...

Այս պայմաններում ոչ ոք այգի չի հիմնի

Այս պայմաններում ոչ ոք այգի չի հիմնի

Այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը կազմելիս Էկոնոմիկայի նախարարությունը մասնագետների կարծիքը հաշվի չի առել:

«ՉԻ»-ի հետ զրույցում այգեգործության զարգացմանն ուղղված նախարարության ներկայացրած ծրագրի մասին նման տեսակետ է հայտնում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Գյուղատնտեսի կարծիքով՝ հանրապետությունում այգեգործությունը զարգացնելու համար բավարար չեն միայն ֆինանսները, պետք է նաև օրենսդրական դաշտը բարելավվի: Նա նկատում է, որ ոչ մի իշխանության ժամանակ օրենսդրական դաշտի ստեղծման համար քայլեր չի արվել:

«Եթե նայում ենք հարևան հանրապետությունների փորձերը, այնտեղ այգեգործության համար հստակ պայմաններ են դրված: ՌԴ-ում այգեգործությունը զարգացնելու համար առաջին 5 տարիների ընթացքում բոլոր հարկերից ազատված են՝ սկսած հողի հարկից մինչև ոռոգման ջուր: Մի կողմից օրենսդրական դաշտը պետք է հստակ աշխատի, մյուս կողմից՝ ֆինանսական ռեսուրսները: Օրինակ՝ ծիրանի այգին բերք է տալիս 5 տարի անց, խաղողը՝ երրորդ տարում, այսինքն՝ 2-3 տարին այգեգործն ուղղակի ներդրումների միջոցով աճեցնում է տնկիները և այստեղ ոչ մի շահույթի մասին խոսք լինել չի կարող: Օրենքով պետք է պայմաններ ստեղծեն, որ գյուղացին շահագրգռված լինի այգի ստեղծելու համար»,- նշեց նա:

Պետությունը նպատակադրել է զարկ տալ բարձր բերքատու այգիների ստեղծմանը: Ըստ Հրաչ Բերբերյանի՝ միայն այգի տնկելով չէ. բերքն իրացնել է պետք, հատկապես, որ մարքեթինգային քաղաքականությունն էլ է մեզ մոտ բացակայում:

«Տեսեք՝ այգուց ենք խոսում, բայց այս տարի շատ լավ կարտոֆիլի բերք ունենք, սակայն, արտահանման խնդիր կա: ՌԴ մի փոքր ծավալ արտահանվել է, բայց այդ գումարը, որով կազմակերպվել է արտահանումը, գյուղացուն բավարար չէ: Եթե այգիներն ավելացնում են, իրացման մասին էլ պետք է մտածեն: Նույնը խաղողը: Խաղողի այգիներն ավելացնում են, բայց արդյոք գործարաններն ի վիճակի՞ են այդ քանակության խաղողն ընդունել և վերամշակել: Այգեգործության ծրագրի հեղինակները չգիտենք, թե ովքեր են: Լավ կլինի այդ հեղինակին գտնենք և տեսնենք, թե ինչ գիտելիքներ ունի: Այս ծրագիրը քննարկելիս փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկում էր ծիրանի արտասահմանյան սորտեր ներկրել: Միայն Ավինյանը կարող էր այդպիսի «տաղանդավոր» միտք արտահայտել: Այդ մարդը գյուղատնտեսությունից շատ հեռու է: Եթե ծիրանի արտադրության մասին է, ուզում եմ այդ տգետներին հիշեցնել, որ ծիրանի հայրենիքը Հայաստանն է. լավագույն ծիրանը մեզ մոտ է աճում: Ինչ վերաբերում է այդ սելեկցիոն սորտերին՝ դրանք ո՛չ համային հատկություն ունեն, ո՛չ էլ որևէ բանի պիտանի են: Թող Ավինյանը գյուղատնտեսությունից չխոսի, գնա՝ կորոնավիրուսից խոսի: Այս պայմաններում ոչ մի գյուղացի այգի չի հիմնի»,- շեշտեց մեր զրուցակիցը:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը ողջունում է ոլորտին ուղղված անտոկոս վարկավորումը:

Այգեգործությունը զարգացնելու նպատակով պետությունը մտադիր է նաև կարկտապաշտպան ցանցերով ապահովված հողատարածքներն ավելացնել տարեկան 10 հա-ով: Մասնագետն ասում է, որ կարկտապաշտպան ցանցերն ամենաարդյունավետն են բերքը կարկուտից պաշտպանելու հարցում՝ 100 տոկոսանոց արդյունք են տալիս: Սակայն, Բերբերյանն այս հարցում մեկ նկատառում ունի.

«Կարկտապաշտպան ցանցերը մեզ մոտ հիմնականում Լոռու մարզում են արտադրում: Միանձնյա գործարան է և շուկայում դոմինանտ է, իր գներն է թելադրում, այստեղ էլ մենք պետք է մտածենք, որ շուկան այնպես ձևավորենք, որ այդ ցանցերը նաև ներկրվեն: Այսինքն՝ մրցունակություն ստեղծենք: Կապ չունի, թե որ աղբյուրից են այդ ցանցերը ներկրվելու՝ Իրանից կլինի՞, Թուրքիայի՞ց, թե՞ Իտալիայից: Գյուղացին ինքը պետք է որոշի, թե որ երկրի արտադրած ցանցերից օգտվի իր այգիները պաշտպանելու համար: Միայն ողջունելի է, որ ցանցերի համար տրամադրվող վարկային պայմաններն են լավը»:

Բարձր բերքատվության ցուցանիշ գրանցելու համար կարևոր է նաև ոռոգման ջուրը: Գյուղատնտեսը ոռոգման համակարգի արդյունավետ աշխատանքի հարցում կարևորում է բանիմաց մասնագետների դերը: Բերբերյանն ընդգծում է, որ վերջին 2 տարիներին Ջրային կոմիտեի մի քանի պետ է փոխվել, բոլորն էլ գործից անտեղյակ, դրա համար էլ այսօր ամենամեծ խնդիրը ոռոգման համակարգն է:

«Երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, խոսում էր բարեփոխումներից: Խոսում են Կառնուտի ջրամբարի հզորացման մասին: Այս ընթացքում 150 ՀԷԿ-ում ստուգումներ են արվել, և բոլորի մոտ ջրի նորմատիվների խախտումներ են գտել, որոնք պետք է փակեին, բայց չարեցին: Մեզ մոտ ջրի խնդիրը սկսվել է նրանից, երբ այդ չարաբաստիկ ՀԷԿ-երը կառուցվեցին: Փոխանակ ՀԷԿ-երը փակեն, վարկ են վերցնում՝ ջրամբարը մեծացնեն»,- վրդովվում է գյուղատնտեսը:

Նրա խոսքով՝ ոռոգման կաթիլային համակարգի միջոցով կարող են գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ գրանցել: Այս համակարգը թույլ է տալիս ոռոգման ջուրը 70 տոկոսով տնտեսել:

«Ոռոգման կաթիլային համակարգով աշխատելու դեպքում գյուղացին պետք է բարձր շահութաբերություն ստանա՝ մտածի թանկարժեք մշակաբույսեր աճեցնելու մասին, ինչը չի արվում, քանի որ չունենք ռազմավարություն: Իրենց ներկայացրած ծրագրում լուրջ բացեր կան»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը:

Մանյա Պողոսյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 27, 2020

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ