...

Այսպես անլվա ոտներով...

Այսպես անլվա ոտներով...

Արցախի խորհրդարանի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը գրել է. «Արցախը շունչը պահած հետևում է Երևանի կենտրոնում, իսկ երեկվանից մայրաքաղաքի ծայրամասերում, ապա և Հայաստանի մարզերում ժամ առ ժամ թափ առնող շարժմանը: Ովքեր մասնակցել են 88թ. երթերին ու միտինգներին, կարող են վկայել, որ բազմաթիվ նմանություններով այսօրվա համաժողովրդական շարժումը շարունակությունն է 34 տարի առաջ սկիզբ առած ազգային զարթոնքի:

Այդ ընդհանրությունների մեջ մի տհաճ կետ էլ կա. անցած դարի իրադարձությունների ընթացքում Արցախի ազատության համար պայքարի ելածներին առևանգում, ծեծում, բանտարկում էին մեր հարևան բարբարոսները, իսկ այսօր մայր հայրենիքի սրտում Արցախը մենակ չթողնելու կոչերը «գժվեցնում են» … ամոթ էլ է ասելը, թե ում»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Արցախի բարձրաստիճան պաշտոնյան քաղաքական գնահատականներ և որակումներ է տալիս Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: Հայաստանում որ մեկը մի բան է ասում Արցախի վերաբերյալ, անմիջապես հակադարձում են՝ դուք իրավունք չունեք խոսել մեր անունից, Արցախի անունից, Արցախին մի ներքաշեք ձեր գործերի մեջ, Արցախն ինքն է որոշում՝ ինչ անել, ինչ չանել: Բայց իրենց կարելի է: 

Բայց, սա դեռ հեչ: Ասում են, թող ասեն: 

Բայց որ ընդդիմության այս գործողությունները համեմատում են 88-ի շարժման հետ, էս մեկն արդեն տվիք-անցաք բոլոր կարմիր գծերը:

88-ը մեր պատմության ամենափառահեղ, լուսավոր էջերից մեկն է, որն իր մեջ գեներացրել է մեր հասարակության լավագույն որակները, առաջադեմ մտավորականության ռեսուրսները: Շարժում, որը այն ժամանակվա բարդ հիմնախնդիրներին կարողացավ լուծումներ գտնել: Շարժում, որն իշխանամոլությամբ չի տառապել: Ի տարբերություն այս ընդդիմության:

88-ի շարժման մեջ քանի՞ հոգու գիտեք, որ Հայաստանի կեսը սեփականաշնորհած լիներ: Շարժման ղեկավարների շարքերում եղե՞լ է մեկը, որը ժողովրդի վրա կրակելու հրաման տված լիներ: Ճանաչո՞ւմ եք գոնե մեկին, որ «անկախական ըլլալով, անջատմանը դեմ ըլլար»: 88-ի շարժումը քանի՞ անգամ է «դրսի դաբռոյի» սպասել, կամ «դրսի դաբռոյով» գործել:

Լուսավոր 88-ը բերում, այս կլոունադայի հե՞տ եք համեմատում: Դեռ չենք խոսում ելույթների, առաջարկների, ծրագրերի, հռչակագրերի, դրանց որակների տարբերության մասին: Ոնց որ բռնես, Նունե Եսայանին համեմատես Գոհար Գասպարյանի հետ:

Մի հատ կարևոր հանգամանք կա, երբեք դա չմոռանաք. այս ընդդիմության ղեկավարության մեծ մասը անթաքույց ատելությամբ է համակված 88-ի շարժման նկատմամբ: Տասնյակ տարիներ շարունակ նսեմացրել են 88-ի դերն ու նշանակությունը մեր պատմության մեջ, պախարակել նրա ղեկավարությանը, անիծել այն օրը, երբ շարժումը հանգեցրեց Անկախ պետականության կայացմանը: Այս ընդդիմության շարքերում շատ են նրանք, ովքեր զզվել են Ազատության հրապարակից՝ գերադասելով այն անվանել Թատերական հրապարակ: Վերջապես, այս ընդդիմության շարքերում տոն են տալիս նրանք, ովքեր հետևողականորեն ոչնչացրել են 88-ի շարժման ձեռքբերումները: 

Այնպես որ, ուրիշ բանի հետ համեմատեք: Դեմ չենք, օրինակ՝ Թերմիդորի հետ համեմատությանը: Կամ՝ 1998-ի հեղաշրջման: 

Ավարտենք Վանոյի խոսքով. «Այսպես անլվա ոտներով մտնելով մեր համաժողովրդական անկախության ու ազատագրության շարժման 88 թ. նվիրական շեմը...»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   10623 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ