...

Աշխարհը փոխվում է, իսկ մե՞նք...

Աշխարհը փոխվում է, իսկ մե՞նք...

ԵՏԱՃ

ԱՄՆ-ում իրականացված ահաբեկչական գործողությունն ազդել է ոչ միայն ամերիկացիների, այլև քաղաքակիրթ մարդկության հոգեբանության վրա: Տեռորիստներին առայժմ հաջողվել է մի կողմից՝ վախի, մյուս կողմից՝ անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծել: Աշխարհի մեծ, հարուստ և մինչ այժմ անխոցելի թվացող մայրաքաղաքները հանկարծ վերածվեցին անպաշտպան թիրախների, որովհետև ոչ ոք չի կարող պատկերացնել՝ էլ ինչ «գյուտ» կանեն ինքնաթիռ-կամիկաձեների հեղինակները: Սակայն նույն այդ քաղաքակիրթ աշխարհը, որ լուրջ ու հիմնավոր մտավախություններ պետք է ունենա ահաբեկիչների հետագա քայլերի հանդեպ, անվերապահ որոշում է ընդունել՝ ոճրագործությունը պետք է պատժվի: Հոգեբանորեն միանգամայն հասկանալի է ամերիկացիների և նրանց դաշնակիցների այսքան բուռն հակազդեցությունը: Որովհետև մարդիկ գիտակցում են՝ ահաբեկիչները ձեռնոց են նետել ողջ քաղաքակրթությանը, ոճրագործությունն ուղղված է բոլորի դեմ, աշխարհակարգի դեմ, օրենքի դեմ, պետությունների դեմ:

Իսկ ի՞նչ արեցինք մենք 1999 թվականի հոկտեմբերի 27-ի նույնքան լկտի հանցագործությունից հետո: Հասկացա՞նք, որ 5 ոճրագործները ավտոմատային կրակահերթ արձակեցին Հայաստան-պետության վրա, ուրեմն և՝ բոլորիս վրա ու ամեն մեկիս՝ առանձին-առանձին: Հասկացա՞նք, որ տեռորիստների խումբն ու նրանց պատվիրատուները, պետության առաջին դեմքերին ոչնչացնելով, յուրօրինակ մահափորձ են ձեռնարկել ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու դեմ: Կարծում եմ՝ ոչ: Ինչ պիտի անեինք մենք՝ բոլորս և ամեն մեկս՝ առանձին-առանձին:

Նախ՝ պետք է ըմբռնեինք կատարվածի էությունը և ազդեցության չափը: Իսկ կատարվածը սովորական «ռազբորկա» չէր, այլ պետական հանցագործություն՝ մեր հայրենիքում վերջնական և անշրջելի բռնապետություն հաստատելու միտումով: Այս ծրագիրն իրականացվում է քայլ առ քայլ, քանզի ահաբեկչությունը մեզ համար վերածվել է սովորական կենսաձևի, քանզի մեր իշխանավորները լիուլի օգտվում են դրա ընձեռած միջոցներից և, փաստորեն, անքննելի են նրանց գործերը:

Ուրեմն՝ էությունը պետական հեղաշրջումն էր: Իսկ ազդեցությունն օգնում է բռնապետական կարգերի կատարյալ հաղթանակին: Որովհետև նման արյունալի ոճիրներն անխուսափելիորեն ծնում են ֆիզիկական սարսափի մասսայական զգացում: Իշխանությունների «беспредел»-ին ընդդիմացողները նույնպես մարդիկ են, որոնց համար սեփական կյանքը «գաղափարից» թանկ է: Այսօրվա Հայաստանի վիրտուալ ընդդիմադիր դաշտում շատ են «պրագմատիկները», հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը զուրկ է սեփական շահերը գիտակցելու և պաշտպանելու ունակությունից: Մեր ազգային հարմարվողականությունն առավել վառ դրսևորվեց հենց ահաբեկչության հետևանքով, որովհետև վախը դառնում է հենց այդ հատկանիշը սնուցող գործոն: Հարմարվողականությունը և ասիական խաղերը երկրի ներսում կոռումպացնում են և՛ իշխանությունն ամբողջովին, և՛ հասարակությունը: Այսպիսի երկրից փախչում են, որովհետև անապահովությունն ու անհեռանկարությունը շատերին են ստիպում այդ քայլին դիմել, փախչում են ճիշտ այնպես, ինչպես իրենց տարրական իրավունքներից զրկված միլիոնավոր աֆղանցիները՝ թալիբներից:

Երկրորդ՝ Հայաստանում պետք է գտնվեր ընդդիմադիր ուժ, որ հստակորեն դատապարտեր ահաբեկչությունը՝ որպես երևույթ, և բացատրեր հասարակությանը դրա հետևանքները: Հայաստանյան ընդդիմությունն ուղղակի իրավունք չուներ մտածելու «քաղաքական» նրբերանգների մասին, քանի որ բոլորիս աչքի առաջ իշխանություններն ու նրանց ծառայող բազմաթիվ խոսափողերը անթաքույց պաշտպանում էին և մինչ օրս էլ պաշտպանում են 5 ահաբեկիչների մարդու իրավունքները: Պարզ է՝ խնդիրն այնքան էլ պրիմիտիվ չէ: Մանավանդ որ ընդդիմությունը (եթե այդպիսին կա) շատ ժամանակ ու հնարավորություններ է կորցրել Հայաստանում հակաահաբեկչական մթնոլորտ ստեղծելու համար: Այսօր իրենց ընդդիմադիր հորջորջող «լիբերալներից» քանի՞սը հասկացան ՀՀ առաջին նախագահի ոչ պոպուլյար քայլը՝ ահաբեկչական հարուստ ավանդույթներ ունեցող կուսակցությունը «փակելու» ուղղությամբ: Քչերը: Արձանագրենք. ՀՅԴ-ն իր գործունեությունն սկսել է ահաբեկչությամբ և այսօր էլ շարունակում է՝ այդ երևույթն արդարացնելով: ՀՅԴ կարգախոսը նույնիսկ անկախ Հայաստանում մնում է «Մահ կամ ազատություն»-ը (ու՞մ մահը և ու՞մ ազատությունը), ՀՅԴ շարքերն ընդունվելիս մինչ այժմ մեր հայրենակիցները երդվում են մաուզերի վրա (ու՞մ վրա են կրակելու, Հայաստանի ներսում՝ ո՞ր թշնամու, չէ՞ որ արտաքին թշնամուց մեզ պաշտպանում է հայկական կանոնավոր բանակը), սույն կուսակցությանը կից գործող «Դրո» կառույցը ծայրահեղ ահաբեկչական էր, և վերջապես՝ հոկտեմբերի 27-ից հետո հենց այդ կուսակցության լիդերն էր սպառնում ընդդիմանալ հայկական բանակին բենզինի շշերով:

Չզգացինք վտանգը ո՛չ հոկտեմբերի 27-ից առաջ, ոչ էլ հետո: Որովհետև ահաբեկչական-պահանջատիրական գաղափարախոսությունը 1998-ին իրադրության փոփոխության պատճառով դարձավ պետական քաղաքականություն: Սրա ամենավտանգավոր դրսևորումը ՀՀ արտաքին քաղաքական «զարգացումներն» են: Նորից կրկնենք՝ Արցախի հիմնահարցը սկսեցին որակել որպես հողային պահանջատիրության մաս՝ հրաժարվելով ազգերի ինքնորոշման սկզբունքից: Եվ դրսի աշխարհը մեզ վերադարձրեց մեր ապաշնորհությունը: Աշխարհի համար այլևս Հայաստանն օկուպանտ է, հայերը՝ սեպարատիստ ու ահաբեկիչ: Մտավախություն ունենք, որ հակաահաբեկչական այս ալիքից օգտվելու են մեր հակառակորդները՝ միջազգային հասարակական կարծիքը մեր դեմ ուղղելու վերջնական նպատակով: Եվ սրան նպաստելու են թե՛ 70-ականների տեռորիստները, թե՛ մեր երկրի ներսում իրականացված ու չդատապարտված պետական ոճիրը:

Հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո Հայաստանում չձևավորվեց ամբողջական, միասնական ընդդիմություն, որն այդ պահին հասարակական լայն աջակցություն էր գտնելու, քանզի վերքը շատ թարմ էր: Մեր քաղաքական գործիչներից յուրաքանչյուրը մտածում էր սեփական վարկանիշի մասին և ոչ միայն...

Բայց, կարծում ենք, դեռ ամեն ինչ կորած չէ մեր երկրում: Կարծում ենք՝ աշխարհում իշխող հակաահաբեկչական մթնոլորտի կրողը Հայաստանում պետք է դառնա ընդդիմությունը, որովհետև իշխանություններն ու իշխանական գլխավոր կուսակցության՝ ՀՅԴ՝-ի առաջնորդները այդ անել չեն կարող: Այլապես ստիպված կլինեն «անտեր» թողնել Նաիրի Հունանյանին և իրենց անցած ողջ ճանապարհը: Նրանք երկընտրանքի առջև են կանգնած և ինքնուրույն քայլ կատարելու ընդունակ չեն: Իզուր չէր, որ ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանը «ԱՐ» հեռուստաընկերության եթերից ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայաստանը ահաբեկչության դեմ պայքարում սպասում է Ռուսաստանի ղեկավարության «ցուցումներին» և միայն համեստ ներդրում կարող է ունենալ այդ գործում: Հետևաբար, ահաբեկչությունն այսօր դարձել է համաշխարհային չարիք, բայց եթե աշխարհի վրա ձեռք են բարձրացրել իսլամական ֆունդամենտալիստները, ապա Հայաստանում չարիքը, դժբախտաբար, հայկական ազգանուններ ունի: Մենք այսօր մեկ խնդիր ունենք՝ փոխել մեր երկրի ներքին մթնոլորտը, հրաժարվել ահաբեկչության գաղափարախոսներից, վերականգնել Հայաստան-պետության մարդկային դիմագիծը:

Լ. Ասատրյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 269, սեպտեմբերի 27, 2001 թ.

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   650 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ