...

Առա´ջ, դեպի թարս կապուտ

Առա´ջ, դեպի թարս կապուտ

Բլոտապետության վախճանը

Այս շաբաթ շախմատը վերջնականապես դադարեց Հայաստանի թիվ 1 մարզաձևը լինել: Հիմա ամենամոդայիկ մարզաձևը պինգ-պոնգն է: Այս մարզաձևի մասսայականացման գործում մեծ ավանդ ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը: Ճիշտ է, առայժմ գնդակի փոխարեն օգտագործում են տարատեսակ հրամանագրեր, առարկություններ, միջնորդություններ, բայց դրանից պինգ-պոնգի էությունը չի փոխվում: Բավական լավ էլ խաղում են: Մեկ Փաշինյանն է «տոպկում», հետո Արմեն Սարգսյանն է պատասխան «տոպկոցիով» աչքի ընկնում... Ու այնքան արագ են խաղում, որ չենք հասցնում օպերատիվորեն դա գնահատել, մեկնաբանել:

Բա որ մենք չենք կարողանում գնահատել, բա էս խեղճ ընդդիմությունն ի՞նչ ասի: Մեռան ավանսով Արմեն Սարգսյանին հերոսի կամ պետականամետի կոչումներ տալով, բան չստացվեց: Վերջին հույսը Օնիկ Գասպարյանն էր, բայց նա էլ որոշեց օրենքի տառին ու ոգուն համապատասխան գործել, ինչը Վազգեն Մանուկյանին հունից հանեց: Վերջինս իրեն արդեն մի քանի ամիս է, գերագույն և գլխավոր զորահրամանատար է կարգել: Բայց ի՞նչ հրամանատար առանց բանակի, տանկերի, զրահատեխնիկայի, ինչը այդպես էլ անկատար երազ մնաց:

Մեկ-մեկ որ Վազգեն Մանուկյանի հարթակային ելույթները լսում ես, թվում է, թե փոքր երեխա է, որի ձեռքից խլել են իր սիրելի խաղալիքը: Իր համար իշխանությունը խաղալիք է, որն իշխանությունները խլել են ու չեն տալիս: Ու ամբողջ օրը մենակ դա է ասում. տվեք իմ խաղալիքը, տվեք իմ խաղալիքը: Մինչև չտաք, տզզոցս չեմ կտրի:
Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, բայց ինչի՞ պիտի տամ, հենա ես խաղում եմ, էլի: Չեմ տալիս: Այո, ցավոք, մեր պետականությունն այսօր խաղալիքի կարգավիճակում է հայտնվել: Ում ձեռքն ընկնում է, մի քիչ խաղում, փչացնում է: 

Ի՞նչ էինք ասում: Հա´, պինգ-պոնգը: Վազգեն Մանուկյանը նաև այս հարցում անհամաձայնություն ունի Փաշինյանի հետ: Ասում է, պետք է զարկ տալ.... բլոտի մասսայականացմանը: Բաղրամյանում ու Դեմիրճյանում բլոտի լավ սեղաններ են գցել, արդեն բլոտի զույգեր, այսպես ասած՝ դաշինքներ են ձևավորվել, որով կարելի է եզրակացնել, թե հիմա ով, ում հետ է քիփ: 

Վազգեն Մանուկյանն էլ տեսնելով, որ ժողովուրդը, այսինքն՝ բլոտիստները, ավելի կրքոտ ու վճռականությամբ են վանկարկում «քուանշ», «թերզ-բլոտ», «բոյը 27», քան «Արմեն Սարգսյան՝ դա-վա-ճան», որոշեց զարգացնել թեման և երեկ հայտարարեց հետևյալը. «Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, որ իր սրելու պատճառով մենք չենք ուզենա ադեկվատ սրել, ապա սխալվում է: Ինքն ինչքան սրի, մենք նույն մակարդակի վրա կլինենք»:

Նահանջի մահացու ճանապարհը 

Հիմա վիճակը սա է. Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընդդիմությանը «կապուտ» հայտարարել, բայց մտավախություն ունի, որ ընդդիմությունը «քուանշ» կտա, ինքն էլ ստիպված կասի՝ սրի, Վազգեն Մանուկյանն էլ կպատասխանի՝ «չորս անգամ» ու համը դուրս կգա: Այդ առումով պինգ-պոնգը ավելի թավշոտ խաղ է: Մանավանդ որ ընդդիմության շարքերում լուրջ տարաձայնություններ են առաջացել. մի մասն ասում է, որ պետք է իշխանության հետ բազար-բլոտի գնալ, Վազգեն Մանուկյանն էլ ասում է՝  չէ, որ չէ, պտի սրենք ու մինչև վերջ գնանք: 

Ինչ-որ տեղ կարելի է հասկանալ մեր վարչապետացուին. թե որ չկարողանա ազգը փրկել, ի՞նչ երեսով է նայելու Վարդուհի Իշխանյանին: Օ՜, որ հանկարծ վարչապետ չդառնա, է՜, տանը ցմահ «մահ, մահ Վազգենին» վանկարկումներ է լսելու: Այնպես որ, մեծ է Հայաստանը, բայց նահանջելու տեղ չկա. հետևում Վարդուհին է:

Աբրահամն ու սառը տարիները

Ինչ մեր մեղքը թաքցնենք, այս  շաբաթ մեղք գործեցինք. Աբրահամ Գասպարյանի հաղորդումը նայեցինք: Դե, շուխուր-մուխուր կար, ասինք՝ հետ չմնանք: Խոստանում ենք, որ էլ տենց բան չենք անի: 5 րոպե նայեցինք, մրսեցինք, այնքան ջիգյարով էր ներկայացնում, թե որքան ցուրտ էր 90-ականներին, աչքներս մթնեց, այնպիսի կրքոտությամբ էր պատմում, թե ինչքան մութ էր 90-ականներին, նույնիսկ՝ ցերեկը, ամոթի զգացում ապրեցինք, երբ վստահեցնում էր, թե անձամբ է գրադարանում  տեսել, թե ինչպես է Լևոն Տեր-Պետրոսյանը որդեգրել Նիկոլ Փաշինյանին: Շուշին թաքուն գրավելու և Բաքուն բացահայտ չգրավելու մասին իր խոսքն արդեն բաց թողեցինք, փոխեցինք ալիքը, լավ էր, «Երկիր Մեդիա» ընկանք, որտեղ Վազգեն Մանուկյանին տողատակերով քրֆում էին՝ Դաշնակցության սև անցյալի մասին ավել-պակաս խոսելու համար: Հետո մտանք «Կենտրոն», որը մեզ կոչ արեց ոսկեղենը գնել բացառապես «Առինջ Մոլից», սպորտ պարապել բացառապես Օլիմպավանում, ու ինչ-որ տաշած քար գնել Արարատի հանքերից: Նադայել եղած, միացրինք «Արմենիան», որտեղ մի հնդիկ կին 98-ի հեղաշրջումից ի վեր չի կարողանում իր ավագ որդուն գտնել, ինչի պատճառով ամենայն հայոց կանայք գիշեր-ցերեկ քուն չունեն: Բայց հեռուստացույցն անջատելուց առաջ նորից մտանք Armnews. էն խեղճ Աբրահամը ընկած գետնին, ազգային-սոցիալիստական տեսքով լացակումած ասում էր, որ իր ուժն իր անօգնական վիճակի մեջ է, ու դրա մեղավորը Խաչատուր Սուքիասյանն է: 

Անջատեցինք ու հիշեցինք մի հինավուրց հրեական անեկդոտ, երբ Աբրահամն ասում է. «Սառա ջան, մեր միջև երկխոսության շանս դեռ կա՞, թե՞ դու արդեն միանշանակ ճիշտ ես»:

«Չորրորդ իշխանություն», թիվ 10, 2021

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ