...

Արիստոտելն էլ մեռավ

Արիստոտելն էլ մեռավ

Ձեր օրն էլ կանցնի

«Խելացի մարդը միշտ համաձայնվում է մեկ ուրիշ խելացի մարդու հետ, իսկ հիմարը սովորաբար չի համաձայնվում ոչ խելացիի, ոչ էլ հիմարի հետ». Արիստոտել:

Միանգամից զգուշացնենք, որ Արիստոտելը մեռել է, Քննչական ծառայությունը չբռնի, նրա դեմ քրեական գործ հարուցի՝ իշխանության ներկայացուցչին զրպարտելու և վիրավորելու մեղադրանքով: Ի՞նչ իմանանք, շառի ու.. մի խոսքով, շառի դար է:

Շաբաթն ավարտենք հույն փիլիսոփայի խոսքերով, իշխանություններն էլ՝ հպարտ քաղաքացու օրը նշելով: Այնպես, ինչպես բոլշևիկներն էին նշում 1917 թվի հեղափոխությունը: Փուչիկներով, պաստառներով և ուռա-ներով: Այսինքն՝ ժամանակավոր է: Կգան հաջորդները, իրենց օրը կնշանակեն, օրինակ՝ քաջ կամ պահանջատեր քաղաքացու օրը: 

Չնայած, աչքաչափով էլ է երևում, որ հպարտ քաղաքացիների թիվը զգալիորեն քչացել է այս տարիներին: Ավելին՝ ինչքան հպարտ քաղաքացիների քանակը նվազում է, այնքան աճում է հպարտ ֆեյքերի թիվը: Իշխանությունները հպարտության դոզան այդպես են պահպանում: 

Ռսի ջեբը լայն է

Էս մի ամիս է, մեր հպարտավորները, բացի նրանից, որ սկսել են իրենց սրբադասել ու դրա հիման վրա էլ որոշել, որ կարող են մեղավորներիս վրա թքել, մրել, նաև նոր տակտիկա են կիրառում: 2020-ի պատերազմից հետո իրենց աղետալի քաղաքականության հետևանքների պատասխանատվությունը գցում էին նախկինների վրա: Ինչ ուզում է, լիներ, նախկիններն էին մեղավոր:

Բայց հիմա նախկինների ջեբերը երևի արդեն էնքան շատ են իրենց աղետներից գցել, որ այդ ջեբերը լցվել են: Ուրեմն, ավելի մեծ ջեբ է պետք: Իսկ ո՞ւմ ջեբը կարող է ավելի մեծ լինել. իհարկե, Ռուսաստանի: Անծայրածիր ջեբ է, ինչքան էլ լցնես, տեղ կանի: 

Հիմա Ադրբեջանը տարածք կգրավի, միջանցք կփակի, կսպառնա, նոր պահանջներ կներկայացնի, կապ չունի, ասում են՝ սխալ հասցեով եք դիմում, բոլոր հարցերով դիմեք Ռուսաստանին: Ինքն է պատասխանատուն:  

Ռուսաստանն էլ խրված է Ուկրաինայում, շունչ քաշելու ժամանակ չունի, իրեն ամեն օր հասցեագրվող մեղադրանքներին կես բերան է արձագանքում, բայց փոխարենը ուրիշ բան է անում, ասում է՝ «Հարգելի Հայաստան ջան, էդ ձեր կաթնամթերքի գույնը դուրս չի գալիս, վրայից էլ հոտ ա գալիս: Ձեր էդ ծիրան է, չիր-միր, լսել ենք՝ մեջը ոնց որ թե որդ-մորդ կա: Նաղդ հիվանդության բուն է: Նայեք, տեսեք ինչ եք անում, մի հատ դզեք, սարքեք ձեր գյուղմթերքները, հետո կմտածենք, թողնենք մեր տարածք, թե չէ»: 

Սուս, քնած են Ալենի... տակ, տակ, տակ

Լավ, բա ընդդիմությունն ի՞նչ է անում: Ո՞նց թե, ինչ է անում. սպասում է, որ անձրևները պրծնեն: Անդուր եղանակ է, հեչ չի նպաստում հայրենիքի փրկությանը: Հլը որ բավարարվում են Կանադայում, Լոսում ու Բրյուսելում շքեղ ակցիաներ անցկացնելով, դրոշ վառելով: Այստեղ էլ հյուրանոց, ռեստորան... թարազուի են բերում, վերանորոգում, բարեկարգում նոր սեզոնին ընդառաջ: Դե, իսկ երբ սեզոնը սկսվեց, ինքներդ եք հասկանում՝ ռուս տուրիստներ են գալու, շոգ է լինելու, իշխանության դեմ պայքարի ժամանակ չի լինելու: 

Ընդդիմությունը կարող է հակաճառել. չե՞ք տեսնում՝ ինչ հզոր ելույթներ ենք ունենում խորհրդարանում, մի երկու անգամ էլ Ալեն Սիմոնյանի գծած գծերից ոտներս դուրս ենք հանել, բա դա չե՞ք գնահատում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   722 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ