Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, որը մի խումբ հայ հասարակական գործիչների հետ մեկնել էր Բաքու և այնտեղ հանդիպել Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ, գրել է. «Հիմա Հայաստանի քաղաքական դաշտում ով դեմ է հայ-ադրբեջանական կարգավորմանը՝ կա՛մ օտարերկրյա գործակալ է, կա՛մ քաղաքական ապուշ»:
ՉԻ. Բաա՜: Էս ի՞նչ ոգևորված են եկել Բաքվից: Երևի Հաջիևն է սրանց ինստրուկտաժ արել կամ հրահանգել, թե Երևանում ինչ խոսեն, ոնց գրեն:
Սենց որ շարունակվի, այս «քաղհասարակության» ակտիվիստները կարող է նույնիսկ Իլհամ Ալիևին քննադատելը դարձնեն քրեորեն պատժելի արարք: Հա, բա, քննադատել Ալիևին, նշանակում է լարվածություն առաջացնել հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում, դեմ լինել խաղաղությանը, մի քիչ էլ զոռես, շպիոնի հոդվածը կճպցնեն ճակատիդ:
Բայց լավ է գրել, չէ՞, «հիմա»: Իսկ մինչև 44-օրյա պատերազմը, երբ Փաշինյանը դեմ էր հայ-ադրբեջանական կարգավորմանը, այն ժամանակ ո՞վ էր: