...

Ազգային գաղափարախոսություն

Ազգային գաղափարախոսություն

ՇԱՀԵԿԱՆ ԶԳԱՅԱՑԱՆՑ

Հրեաներին, գերմանացիներին, ռուսներին նմանակելու մարմաջը հանգիստ չի տալիս մեր ինքնակոչ ազգայիններին: Առանց դույզն-ինչ ըմբռնելու, թե ինչ էր, օրինակ, հրեաների համար ազգային գաղափարախոսությունը, նրանք պատեհ-անպատեհ հղումներ են անում այս հնագույն ազգի պատմությունը, զուգահեռներ որոնում, կամ էլ՝ հակառակը, նշում տարբերությունները, և մեր բոլոր դժբախտությունների մեղքը դնում համաշխարհային սիոնիզմի ուսերին (?):

Նժդեհյան ցեղակրոնությունից հետո, որի հիմքում այնուամենայնիվ ընկած էր ազգային պետականություն ունենալու բնական գաղափարը, հայերի ազգային խնդիրները XX դարի 20-ասկան թվականներից մինչև 88-ը կրում էին լոկ ազգապահպանման բնույթ: Անկեղծ լինենք: Սփյուռքում և հայրենիքում հայերի առջև ծառացել էր ազգային ինքնագիտակցությունը վերջնականապես կորցնելու վտանգը: Խորհրդային Միության գոյության պայմաններում մենք՝ որպես էթնոս, դատապարտված էինք դանդաղ մահվան: Կոմունիստական նոստալգիայով ապրողները մոռացել են, որ ազգային գրականության և արվեստի սոցիալիստական ծաղկումն ուղեկցվում էր ռուսական կրթության տոտալ տարածմամբ: Նրանք մոռացել են, որ հայոց լեզուն դուրս էր մղվել մի քանի խոշոր բնագավառներից՝ բանակ, առողջապահություն, ոչ հումանիտար ֆունդամենտալ գիտություններ: Վերջապես, ռուսական դպրոց ավարտելը «պրեստիժ» էր, քաղաքակրթվածության չափանիշ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ուծացումն սկսվում է ազգային լեզվի նահանջից: Գրեթե նույն իրավիճակն էր Սփյուռքում, միայն ավելի ծանր հետևանքներով: Ահա թե ինչու մենք ստիպված էինք պայքարել օտար ազդեցության դեմ և ձգտել մշակութային անկախության: Մեզնից քչերն էին երազում ազգային պետության մասին՝ գիտակցելով, որ սա է ազգի ինքնապահպանման միակ գրավականը, սա է յուրաքանչյուր հանրության (ազգի) ինքնակազմակերպման լավագույն ձևը:

1991թ. Հայաստանը դարձավ անկախ պետություն: Թվում էր, թե ազգային գերագույն նպատակը նվաճված է: Բայց՝ ոչ: Բոլորը չէ, որ այդպես էին մտածում: Անմիջապես մոգոնվեց նոր գերխնդիր՝ ազգային գաղափարախոսություն ստեղծելու (?) մասին: Տխրահռչակ «համաշխարհային ազգ» բառակապակցությանը հայ ազգայնականները 10 տարվա ընթացքում չավելացրին ոչինչ: Սակայն բարեհաջող կերպով իրենց չունեցած գաղափարախոսությունը կարողացան հակադրել պետականության գաղափարին: Ինչպե՞ս: Շատ հեշտ: 98-ից առաջ պետության գլուխ կանգնածներն անընդհատ մեղադրվում էին՝ որպես ապազգայիններ: Մեկ նրանք Արցախն էին ծախում, մեկ չէին ընդունում ցեղասպանությունը, մեկ պայքարում էին Սփյուռքի դեմ... Ո՞րը հիշենք: Այնուամենայնիվ, գոնե որպես հակակշիռ այս բոլոր մեղադրանքներին, ո՞րն է այդ ազգային գաղափարախոսությունը, ի՞նչ տեսք ունի, որևէ մեկը կարդացե՞լ է թեկուզ մեկ էջ մեր ազգայինների կողմից հրամցված, որն իսկապես գաղափարախոսություն է հիշեցնում, այն էլ՝ ազգային: Պահանջատիրական լոզունգներից բացի ի՞նչ կարող են նրանք ներկայացնել: Համոզված ենք, որ Հայ Դատի «ծրագրից» բացի «ազգային գաղափարախոսները» ոչինչ չունեն իրենց գզրոցներում:

Ուրեմն հենց դա է նրանց ազգային գաղափարախոսությունը: 1920-ական թթ. հայոց առաջին անկախ հանրապետության կործանումից հետո արտասահմանում գործունեություն ծավալող ՀՅԴ-ին անհրաժեշտ էին գաղափարներ սեփական գոյությունն արդարացնելու համար: Անհրաժեշտ էր ազգային փրկչի կեցվածքը՝ 1918-20թթ. կուսակցության ապաշնորհ քաղաքականությունը կոծկելու համար: Եվ... գտան: Ցեղասպանության միջազգային ճանաչում, հողահավաք, ազգահավաք: 1915-23 թվականներին Օսմանյան Թուրքիայում իրագործված ցեղասպանության հետևանքով հայրենիքից տարագրվածների ու նրանց զավակների համար նվիրական զգացմունքներն օգտագործվեցին հօգուտ կուսակցական-դաշնակցական շահերի: Հայ Դատը մենաշնորհ դարձրածներն իրականում ավելի հաճախ զբաղված էին փողահավաքով և սփյուռքյան մյուս կազմակերպությունների դեմ անհաշտ պայքար մղելով: Որքանո՞վ էր ազգային վերոհիշյալների գաղափարախոսությունը, եթե նրանք անընդհատ թշնամի էին որոնում ազգակիցների շրջանում: Նույն տրամաբանությամբ ծովից ծով Հայաստանի մասին բարբաջողները իրենց գործունեությունն սկսեցին հայրենիքում: Սակայն այս ամենի հակաազգային բնույթը լավագույնս ի հայտ եկավ, երբ նրանց կողմից ղեկավարվող Ռ. Քոչարյանը որպես ցեղասպանության փոխհատուցում հիշեց 100-ամյա բանկային հաշիվները և, փաստորեն հրաժարվեց հայկական տարածքներից: Սա ավելի ցայտուն է երևում հիմա՝ Երևանում ընթացող խայտառակ դատավարության ֆոնի վրա (հոկտեմբերի 27-ի գործով), ինչպես նաև քիվեսթյան գաղտնածածուկ բանակցություններին անարձագանք արձագանքելիս:
Ուրեմն ո՞րն է հայ ազգայնականների ազգային գաղափարախոսությունը Հայաստանի պես երկրում: Չկա, սին է, ինքնահերքվող ու մորթապաշտ: Իրականում սրանց բերածը տեռորի գաղափարախոսությունն է, որը ֆաշիստական Գերմանիայում ուղղվեց հրեաների ու սլավոնների դեմ, իսկ մեր հայրենիքում՝ առայժմ պետական այրերի: Հետո՝ ժողովրդի դեմ կգործի:

Բայց պետք է խոստովանել, որ նրանց հաշվարկը ճիշտ էր: Որովհետև այդ հաշվարկի ելակետը մեր հասարակությունն էր: Իսկ մեր հասարակությունը անտարբեր է, մեր հասարակությունը փախչում է հայրենիքից՝ հաճախ չվերադառնալու որոշում ընդունած: Մեր հասարակության մտածող մասն էլ ոչ մի օր իրեն նեղություն չտվեց սեփական իրավունքները պաշտպանելու համար: Մտածողների մոտ 2 կամ 5%-ը մի անգամ գոնե չհարցրեց նրանց. «Պարոնայք ընկերներ, ու՞ր է ձեր ազգային գաղափարախոսությունը, շարադրեք՝ տեսնենք»: Հայոց պետությունը թանկ գնահատողներիս ո՞ր մասը փորձեց համբերատար ու անմռունչ բացատրել իր ազգակիցներին սեփական գաղափարների ճշմարտացիությունը: Ահա թե ինչու էին այդքան վստահ, որ ամպագոռգոռ անիմատ ճառերը պատասխան չեն ստանալու: Եվ ոչ միայն ճառերը...

Գրիգոր Խաչիկյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 188, ապրիլի 25, 2001 թ.

ՎԱՐԿԱՆԻՇ

   654 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ