...

Երկիրը փոսից հանելու արվեստը

Երկիրը փոսից հանելու արվեստը

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը գրել է. «Կարո՞ղ է Հայաստանը հաղթահարել ավելի ահագնացող ճգնաժամը. կարող է համաշխարհային հայությունը վերագտնել հավատն ու կորովը իր և իր Հայրենիքի հանդեպ:

Իհարկե: Բայց եթե նա վերագտնի իր բարոյական հավասարակշռությունը: Իսկ բարոյական իր հավասարակշռությունը կգտնի, եթե իրականացվի հեղափոխության գլխավոր բարոյական առաջադրանքը. դրա համար պիտի պատժվեն Գողապետության Գլխավոր Գանձագողերը:

Վերածննդի այլ ճանապարհ չկա»:

«ՉԻ». Հիշում ենք՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ ես պետք է ժամանակին պատասխանատվության ենթարկեի Լևոն Տեր-Պետրոսյանին: Մեծահոգություն է արել, այդ քայլին չի գնացել: 98-ի հեղաշրջումից հետո շատերն էին պահանջում, որ նախկին իշխանությունները պատժվեն: Որ երկիրը ավելի լավ զարգանա: Տեսանք՝ ոնց զարգացրեց:

Հիմա մեր այս քաղաքագետն է ասում. նախկին գողերին պատժենք, որ Հայրենիքը վերագտնի իր բարոյական հավասարակշռությունը: Չգիտենք, թե սա ինչ է նշանակում, բարոյական հավասարակշռություն արտահայտությունը քաղաքագիտության մեջ մեզ չի հանդիպել, բայց դա մի կողմ: 

Լավ, ընդունենք՝ նախկիններին պատժեցինք: Մենք էլ ենք միշտ ասել, որ նախկիններին պետք է պատժել, նրանց, ովքեր իրենց պաշտոնավարման տարիներին անօրինականություններ են արել, հանցանքներ են կատարել, ապօրինի որոշումներ են կայացրել, կոռուպցիայի մեջ են թաթախված եղել, ապօրինի հարստացել են: Ցանկացած նախկին, ով ուզում է՝ լինի: 

Բայց մենք երբեք դրանով չենք պայմանավորել երկրի զարգացումը, բարգավաճումը, կայունությունը, էդ ֆինտուֆլուշկեն, որ ասում է՝ բարոյական հավասարակշռությունը: Մենք չենք ասել՝ Սերժ Սարգսյանին կամ Ռոբերտ Քոչարյանին նստեցրեք, որ վերագտնենք մեր հավատն ու կորովը: Պարզ լեզվով ասած՝ որ մարդկանց սրտները հովացնենք: 

Ենթադրենք, բոլոր նախկիններին պատժեցիք, բանտերը գցեցիք. եվ ի՞նչ, դրանից Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակը բարձրանալո՞ւ է, սահմանային խնդիրները վերանալո՞ւ են, քաղաքական համակարգը դզվելո՞ւ է, տարածաշրջանային հիմնախնդիրները և հարևանների հետ հարաբերությունները լուծվելո՞ւ են: 

Սա՞ է երկրի զարգացման ձեր առաջարկած ուղին: Բա դուք էլ ինչո՞վ եք տարբերվում նախկիններից, եթե անում եք նույնը, ինչ որ իրենք էին անում ժամանակին: Երբ իրենց իսկ նախկինների հետևից էին ընկել տարիներ շարունակ, երկրի զարգացում ու հակամարտության կարգավորում, ամեն ինչ թողած, շոու-դատավարություններ էին բեմադրում: Բոլորս էլ հասկանում էինք, որ այդ հալածանքները, բռնությունները միայն մի նպատակ են հետապնդում՝ հնարավորինս ամրապնդել իշխանությունը:

Նույնն էլ դուք եք անում. պատժենք նախկիններին, որ լավ ապրենք: Լավ չեք ապրելու ու չեք էլ թողնելու, որ ուրիշները լավ ապրեն, կամ գան մարդիկ, որոնք կարող են լավ ապրելու համար նորմալ երկիր կառավարել: 

Հ.Գ. Իբր, էսքանն ո՞ւմ ենք ասում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ