...

«Առաջնորդը» նոր կենսագրություն է սկսում

«Առաջնորդը» նոր կենսագրություն է սկսում

ԱՆՍԱԿԱՐԿԵԼԻՆ

(ազատագրված իր հին ընկերներից)

Նա ի սկզբանե համոզված էր, որ ինքը ոչ միայն երկրի ղեկավարի, այլև «համաշխարհային ազգ» կերտող արարողի և այն առաջնորդողի անսակարկելի առաքելություն ունի:

Շարժման հաղթանակից հետո սեփական անձի մասին իր և հասարակության պատկերացումների էական տարբերության պատճառով նա հանրապետությունում առաջին դեմք չդարձավ: Վարչապետության ընդամենը մեկ տարվա ընթացքում նա իր յուրօրինակ «կադրային քաղաքականությամբ», անձնականի բացարձակացման հիվանդությամբ, անընդհատ նոր լիազորություններ պահանջելու կասկածելի սովորությամբ հասցրեց հատել տարօրինակի սահմանագիծը: Նա առաջին պաշտոնյան էր, որին հասարակական կարծիքը մեղադրում էր կաշառակերության և չարաշահումների մեջ: 1991-ին Լևոն Տեր-Պետրոսյանի ստացած ձայների՝ հուսահատեցնող տոկոսը (մոտ 84) նրան հուշեց, որ իրեն լուրջ և բազմակողմանի նախապատրաստություն է պետք՝ համագործակցել թեկուզ սատանայի հետ, չխորշել թեկուզ սատանայական հնարքների դիմելուց, խտրություն չդնել միջոցների մեջ:

Նա իր համար նոր կուսակցություն ստեղծեց՝ ԱԺՄ-ն, ՀՀՇ-ից պոկելով առաջին բեկորը:

Դժվար է, հայաստանյան իրականության մեջ, գտնել գեթ մի այլ դեպք, երբ համեմատաբար սակավաթիվ կուսակցությունը այնպիսի տևական, համբերատար և տիտանական աշխատանք տարած լինի իր «առաջնորդի» համար, ինչպես և ինչքան ԱԺՄ-ն: Ա. Սադոյանի կոկորդը պողպատից պետք է լիներ՝ չպատռվելու և քաղցկեղ չստանալու համար՝ տասը տարի շարունակ «հարգելի ռադիոլսողներին» հօգուտ Վ. Մանուկյանի «բան հասկացնելու» և նրանց սիրտը շահելու համար: Դ. Վարդանյանը, Ս. Ավագյանը և մյուսները պետք է մոռացած լինեին մարդկային ամեն տեսակ արժանապատվություն՝ նույն նպատակով խորհրդարանական և ոչ խորհրդարանական ամեն տեսակ աճպարարությունների դիմելու համար: ԱԺՄ-ի ոչ բազմամարդ կառույցը ամբողջ երկու տարի մանրակրկիտ և համբերատար «սանրեց» ողջ հանրապետության տարածքը՝ բնակավայր առ բնակավայր և շենք առ շենք՝ իր առաջնորդի՝ նախագահ դառնալու երազանքը ի կատար ածելու համար: Անմնացորդ օգտագործվեց հին և նոր, կասկածելի մաքրությամբ և հաստատ անմաքուր ընտրական տեխնոլոգիաների ողջ զինանոցը (հատկապես «կարուսելները»): Այս գործում ՀՅԴ-ն հսկայական ֆինանսական ներդրում արեց (ըստ ոմանց՝ հինգ անգամ ավելի, քան Սոս Սարգսյանի համար):

Եվ այնուամենայնիվ նա հաջողության չհասավ: ԱԺՄ-ի առաջնորդները չխորշեցին սեփական անձը և վարկը «առաջնորդի» համար իրական վտանգի ենթարկելու գործողություններից: Սեպտեմբերի 25-ին Վ. Մանուկյանի կոչով նրանք սերժանտի պատրաստակամությամբ անձամբ գլխավորեցին խորհրդարանի շենքի աննախադեպ և խայտառակ գրոհը, վանդալիզմը: Ճիշտ է՝ մի քանի ժամ անց նրանցից ոմանք կոտրտված կողերով և «մամա ջա՜ն» գոռալով թավալվում էին Վազգեն Սարգսյանի ոտքերի տակ, սակայն հետո էլ ամենևին չփոշմանեցին իրենց կատարած զոհողությունների համար:

1998-ի նախագահական ընտրություններում Վ. Մանուկյանը հավաքեց իր իրական՝ քառակի պակաս ձայները (համեմատած ընդամենը երկու տարի առաջվա հետ), հաջորդ՝ 1999-ի խորհրդարանական ընտրություններում անհրաժեշտ 5%-ի պատնեշը նրա կուսակցությունը չհաղթահարեց, և միայն նույն՝ Վ. Սարգսյանի «նվիրատվությամբ» նրանք հայտնվեցին խորհրդարանում: Այս ստորացուցիչ պարագան ևս էական որևէ փոփոխություն չմտցրեց Վ. Մանուկյան - ԱԺՄ հարաբերություններում:

Հազիվ թե որևէ մեկը մտածում էր, թե կոմպակտ ԱԺՄ-ն երբևէ կարող է Վ. Մանուկյանի կենդանության օրոք պառակտվել: Առավել ևս՝ հազիվ թե որևէ մեկի մտքով կանցներ, թե կազմակերպությունը կարող է դնել իր ղեկավարից հրաժարվելու հարցը, որ նրան կարող են հեռացնել ԱԺՄ-ի խորհրդարանական խմբակցության նախագահի պաշտոնից, որ նա ստիպված պետք է լինի գրոհով տիրանալ սեփական կուսակցության կնիքին և այլն:

Հատկապես նրան մոտիկից և շատ լավ ճանաչող ԱԺՄ-ի վերին էշելոնի գործիչները չէին կարող չնկատել և չհասկանալ, որ իրենց «անփոխարինելի առաջնորդը» կազմակերպության համար «խաղեր տալուց» դադարել և արդեն միայն անձնական քաղաքական խաղեր է տալիս: Խաղեր՝ ի հեճուկս կազմակերպության, իր ընկերների, և՝ նրանց թիկունքում: Գուցե ոմանք էլ վերհիշեցին ներքին հրճվանքից փայլատակող նրա դեմքը հոկտեմբերի 27-ին, վերհիշեցին այն փաստը, որ ոճրագործների պարագլուխը առաջիններից մեկը նրան էր փնտրում հետագա անելիքի շուրջ խորհրդակցելու համար: Վերհիշեցին, որ, դարձյալ առաջիններից մեկը, Վ. Մանուկյանն արտասանեց «կազմակերպիչներ չլինելու» միտքը և «ռոմանտիկներ» բառը... Գուցե այս ամենի հետ նրանց հայտնի էին նաև այլ փաստեր: Եվ որոշեցին «առաջնորդի» տված անձնական խաղերից ու հնարավոր «շառից» հեռու մնալ: Չգիտենք: Սակայն այն, ինչ կատարվեց ԱԺՄ-ում կարճ ժամանակում, անհնար է պառակտում անվանել: Պառակտումից սովորաբար երկու մաս է առաջանում: ԱԺՄ-ն չորս մասի բաժանվեց: Նման հետևանք կարող է ունենալ պայթյունը: Իսկ պայթյուն կարող է առաջանալ այնպիսի պայթուցիչից, ինչպիսին է, օրինակ, վերոբերյալ ենթադրությունը կամ դրան համարժեք մի այլ բան:

Հետաքրքիր և խոսուն մի վիճակագրություն: Վ. Մանուկյանից հեռացան անխտիր բոլոր նրանք, ովքեր երբևէ եղել էին «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ վարչության անդամներ, այսինքն՝ ունեցել են առավել տևական և ցայտուն արտահայտված քաղաքական կենսագրություն, ուրեմն՝ նաև ավելի մեծ քաղաքական փորձ, հմտություն և հոտառություն: Առաջիններից մեկը Տիգրան Սարգսյանն էր, ապա՝ Արամ Մայիլյանը, այժմ՝ Դավիթ Վարդանյանը, Արշակ Սադոյանը, Շավարշ Քոչարյանը, Սեյրան Ավագյանը, Սեմյոն Բաղդասարյանը, Ֆիլարետ Բերիկյանը... Եվ սա կարծես թե պատահականություն չէ: Տրամաբանական ենթադրություն կա, որ Վ. Մանուկյանը ինքն էր կազմակերպել իր կուսակցության քառատումը:

Որ Վ. Մանուկյանը վերջին տարիներին փորձեր է արել մասնակցել իշխանական բազարին, կարելի է չկասկածել: Կարելի է նաև չկասկածել, որ նրան հասկացրել են, թե առաջին հերթին պետք է գա առանց «պոչի»: Այսօրվա պայմաններում, երբ իշխանական ոլորտում «քցելը» դարձել է քաղաքական գործունեության ամենաարդյունավետ մեթոդը, միմյանց վրա «դոսյեները»՝ քաղաքական խոսակցության միակ հասկանալի լեզուն, երբ իշխանության համար պայքարը քաղաքական դաշտից տեղափոխվել է ինտրիգների դաշտ և վերածվել իշխանության համար բազարի, նրանք, իհարկե, կարող էին խանգարել «առաջնորդին»: Որովհետև ինտրիգային «քաղաքականության» մեջ լուրջ կուսակցությամբ, քեզ հավասար կամ ընդամենը կես գլխով քեզնից ցածր տրամաչափի մի ամբողջ շարք գործիչներով դու ոչ միայն ծանրաշարժ ես, այլև վտանգավոր, և որպես ինտրիգների պարտնյոր՝ անպետք: Պարզ չէ՞, որ, օրինակ, նրա՝ վարչապետ դառնալու դեպքում ԱԺՄ-ի վերոհիշյալ գործիչները կարող էին հավակնել առնվազն մի քանի նախարարական աթոռի: Ավելին՝ յուրաքանչյուրն իր հետ բերելու էր իր սեփական «պոչը»: Այդ հեռանկարով նրան ոչ Քոչարյանը, ոչ Ս. Սարգսյանը խաղի մեջ չէին առնի: Եվ «առաջնորդը» հաջողությամբ ազատվեց նրանցից:

Մի այլ հանգամանք ևս. այժմ Վ. Մանուկյանը հակահհշական հիստերիայի խաղասեղանին կարող է մոտենալ կարևոր հաղթաթուղթ - փաստարկով՝ նա ազատվել է բոլոր նրանցից, ովքեր ինչ-որ ժամանակ եղել են ՀՀՇ-ի ղեկավար մարմնի կազմում:

Պայքարի իր ընկերների հետ այդպես կարող է վարվել միայն մառազմատիկ «առաջնորդը»՝ համոզված, թե ի վերուստ իրեն առաքելություն է տրված, իսկ աշխարհում ամեն ինչ և ամեն ոք ստեղծված են իրենով անձնավորված այդ առաքելության իրականացմանը նպաստելու, իր անձին ու ամբիցիաներին ծառայելու, հանուն դրա սպառվելու և դեն շպրտվելու համար:

Ա. Հովսեփյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 307, դեկտեմբերի 4, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   514 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ