Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում Կոնֆուցիոսից մեջբերում է արել․ «Վարպետն ասաց իր սաներից մեկին․ հայտնվել, երբ անհրաժեշտ է, և անհետանալ, երբ արհամարհված ես․ միայն մենք՝ դու և ես, կարող ենք սա անել»։
«ՉԻ»․ Իսկապես իմաստուն միտք է։ Ափսոս՝ դա «վարպետն է ասել իր սաներից մեկին», այ եթե դա ասեր Աննան իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող Նիկոլին․․․ Չնայած՝ հայ ժողովուրդն է՛լ պակաս իմաստուն չէ։ Ըստ հայկական ժողովրդական ասացվածքի՝ «թամամ խոսքը էշին են ասում»։
Փաստացի՝ տիկին Հակոբյանն այս մեջբերմամբ ամփոփում է Նիկոլ Փաշինյանի իշխանության յոթուկես տարիները․ նա հայտնվել է, երբ անհրաժեշտ էր, իսկ հիմա՝ երբ արհամարհված է, պետք է անհետանալ։ Այլ հարց է, որ այդ հուշումը կամ հորդորը հակասության մեջ է ՀՀ Քրեական օրենսգրքի հետ, որովհետև արհամարհվածությանն անխուսափելիորեն հաջորդելու է իշխանազրկումը, իսկ այդ դեպքում «անհետանալը» որակվելու է որպես արդարադատությունից խուսափելու փորձ, ինչը, ի դեպ, ծանրացուցիչ հանգամանք է։
Հուսանք՝ Նիկոլ Փաշինյանն Աննայի այս հորդորը կընկալի զուտ որպես Չինաստանում նորաձև կրթվելու հետևանքով արված մեջբերում և դատաիրավական համակարգին չի հրահանգի ասֆալտին փռել ապագա մագիստրոսին։