Փաստորեն, որքան շատ ենք խոսում աղբի, մաքրության ու գրագետ աղբահանության մասին, այնքան աղբը կարծես ավելի շատ է հայտնվում մեր շրջակայքում։
Նկարում Ստորին Հրազդանի ջրանցքն է՝ հայտնի «Կանալը», Հարավ-արևմտյան թաղամասով անցնող հատվածում՝ Արմին Վեգների փողոցի հետ հատման վայրում։ Ջրատարի մեջ աղբի այնպիսի կուտակում է գոյացել, որ արդեն դժվար է հասկանալ՝ ջո՞ւրն է այստեղ աղբ կուտակել, թե՞ ինչ-որ մեկը պարզապես «մոռացել» է, որ աղբի համար նախատեսված են աղբավայրեր, ոչ թե ջրատարներ։ Արդյունքում ջրատարի մի հատվածը գրեթե փակվել է, իսկ խնդիրը վաղուց դուրս է եկել պարզապես աղբահանության շրջանակից՝ ստեղծելով նաև բնապահպանական և սանիտարահիգիենիկ ռիսկեր։
Ու այս ամենը՝ այն ժամանակ, երբ Երևանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը՝ կենսաբազմազանությանը նվիրված միջազգային խոշորագույն միջոցառումներից մեկը։ Հետաքրքիր է՝ ի՞նչ են անում համայնքային իշխանությունները, երբ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի վարչական շենքից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ջրատարն այս վիճակում է։ Քաղաքային իշխանությունները տեղյա՞կ չեն, թե՞ պարզապես չեն տեսնում։
Պարզապես դժվար է «մաքուր Երևան» կամ բնության պահպանության մասին խոսել, երբ քաղաքի ջրատարները մեր աչքի առաջ վերածվում են աղբավայրերի։