Մեծագույն հաճույքով լսեցի Լևոն Տեր-Պետրոսյանի 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովում Պետերբուրգից ժամանած հրաշալի գիտնական Ալեքսանդր Խոսրոևի զեկույցը՝ Քրիստոսի համբարձման տարեթվի մասին: Լրագրող գործընկերներս, սակայն, ինձ իջեցրին մեր ոչ այնքան հաճելի իրականություն և դրդում էին առաջին նախագահին, որ նա խոսի Փաշինյանի մասին: Լրագրողների վարքը նորմալ է, ես էլ այդպես կվարվեի. 1-ին դարի իրադարձությունները և դրանց արտացոլումը տարբեր տեքստերում հետաքրքրում է ընթերցողների 0.01 տոկոսին (ինձ էլ՝ նրանց հետ միասին), իսկ 99.99 տոկոսին հետաքրքրում է, թե ով ում ինչ «քաղաքական ապտակ» տվեց, իսկ ավելի շատ այն, թե ինչպես է «քաղաքական ապտակ» ստացածը, ներողություն արտահայտությանս, «աբառոտկա ֆռացել»: Այդ շրջանակներում ընթերցողների համար ամենահետաքրքիրը, թերևս, ոչ թե ղարաբաղյան խնդրի կարգավորման տարբեր ծրագրերն են և 2019 թվականի ծրագրի վերաբերյալ ՔՊ-ականների ստերը, այլ «հոգեզավակի» թեման: Մարդկանց ամենուր ու միշտ ավելի հետաքրքիր է ոչ թե այն, թե ինչպես են լուծվել կամ լուծվում պետության խնդիրները, այլ՝ զուտ անձնական հարաբերությունները: Տվյալ դեպքում՝ այս թեման ունի երկու տեսանկյուն. 1/ որպես մեղադրանք Փաշինյանին՝ նա քեզ մարդ սարքեց, իսկ դու նրան փնովում ես, 2/ որպես մեղադրանք Տեր-Պետրոսյանին՝ էս ո՞ւմ էիր քո շուրջը հավաքել, քո կադրն է, ինչի՞ց ես բողոքում: Որպես լրագրողական նյութ դա, կրկնեմ, հետաքրքիր է և նույնիսկ հուզիչ, բայց որպես քաղաքական վերլուծություն, իմ կարծիքով՝ ռելեվանտ չէ, որովհետև քաղաքականության մեջ մարդկանց ճանապարհները խաչվում են և բաժանվում են, «հոգեզավակության» մասին այստեղ խոսք չի կարող լինել: Մանավանդ այս պարագայում, երբ առկա է կրթության, դաստիարակության և ինտելեկտի խորը անդունդը: