Հարց է առաջանում՝ բա՞ քաղաքական կոմպոնենտը, որ առաջին օրվանից թքում-կպցնում են այս գործին, հետո կպցրածը պոկվում-ընկնում է։ Քաղաքական էլ է, բայց ոչ այն սահմաններով, որոնք գծվում են Քոչարյանին սպասարկող լրատվամիջոցների կողմից։ 

Առաջին. ծնունդով Ապարանի գյուղերից, բայց Երևանում ապրած տղաները Ապարանում կտրում են ոստիկանի մեքենայի դիմացը։ Դե, հասկանալի է, ինչ խոսակցություն կլինի այդ պահին։ Հետո այն շարունակվում է բենզալցակայանում, ապա՝ Նիգավանի աղբանոցում։

Երկու օր Ապարանը «ռազբորկաների» մեջ է լինում։ Դե, դրանք էլ ուղեկցվում են հայհոյանքներով ու մնացած բաներով՝ լոկալ ծեծեր, սկզբում՝ օդ կրակել, վերջում՝ արդեն սպանություն։ Ստացվում է՝ կենցաղային հողի վրա առաջացած կոնֆլիկտը լուծելու համար գործի են դրվում գողական հասկացություններն ու քրեական ենթամշակույթի ողջ գործիքակազմը։ 

Երկրորդ․ տեղի ունեցածը քաղաքական է այն իմաստով, որ, նորից ենք կրկնում, երկու օր շարունակ Ապարանում անհանգիստ «շարժեր» ու «հավաքներ» են եղել, իսկ ոստիկանապետն ու մնացած օպերատիվ աշխատակիցները ոչինչ չեն ձեռնարկել։ Թողել են, որ գողականով հարցը լուծեն։ Պետական համակարգի ֆաքաութի ավելի ցայտուն օրինակ դժվար էլ գտնենք։ Բացի այս, տեղի ունեցածը քաղաքական է այն առումով, որ ռազբորկաներին մասնակցություն են ցուցաբերել համայնքային իշխանության ներկայացուցիչների հարազատները՝ եղբայրներ, քեռու կամ հորեղբոր տղաներ։ Նրանք իրենց մասնակցությամբ տոն են տվել կողմերին։ Գուցե ոչ միտումնավոր, բայց այլևս փաստ է, որ նրանցից շատերը ֆիզիկապես ներկա են գտնվել «ռազբորկաներին»։ 

Այս պահին հիվանդանոցում հայտնված երիտասարդներից մեկի վիճակը դեռ ծանր է։ Ապաքինում նրան։

Գոհար Վեզիրյան 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3780 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ