...

Բա մենք հեչ մեղավոր չե՞նք

Բա մենք հեչ մեղավոր չե՞նք

Իսկականից, սպանեցիք, թողեցիք: Խոսքը մեր քաղաքագիտական-վերլուծական մտքի մասին է: Ավելի շուտ՝ դրա բացակայության: Կեսը պաշտպանում է Ռուսաստանին, որովհետև Արևմուտքը 44-օրյա պատերազմում Արցախին ու Հայաստանին չպաշտպանեց այնպես, ինչպես Ուկրաինային է պաշտպանում: Կեսն էլ Արևմուտքին է պաշտպանում, որովհետև Ռուսաստանը 44-օրյա պատերազմում Արցախին ու Հայաստանին չպաշտպանեց այնպես, ինչպես Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններն է պաշտպանում:

Մի հատ անեկդոտ կա. որ մեկի կովը գոմից գիշերը գողանում են: Տնեցիք, հարևան հավաքվում են, սկսում են մուննաթ գալ տանտիրոջ վրա: Մեկն ասում է՝ բա ինչի՞ չէիր շուն պահում: Էն մյուսը՝ բա ինչի՞ գոմիդ դռանը կողպեք չէիր դրել: Էս մարդը վերջը չի դիմանում, ասում է. «Լավ, սաղ հասկացանք, բա էդ անտերը գողն իսկի մեղավոր չի՞»:

Մեր այս քաղաքագիտական-վերլուծական միտքը 30 տարում այդպես էլ չկարողացավ դուրս գալ սեփական խնդիրները լուծելու անկարողությունը ուրիշների վրա բարդելու շրջանակից: Մենք ընդհանրապես ոչ մի բանում մեղավոր չենք: Ինչ անում ենք, ճիշտ ենք անում, պարզապես աշխարհը ապուշ է, անհասկացող է, նագլի է, նյութապաշտ է, քցող է: 

Ազգային ժողովի պատգամավորը կանգնում, հայտարարում է, թե Ուկրաինայում ահաբեկչական ռեժիմ է: Միանգամից ասենք՝ էդ ստատուսը, որ գրել է, վաղ թե ուշ քթից բերելու են: Ինքը հետո ջնջելու է այդ ստատուսը, բայց արդեն ուշ է լինելու:

Մեկ ուրիշ հասարակական-քաղաքական գործիչ էլ հայտարարում է, թե Ռուսաստանում ֆաշիստական ռեժիմ է: Դա էլ են հիշեցնելու: Որովհետև պատմությունը ցույց է տվել, էն էլ մի հազար անգամ, որ Ռուսաստանը, Արևմուտքը, Արևելքը, իրար հետ ինչքան էլ պատերազմեն, մեկ է, վերջում պատերազմն ավարտվում է, իրար հետ լեզու են գտնում, իսկ ահա այսպես երկար լեզու ունեցողները մնում են փշալարերից կախված: Քանի որ սեփական երկրի անվտանգության և շահերի մասին հոգ տանելու փոխարեն, ուրիշների անվտանգության և շահերի մասին են մտածում: Կարծես Պուտինը կամ Բայդենն այդ շահերի տեղը չգիտեն: 

Ֆեյսբուքը ոնց որ երազանքներ պահելու տեղ լինի: Ով ինչ երազանք ունի, գրում է: Իրար հերթ չտալով՝ երազում են, որ Պուտինը կործանվի, Արևմուտքը կործանվի, Թուրքիան ու Ադրբեջանը... դե պարզ է:  

Չենք ասում՝ լրջացեք, որովհետև անիմաստ է: Մինչև փորձանքը չի գալիս, կանգնում դռան շեմին, անիմաստ է:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1586 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ