...

Դուխով պետք է լինել նաև դրսում

Դուխով պետք է լինել նաև դրսում

Գերմանիայի կանցլեր Օտտո Ֆոն Բիսմարկն ասում էր՝ դիվանագիտությունը հնարավորի արվեստ է: Երկու տարի է, ինչ Նիկոլ Փաշինյանը հավաքում է արտասահմանում հավատարմագրված ՀՀ դեսպաններին և հորդորում ավելի նպատակասլաց ու արդյունավետ ներկայացնել Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները:

Բայց, կարծես թե խորհուրդը, որ տալիս է դեսպաններին, չէր խանգարի եթե տար նաև ինքն իրեն: Հայաստանի համար երկու կարևոր ռազմավարական ուղղություններով՝ Ռուսաստանի և Եվրոպայի մասերով, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը լրջագույն խնդիրներ են հարուցում մեր երկրի համար: Ռուսաստանի ղեկավարությունը և քաղաքական էլիտան անմոռաց պաշտպանում են Քոչարյանին, իսկ եվրոպական կառույցները շարունակում են այնպես ընդունել Սերժ Սարգսյանին, կարծես նա չի մերժվել մի ամբողջ ժողովրդի կողմից:
Իհարկե, Ռուսաստանը և Եվրոպան դա չեն անում Քոչարյանի և Սարգսյանի սիրուն աչքերի համար: Նրանք հետապնդում են իրենց շահերը և որպես այդ շահերի սպասարկման միջոցներից մեկը, չնայած հայաստանցիների համընդհանուր մերժման հանգամանքին, օգտագործում են վերոհիշյալ երկուսին:

Քոչարյանը և Սարգսյանը այնպիսի վիճակում են, որ միայն ուրախ են իրենց օգտագործվելու կապակցությամբ և ջանք չեն խնայում երկրից դուրս համոզել, թե դեռ ինչ-որ բանի պիտանի են: Բայց հայկական դիվանագիտության ձախողում է, որ այդ երկուսի վրա արտասահմանում դեռ խաղադրույքներ կատարողներ կան: Նաև միանշանակ է, որ դիվանագիտության ձախողումը հետևանք է ներքին քաղաքական ձախողման: Նկատի ունենք այն հանգամանքը, որ Քոչարյանը և Սարգսյանը շարունակում են մնալ քաղաքական ֆակտոր:

Հայկական դիվանագիտությունն իր առաջին դեմքի միջոցով պետք է գործընկերներին հստակ ներկայացներ և բացատրեր, որ Քոչարյանի և Սարգսյանի հետ համագործակցությունը ընդդիմության հետ երկխոսություն չէ: Դա առաջին հերթին արհամարհանք է հայ ժողովրդի հանդեպ: Նիկոլ Փաշինյանը իր գործընկերներին պետք է հստակ համոզեր, որ, օրինակ, երբ եվրոպական ղեկավարությունը ընդունում է Սարգսյանին, ապա միանշանակ հարված է հասցվում Հայաստանի ժողովրդի եվրոպական համակրանքին: Կամ Ռուսաստանը, երբ պաշտպանում է Քոչարյանին, կասկածի տակն է դնում ժողովրդի մի հատվածի՝ այդ երկրի հանդեպ համակրանքը:

Արդեն վաղուց ժամանակն է, որ վարչապետը այս մասին խոսի բարձրաձայն: Հստակ ներկայացնի մեսիջները, և դա անի իր հռչակած դուխով: Դուխը առաջնահերթ հենց այս հարթությունում է անհրաժեշտ: Նկարագրվածը միանշանակ հնարավոր է անել, և այստեղ կապ չունեն ոչ Հայաստանի չափսերը և ոչ էլ տնտեսական հզորությունը:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ