...

Արհեստական գնաճ ծաղկի շուկայում

Արհեստական գնաճ ծաղկի շուկայում

Արհեստական դեֆիցիտ

«Թու-թու-թու»: Վերջին օրերին մոդայիկ դարձած այս արտահայտությունը կորոնավիրուսի տարածման հետ չէ միայն կապված:

Այս արտահայտությունն անում է ծաղկի արտադրությամբ զբաղվող ֆերմեր Հովիկ Հունանյանը: Մարտի 8-ին ծաղկի վաճառքը վատ չի եղել, կարողացել է ոչ միայն ներդրածը հետ բերել, այլև մի քիչ էլ գումար վաստակել: «ՉԻ»-ի հետ զրույցում ֆերմերը ասաց, որ այս տարի նախորդ տարիների նման ծաղիկների գները աստղաբաշխական չեն եղել:

Բարձր գին ունեցել են միայն վարդն ու կակաչը, ինչը տեղական արտադրողների մեղքով չէ: Ասում է՝ եթե ներկրողները չլինեին, դրանք էլ թանկ չէին լինի: Արհեստական գնաճ են ստեղծել: 

«Վարդ ներկրողները և խոշոր արտադրողները մարտի 8-ից մեկ շաբաթ առաջ արհեստականորեն փորձում են գները կանգնեցնել: Պահեստավորում են, արհեստական դեֆիցիտ են ստեղծում, որի հետևանքով գները բարձրանում են»,- պարզաբանեց ֆերմերը:

Առաջիկայում նմանատիպ պատկեր կստեղծվի մեխակի շուկայում: Սուրբ Զատկին հաջորդող մեռելոցին հայկական շուկան ողողվում է թուրքական մեխակներով: Ներկրումները մեծ վնաս են հասցնում հայ ծաղկավաճառներին, քանի որ գնային մրցունակությամբ թուրքական մեխակը շատ ավելի էժան է։ 

«Թուրքական մեխակները հեսա կհայտնվեն հայկական գերեզմաններին: Թուրքիայում էներգակիրների խնդիր չկա, դրա համար էժան է լինում մեխակի գինը, իսկ մեզ մոտ գազի, էլեկտրաէներգիայի գները բարձր են: Մեզ մոտ ծաղկի դեպքում 70 տոկոսը կազմում է ջեռուցումը»,- նկատեց ծաղկավաճառը:

Իսկ որ երկրներից են տեղական արտադրանքի կողքին նաև ներկրված ծաղիկներ վաճառվում:

Պարզվում է՝ աշխարհագրական ցանկը բավական լայն է: Ծաղիկներ բերվում են տարբեր երկրներից:

Ծաղիկներ՝ Էկվադորից

Պետական եկամուտների կոմիտեից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ ծաղիկներ, ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ է Հայաստան ներկրվում Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, Իրանից, Թուրքիայից, Իսպանիայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Վրաստանից, Սերբիայից:

Նիդերլանդներից, Լեհաստանից, Հնդկաստանից, Բոսինա և Հերցեգովինայից, Չինաստանից, Հունաստանից, Շվեյցարիայից, Ֆինլանդիայից, Լյուքսեմբուրգից նույնպես ծաղիկներ են բերվում:

Հայկական շուկայում ծաղկեփնջի ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ կա նաև Թայլանդից, Էկվադորից, Քենիայից, Հարավ-Աֆրիկյան հանրապետությունից, Ճապոնիայից և Մոլդովայից:

Ովքե՞ր են ներկրում

Ըստ Ազգային վիճակագրական կոմիտեի՝ 2019 թվականին, 2018-ի համեմատ, ծաղկի, կոկոնների, դեկորատիվ կանաչի ներմուծման ծավալները նվազել են: 2018-ին ներմուծվել էր 135 տոննա ծաղիկ, անցյալ տարի այդ թիվը հասել է 44 տոննայի:

Հայաստանից նաև ծաղիկ է արտահանվում և այն էլ մեծ ծավալով: 2017-ին արտահանվել է ավելի քան 1400 տոննա ծաղիկ, 2018-ին՝ 1290 տոննա, իսկ անցյալ տարի՝ 1315 տոննա։ 

Ծաղկի մշակությամբ զբաղվողների փոխանցմամբ, օրինակ, Հոլանդիայից ներկրված վարդերն արտահանվում են Ռուսաստան:

Հայաստանում խոշոր ներկրողներ են «Վարդերի աշխարհը», «Բրաբիոն ֆլորա Սերվիսը», իսկ սենյակային բույսերից՝ «Մարմարի աշխարհը»: Ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ է ներմուծում «Ավ գրուպը», որի հիմնադիրը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայրն է:

ՊԵԿ-ի տրամադրած տվյալներով՝ 2018-2019 թվաններին ծաղկեփունջ, ծաղիկներ, կոկոններ ու դեկորատիվ կանաչ են ներմուծել «Բիոն», «Ծաղկի շուկա» ՍՊԸ-ները, մի շարք այլ ընկերություններ և անհատներ:

Փոփոխություն է եղել

Հայաստանում գործող ջերմատների 40 %-ն է զբաղվում ծաղիկների արտադրությամբ, մնացած 60 %-ը էլ բանջարեղեն է արտադրում՝ փաստում է «Ջերմոցային ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Պողոս Գևորգյանը:

Նա հիշեցրեց, որ վերջին տարիներին է այս պատկերը ստացվել: Մինչև 2006 թվականը ջերմատների 60 %-ն  էր ծաղիկ աճեցնում, իսկ 45 %-ը՝ բանջարեղեն: Ծաղկի մշակման ծավալների կրճատման պատճառները տարբեր էին:

«Շուկան փոքր էր, վաճառքի ծավալները քիչ էին, մի կողմից էլ ներկրումներ կար»,- նշեց Գևորգյանը: 

Ծաղիկների հայկական շուկան բավական բազմազան է: Եթե մոտ 20 տարի առաջ այն խիստ սահմանափակ էր՝ մեխակ, վարդ, լավագույն դեպքում՝ քրիզանթեմ ու ամառային ծաղիկներ: Ներկայում տեղական շուկայում կան գրեթե բոլոր տեսակների, այդ թվում` էկզոտիկ ծաղիկներ:

Արտադրողների խոսքով՝ որքան էլ այս ոլորտում խնդիրներ կան, այնուամենայնիվ, անգամ նման դժվարին պայմաններում գործող ջերմատները կարողանում են ապահովել ներքին շուկայի պահանջարկը: 

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 24, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1581 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ