Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանը, արցախցիների սոցիալական խնդիրներին առնչվող հրապարակման ներքո գրել էր. «Աստծուց մոռացված դժբախտներ, մեր հացը լափում եք, մեր դեմ միավորվո՞ւմ: Դուք մեկի հետ յոլա գնալ կարող ե՞ք»:
«ՉԻ». Քանի որ այս գրառման հետ կապված աղմուկը շատ մեծ էր, շուխուրը երկրով մեկ տարածվել էր, տիկին Ղազարյանն այսօր սիրուն սվաղած ներողություն է խնդրել: Այսինքն, մի կողմից հայցել է վիրավորված արցախցիների ներողամտությունը, մյուս կողմից՝ գրել, որ «անկեղծ ատում եմ նրանց, որոնք թալանել են Արցախը և Հայաստանը, պարտության են հասցրել հայոց երկու աշխարհները և այսօր Էլ քաղաքական դիվիդենտներ են հավաքում տնից կտրված, վտարված արցախցիների ողբերգության հաշվին»:
Թե ինչ կապ ունեն արցախցիները Արցախը և Հայաստանը թալանած, պարտության հասցրած դեմքերի հետ, որոնց թվում նաև այսօրվա իշխանավորներն են, սա՝ մի կողմ:
Բայց ամենաթույնը այս աղմկահարույց գրառման հեղինակի ամուսնու՝ Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի «արձագանքն» է:
Հարցնում են՝ ախպեր ջան, էս ի՞նչ է կինդ գրել, ասում է՝ ինձ չի հետաքրքրում, թե ինչ է գրել: Չգիտենք, նման մեկնաբանության համար ինքն էլ մի կես բերան հետո ներողություն կխնդրի, թե ոչ, բայց հաստատ կարող ենք ասել, որ Հանրային ռադիոյի վիճակը շատ վատ է, եթե նրա տնօրենին չեն հետաքրքրում արցախցիների հասցեին գռեհիկ վիրավորանքները: Դա հանրային արձագանք է գտել, ինքն էլ ոնց որ թե Հանրայինի տնօրեն է: Բա քեզ ի՞նչն է հետաքրքրում: Մենակ պարգևավճարնե՞րը: