...

Խառը վիճակ Մոզամբիկում

Խառը վիճակ Մոզամբիկում

Մոզամբիկում խառը վիճակ էր։ Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան բոլորին կանչել էր խարույկի շուրջ, որպեսզի, մոզամբ ժողովրդի հինավուրց ծիսակարգի համաձայն, իրեն չընտրեն վոժդ, ու ինքը մնա վոժդ։ Ու որպեսզի հանկարծ որևէ մեկը չսխալվի՝ ռազմիկները նիզակները ձեռքներին հսկում էին ժողովի մասնակիցներին, որ եթե հանկարծ մեկնումեկը սխալվի՝ նիզակների կոթերով գլխներին բամփեն։ Բայց դրա կարիքը չզգացվեց։ Ոչ Բհուկու Դոդոգագան, ոչ Էդոդո Մամարուքան ոչ մի ձայն չհանեցին, գլուխները կախ ծամում էին անտիլոպի խորոված բուդը ու ժամանակ առ ժամանակ գոռում «Նգիկոլո-համարյա վո՛ժդ»։

Ապա Նգիկոլոն կանգնեց զոհված ռազմիկների ոսկորներից սարքած պատգարակի վրա, խարույկի շուրջ հռհռալով ցատկոտող ցեղակիցներին ձեռքով նշան արեց, որ մի քիչ ցածրաձայն հռհռան, ու դիմեց հպարտ մոզամբիկցիներին․ «Մոզամբիկի գերագույն-գլխավոր վոժդի պատգարակը պատկանում է ջայլամներին, որովհետև ջայլամի փետուրները ում գլխին լինեն՝ նա էլ վոժդն է։ Մոզամբիկում ուրիշ վոժդ չի՛ լինելու, ջայլամներն իրենց փետուրները ի՛նձ են տալու, իսկ եթե չտան՝ բարեբախտաբար ջայլամները նաև սատկելու հատկություն ունեն․․․»։ Այս խոսքերի վրա ցեղափոխության պահապան ռազմիկները սկսեցին գոռալ «Նգիկոլո-վո՛ժդ», բայց վոժդը շարունակեց․ «Սրանք 30 տարի մեր սավաննաները թալանել են, առաջնագիծը լափել են․․․»։ Այդ պահին մեկը կռացավ ու վոժդի ականջին ասաց, որ այդ առաջնագիծն ընդամենը 25 տարի առաջ է ստեղծվել, բայց վոժդի գլխին ամպհովանի ճոճողներից մեկը ձեռքի շշով խփեց սրա գլխին, իսկ վոժդը շարունակեց․ «Գիտե՞ք, թե ոնց են լափել։ Այ սե՛նց»։ Ու պատգարակից իջնելով՝ վազելով մտավ ցեղակիցների մեջ, հերթով բոլորի ձեռքից խլեց մսի կտորները, ագահաբար սկսեց կծոտել ու ոսկորները շպրտել ցեղակիցներին, իսկ սրանք, իրար հրմշտելով, խլխլում էին կրծած ոսկորներն ու գոռում «Օ Նգիկոլո, պարգևավճա՛րա»։ Իսկ վոժդը չէր հանգստանում․ «Գիտե՞ք՝ ոնց են թալանել։ Ոսկի, ադամանդ, փղոսկրից սարքած պատգարակներ․․․ Չեք հավատում՝ գնացեք ձեր աչքով տեսեք, այ էն մեծ խրճիթում ա, որ վրան գրած ա «Ժպիտների Մոզամբիկ» հիմնադրամ։ Գիտե՞ք՝ ինչի ա ժպիտների։ Որ հեռվից նայեք, ժպտաք ու ձեզ երջանիկ զգաք։ Հիմա ինձ ասում են՝ ինչի՞ էն Մեծ լիճը տվեցիր ուրիշ ցեղախմբի։ Բա ի՞նչ անեի, դժբախտ-դժգույն լիճ էր, Մբունգա-Լոխլավա-Տունգան ու Սերժիկի-Կուանակիկին կոկորդիլոսներ էին որսում ու կաշին ծախում սպիտակ պլանտատորներին։ Հիմա հետները պայմանավորվել եմ, որ ինձ է՛լ ձևերը ասեն, ես էլ խորհրդակցությունների խարույկի շուրջ ամեն մեկին մի քանի կոկոս տամ՝ վրան նստեն։ Մոզամբիկը ունի՛ ապագա»։ 

Իսկ սպիտակ պլանտատորները, որ հեռվում կանգնած ծիծաղելով հետևում էին այդ ծիսակարգին, երանության մեջ էին։ Որովհետև գիտեին, որ Պապատուհասան ինչ ասում է՝ ճիշտ հակառակն է լինում։

ՎԱՐԿԱՆԻՇ

   968 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ