...

Հիմա ո՞վ է սևացնում ընդդիմության շարժումը

Հիմա ո՞վ է սևացնում ընդդիմության շարժումը

Երեկ ենթադրում ենք՝ բոլորդ եք տեսել, թե ինչպես էր մի երիտասարդ կանգնել Արամ Խաչատրյանի արձանին: Համացանցում դա տարածվեց, հատկապես իշխանության կողմնակիցները կամ համակիրները հնարավորինս մեկնաբանեցին, անարգանքի սյունին գամեցին այդ ջահելին, ասացին՝ նայեք, թե ինչ որակի ընդդիմություն են սրանք և այլն:

Այսօր էլ ընդդիմությունն էր ինչ-որ տեղից պեղել մի լուսանկար, որտեղ 2018-ի հեղափոխության օրերին մի խումբ ջահելներ թառել են կոմպոզիտորի արձանին: Նկարի իսկությունը չկարողացանք պարզել (FIP-ի ականջը կանչի), որովհետև բոլորը սքրին արած էին դա տարածում, բայց համարենք, որ լուսանկարը իրական է: Համենայնդեպս, լրիվ հավանական է: 

Դե, այս լուսանկարների թեմայով համացանցում իրար գզում են: Փաստարկներ են բերում, թե ով է ավելի գեղցի, անմակարդակ:

Բայց այդ քննարկումներից մեկը մեր ուշադրությունը գրավեց: Մի լրագրող այդ ընդդիմադիր երիտասարդի նկարը իր էջում էր տեղադրել, քննարկում են, քննադատում են, մեկ էլ հայտնվում է իրեն բլոգերի տեղ դրած մի հատ դեմք ու փղի ձենով մուննաթ է գալիս լրագրողի վրա, թե մինչև լուսանկարը հրապարակելը «գրեիք, զանգեիք, ոչ թե հանրահավաքի սևացումով զբաղվեք»:

Այսինքն՝ ընդդիմությունը հալալ-զուլալ, մաքուր, ջինջ, վսեմ ու անբասիր շարժում էր սկսել, քաղաքականապես բովանդակալից օրակարգով, հրաշք ղեկավարներով, ու էս լուսանկարը համը հանեց: 

Էս ձեր հանրահավաքները ոչ ոք այնպես չի սևացնում, ոնց որ՝ դուք: Դուք ձեր ելույթները լսո՞ւմ եք: Դուք հետևո՞ւմ եք, թե հարթակից ինչ են խոսում և ովքեր են խոսում: Ոչ մի թատրոն, նույնիսկ Էլբակյանի խամաճիկների թատրոնը չի կարող այսպիսի շոուներ ցուցադրել: 

Էդ ձեր ելույթներում արդեն 10 անգամ Շուշին հետ եք բերել, մի 7 անգամ Ադրբեջանին սպառնացել եք ու վերջնագրեր եք ուղարկել, Ռուսաստանի հետ ինտեգրացիան այնպիսի մակարդակի եք հասցրել, որ ռուսները մեզ համարյա ատոմային ռումբ են տալու, Էլեոնորա Մանանդյանը, որը հայտնի է միայն նրանով, որ Մանանդյանի թոռն է, մի հատ ելույթ ունեցավ, որ այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե ինչ էր ուզում ասել: Արամ Սիմոնյանն է խոսում կրթության մասին: Վերջն է: Ելույթների մեջ այդպես էլ մի նախադասություն չգտանք, որ ասենք՝ սա քաղաքական բովանդակություն ուներ, սա արժե լսել. բացառությամբ նրա, որ Արցախն ու Հայաստանը լուրջ վտանգների առջև են կանգնած: 

Կամ, թատրոնից խոսեցինք. բա թատրոն չի՞՝ հարթակ է բարձրանում մեկը, որը խոշոր կապիտալի տեր է, խոշոր քաղաքական պաշտոն ունի, մի 20 տարեկանում արդեն փաստաթղթերով սեփական հյուրանոց ունի՝ Սևանի ափին, կողքին կանգնած է մեկը, որը նույնպես խոշոր կապիտալի տեր է, ահռելի չափի դղյակներ ունի, Սևան ափին կիլոմետրանոց պարսպով առանձնատուն է սարքել, ու իրար ձեռք բռնած վանկարկում են՝ «Ոչ թալանին», «Թալանը ետ ենք բերելու»:

Խնդիր չկա, էլի վանկարկեք, բայց դժվա՞ր է նման վանկարկումների համար ընտրել մեկին, որը ոչ մի պարագայում չի ասոցացվում կոռուպցիայի, թալանի, գռփելու հետ: Սրա համար պարտադիր չի հեղափոխությունների տեխնոլոգիաների տիրապետել: 

Եվ մի բան էլ. մի կողմից ասում եք՝ սա համաժողովրդական պայքար է, շարժում է, բոլորդ միացեք, բայց առավոտից երեկո հայհոյում եք իշխանությունների հետ կապ չունեցող, բայց ձեզ հետ էլ կապ չունեցող քաղաքական ուժերին, գործիչներին, այսինքն՝ ինքներդ եք վանում հանրության մի ստվար զանգվածի: Էն իրեն բլոգերի տեղ դրածը գիտի՝ խոսքն ինչի մասին է: Այսինքն՝ էլի դուք եք սևացնում ձեզ ու ձեր այս շարժում կոչվածը: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5086 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ