ՉԻ տեղեկություններով՝ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանը ապօրինի հողատարածքներ է վաճառել, և այդ առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քրգործ է հարուցվել: Փորձեցինք տեղեկությունը ճշտել հենց Ակունք համայնքի ղեկավարից։ Վերջինս, լսելով մեր հարցը, հերքեց հարուցված քրգործի մասին տեղեկությունը․ «Նման բան չկա, ես ոչ մի քրգործից էլ խաբար չեմ»: Փորձեցինք «տեղեկացնել», որ իր գիտությամբ մեծածավալ հողատարածքների ապօրինի վաճառք է կատարվել, սակայն ապարդյուն։ Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Հակակոռուպցիոն կոմիտե: Ստացանք պարզաբանում, որը ներկայացնում ենք ստորև:
«Ի պատասխան ձեր կողմից ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հասցեագրված հարցման, հայտնում ենք, որ Կոմիտեում Ակունք խոշորացված համայնքի վերաբերյալ քննվել է 2 քրեական վարույթ, որից 1-ը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` Ակունք համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ, որը 2024 թվականի ապրիլի 19-ին կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1 ին մասի 3-րդ կետով (վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները սպառված լինելու հիմքով), իսկ 1 քրեական վարույթ նախաձեռնվել է Օրենսգրքի 441 րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ ՀՀ Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի ղեկավարի կողմից իր իշխանական,կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը, որի հետևանքով էական՝ առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս է պատճառվել պետության օրինական շահերին։ Նշված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:
Մելանյա Ծառուկյան
Հ.Գ. Արժե հասկանալ, թե Հունան Ռուբենյանը ինչո՞ւ էր հերքում ակնառու փաստը և անտեղյակ ձևանում: Գրեթե բոլոր իշխանությունների օրոք համայնքապետի աթոռը ամուր գրկած Ակունքի երկարամյա ղեկավարը դժվար թե այդքան անտեղյակ լիներ իր իսկ նկատմամբ հարուցված քրգործից, կամ այնքան միամիտ, որ փորձեր մոլորեցներ լրագրողին: Մնում է ենթադրել, որ սեփական ապօրինությունները թաքցնելը, մեղմ ասած, ջայլամային քաղաքականության դրսևորում է կամ մի տեսակ «խասյաթ» է դարձել:
Շարունակելի