Ֆրանսիական խոհանոցի այս ուտեստը ևս մեկ անվանում ունի՝ «Բադրիջաններ գնչուական ձևով» կամ պարզապես «Գնչուհի»:
Բաղադրիչները
- 4-6 չափաբաժնի համար
 - 8 միջին չափի բադրիջան
 - 6 մեծ, հասած լոլիկ
 - 3 պճեղ սխտոր
 - 1 մեծ գլուխ սոխ
 - 4 ճյուղ մաղադանոս
 - 50 գրամից մի քիչ ավել կարագ
 - 1 բուռ քերած պանիր
 - 1/2լ. ձիթապտղի ձեթ
 - մի քիչ ուրց
 - 1 դափնետերև
 - աղ, աղացած սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը
1. Կլպեք բադրիջանները, 1,5 սմ հաստությամբ շրջանաձև կտրեք:
2. Մեծ ու խորը թավայի մեջ ձիթապտղի ձեթ լցրեք, բադրիջանները տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը: Պատրաստի բադրիջանները շարեք անձեռոցիկի վրա, թողեք մի քանի րոպե: Հետո հենց անձեռոցիկների վրա շարված բադրիջանների վրա աղ ու պղպեղ արեք:
3. Թավայի մեջ մոտ 3 ճ.գ. ձեթ թողեք (մնացածն էլ պետք չի գալու): Մանր կտրատեք սոխն ու սխտորը: Լոլիկները դրեք եռացրած, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից, կտրատեք, հեռացրեք սերմերն ու հեղուկը, ապա միջուկը տրորեք:
4. Նորից միացրեք թավայի տակը, ավելացրեք սոխն ու 3 րոպե տապակեք:
5. Տապակած սոխի վրա ավելացրեք լոլիկները, սխտորը, մաղադանոսը, ուրցը, դափնու տերևը, աղն ու սև պղպեղը: 10 րոպե տապակեք ուժեղ կրակի վրա: Ավելացրեք բադրիջաններն ու խառնեք, մի քիչ ուժեղացրեք կրակն ու պատրաստեք ևս 10 րոպե:
6. Տապակը պատեք կարագով, լցրեք թավայի բաղադրությունը, հավասարեցրեք, վրան լցրեք քերած պանիրը ու կտորներով կտրատած կարագը:
7. 10-15 րոպեով տեղադրեք ջեռոցում:
Մատուցեք տաք վիճակում:
«Չորրորդ իշխանություն», 3, 2019