Հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և դրանց իշխանական մեկնաբանությունների միջև առկա իմաստային ճեղքվածքը՝ առաջարկում ենք որոշակիորեն խմբագրել «արդի հայերենի բացատրական բառարանը»։ Դրա շնորհիվ ոչ միայն շարքային հայաստանցիները, այլև Հայաստանով հետաքրքրվող օտարերկրացիները հնարավորություն կստանան ավելի լավ պատկերացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում մեր երկրում, և ինչ նկատի ունեն ՀՀ իշխանությունները՝ այս կամ այն ձևակերպումն օգտագործելիս։ Եվ այսպես․
«Անհետաձգելի քննչական գործողություններ»- Իրավական առումով կասկածելի, հաճախ՝ թատերականացված գործողություններ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի և (կամ) նրա մերձավորների համար անցանկալի անձինք հայտնվում են բանտերում։
«Ինչ-որ բան վերադարձնել ժողովրդին»- Համալիր գործողություններ, հաճախ՝ թատերականացված, որոնց վերջնարդյունքում ինչ-որ անձանց կամ կազմակերպությունների ունեցվածքը խլվում է՝ որպես կանոն, ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով, այնուհետև գաղտնի աճուրդով վաճառվում Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ անձանց կամ կազմակերպություններին՝ շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով։
«Իրական Հայաստան»- 2023 թ․ ձևավորված անհասկանալի կիսապետական-կիսաքաղաքական կազմավորում, որի սահմանները, Սահմանադրությունը, զինված ուժերի թվակազմն ու կառուցվածքը, քաղաքական ուժերի գաղափարախոսությունները, ինչպես նաև պատմական անցյալը որոշում են հարևան երկրները, իսկ «Իրական Հայաստանի» իշխանությունները պարտավորվում են այդ որոշման հետ չհամակերպվողների նկատմամբ իրականացնել «անհետաձգելի քննչական գործողություններ»։
«Տևական խաղաղություն»- Իրավիճակ, երբ պետության նկատմամբ արտաքին ագրեսիայի հավանականությունը ձգտում է զրոյի՝ պայմանավորված այն հանգամանքով, որ պետությունն ինքնակամ հանձնում է այն ամենը, ինչը կարող էր ագրեսիայի նպատակ լինել։
«Նորաձև կրթություն»- ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող համալիր քարոզչական գործողություններ, որոնց նպատակը ՀՀ քաղաքացիների մեջ պատմականորեն ձևավորված արժեհամակարգի ոչնչացումն է, ինչպես նաև ՀՀ ազգաբնակչության միջին և ստորին խավերում սեփական արժեհամակարգն ուրանալու պատրաստ անձանց հայտնաբերումը՝ հետագայում կադրային կամ այլ նպատակներով օգտագործելու համար։
«Հեծանիվ»- Էկոլոգիապես մաքուր և առողջարար տրանսպորտային միջոց, որով Երևանում անվտանգ երթևեկելու համար անհրաժեշտ է առնվազն 15 բենզինով աշխատող ջիպերի ուղեկցություն՝ նախապես հարակից փողոցները փակելով և հազարավոր մարդկանց նյարդային համակարգը քայքայելով։
«Վեհարանն ազատագրել»- Տարածաշրջանային հարևանների և աղանդավորական կազմակերպությունների կողմից խրախուսվող ապօրինի գործողությունների ամբողջություն, որոնց նպատակը Եկեղեցին պառակտելն ու «Իրական Հայաստանի» իշխանություններին հնազանդեցնելն է։
«Սիրում եմ բոլորիդ»- Արտահայտություն, որն ամեն անգամ օգտագործում է Նիկոլ Փաշինյանը՝ տարածաշրջանային հարևանների, օտարերկրյա հատուկ ծառայությունների և (կամ) աղանդավորական կազմակերպությունների հերթական պահանջն իրականացնելուց առաջ։ Որպես կանոն՝ օգտագործվում է առավոտյան ժամերին և ուղեկցվում մատների անհասկանալի կոմբինացիայի ցուցադրմամբ։
Շարունակելի