Կարմիր Հրեղեն Ձիու տարում խորհուրդ է տրվում սեղանին շատ միրգ դնել. համարվում է, որ դա հաջողություն է բերում: Այս ուտեստի մեջ օգտագործվող վառ նարինջն ու մանդարինը համապատասխանում են տարվա տարերքին, էներգիա ու բարգավաճում են խորհրդանշում:
Բաղադրիչները
4 բաժնի համար
- 1,8-2 կգ բադ
- 250 մլ նարնջի հյութ
- 125 մլ հավի արգանակ
- 6 պճեղ սխտոր
- 3 ճ.գ. մանր կտրտած նարնջի կեղև
- 3 ճյուղ հազրեվարդ (розмарин)
- ձիթապտղի ձեթ
- աղ
- աղացած սև պղպեղ
Խավարտի համար
- 3 հատ նարինջ
- 4 հատ մանդարին
- 1 գլուխ սխտոր
Սիրոպի համար
- 3/4 բաժակ շագանակագույն շաքարավազ
- 3/4 բաժակ նարնջի հյութ
- 1ճ.գ. կարագ
- 2թ.գ. քերած նարնջի կեղև
Պատրաստման եղանակը
- Միացրեք ջեռոցը 220 աստիճան ցելսիուս տաքությամբ: Բադի վզի հատվածի ավելորդ մաշկը հեռացրեք, թևիկների ծայրերը փայլաթիթեղով փաթաթեք: Պատառաքաղով կամ դանակով ծակծկեք կրծքամիսն ու բդիկները:
- Սխտորի պճեղները մանր կտրատեք: Հազրեվարդի տերևների մոտ 1/2 մասը մանր կտրատեք: Փոքր թասի մեջ խառնեք քերած կեղևի կեսը, կտրտած հազրեվարդը, սխտորի կեսը: Ավելացրեք 1թ.գ. աղ և 1/2 թ.գ. աղացած սև պղպեղ, 1 ճ.գ. ձիթապտղի ձեթ:
- Բադը ներսից ու դրսից պատեք այդ խառնուրդով: 1 նարինջն ու 1 մանդարինը մասնատեք, 1 ճյուղ հազրեվարդի հետ տեղադրեք բադի փորիկի մեջ, փորիկն էլ փայտե շամփուրիկներով փակեք: Բադի տոտիկները կապեք:
- Արգանակը խառնեք նարնջի հյութի հետ, ավելացրեք մնացած սխտորն ու քերած կեղևը: Մանդարիններն ու նարինջները հաստ օղակների ձևով կտրատեք: Գլուխ սխտորը կիսեք:
- Կիսած սխտորն ու օղակաձև կտրտած միրգը շարեք մեծ տապակի մեջ: Ավելացրեք մնացած հազրեվարդը: Տապակի մեջ տեղադրեք բադը, վրան լցրեք արգանակի ու մրգահյութի խառնուրդը: Տապակը 2 ժամով տեղադրեք ջեռոցում՝ 15 րոպեն մեկ բադի վրա լցնելով նրանից դուրս եկած հյութը:
- Սիրոպի համար նախատեսված բոլոր բաղադրիչները լցրեք փոքր կաթսայի մեջ, հասցրեք եռման աստիճանի: Կրակը ուժեղից միջին դարձրեք, սիրոպը 5 րոպե եփեք մինչև խտանալը: Պատրաստ լինելուց 15 րոպե առաջ բադի վրա սիրոպ քսեք: Կրկնեք յուրաքանչյուր 5 րոպեն մեկ:
- Պատրաստի բադը տեղադրեք սկուտեղի մեջ, փայլաթիթեղով ծածկեք ու 10 րոպե թողեք: Տապակի միջի հեղուկը խառնեք մնացած սիրոպի հետ, մի փոքր եփեք, անհրաժեշտության դեպքում աղ ու պղպեղ ավելացրեք:
- Մատուցելուց առաջ բադը համաչափ կտրատեք՝ նախապես հեռացնելով փայտե շամփուրիկները: Սոուսը լցրեք սոուսի ափսեի մեջ ու առանձին մատուցեք:
Տապակած բադի հետ որպես լրացուցիչ խավարտ կարող եք մեղրի ու սխտորի հետ խորոված գազար մատուցել: