...

Հումանիտար օգնություն՝ Նիկոլի գրպանային «Քննչականին»

Հումանիտար օգնություն՝ Նիկոլի գրպանային «Քննչականին»

Քանի որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրավապահ մարմինները ստիպված են լինելու կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները և տարբեր քրեական գործեր հորինել ընդդիմադիր ուժերի գործունեությունը կասեցնելու նպատակով, իսկ դա կարող է ստեղծագործական լրջագույն ջանքեր պահանջել իրավապահների համար՝ մենք, որպես մարդասիրական օգնություն, ներկայացնում ենք մի քանի պատրաստի ձևաթղթեր («շաբլոններ»), որպեսզի հայրենի իրավապահները շատ չտանջվեն, ձեռքի տակ ունենան պատրաստի բլանկներ, ու նրանց մնա միայն լրացնել քաղաքական ուժերի կամ առանձին գործիչների անունները։ Ստորև ներկայացնում ենք մի քանի տարբերակներ։ 

ՀՀ քննչական կոմիտեի այսինչ մարզային քննչական վարչությունում քննվում է անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթը։ Ըստ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ․․․ 

1․ ՀՀ քաղաքացի Այսինչ Այսինչյանը, հանդիսանալով ընդդիմադիր այսինչ կուսակցության համակիր, միաժամանակ՝ որպես մատուցող աշխատելով հանրային սննդի այսինչ կետում, տեղեկանալով, որ իր հաճախորդը Նիկոլ Փաշինյանի համակիր է, վերջինիս ուտեստի մեջ լցրել է լուծողական՝ այդպիսով նախնական և միասնական դիտավորությամբ խոչընդոտելով վերջինիս՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքը։ 

Նախաքննությունը շարունակվում է։ ՀՀ գլխավոր դատախազությունը միջնորդել է սույն գործը կցել ՀՀ դեմ իրականացվող հիբրիդային պատերազմի առթիվ հարուցված քրեական վարույթին (այս պարբերությունը պարտադիր է բոլոր տարբերակների համար)։

2․ ՀՀ քաղաքացի Այսինչ Այսինչյանը, հանդիսանալով ընդդիմադիր այսինչ կուսակցության համակիր, այսինչ քաղաքի այսինչ փողոցում պատահաբար հանդիպելով իր վաղեմի ծանոթ, նախկինում՝ սոցիալապես անապահով, իսկ ներկայումս՝ ՔՊ-ական Այսինչ Այսինչյանին, վերջինիցս պահանջել է վերադարձնել դեռևս 10 տարի առաջ իրենից որպես օրվա հացի փող պարտքով վերցրած 5 հազար դրամ գումարը՝ հակառակ դեպքում սպառնալով անարգանքի սյունին գամել վերջինիս։ Որպես իրավապաշտ քաղաքացի՝ սպառնալիքի ենթարկված տուժողը դիմել է իրավապահներին և միջադեպը գնահատել որպես իր ընտրական իրավունքի ոտնահարման բացահայտ փորձ, ապա միջնորդել է ընտրարշավից հեռացնել տվյալ քաղաքական ուժին։

3․ ՀՀ երկու քաղաքացիներ, նախնական համաձայնությամբ և տարածաշրջանային խաղաղությունը վիժեցնելու ակնհայտ հանցավոր նկատառումներով, Երևան քաղաքում պատվիրել են տաքսի մեքենա և սադրիչ կերպով պահանջել իրենց տանել Արցախի փողոց։ Ավելին՝ ճանապարհին նրանք, հանցավոր և միասնական դիտավորությամբ, ուշադիր նայել են ճանապարհին հանդիպած եկեղեցիներին և Արարատ լեռանը։ Նախաքննությամբ պարզվել է, որ սույն սադրիչ պահանջի հեղինակներն ընդդիմադիր այսինչ կուսակցության համակիրներ են և մտադիր են եղել ուղևորության համար վճարել ռուսական ռուբլու ապօրինի փոխանակման արդյունքում ձեռք բերված ՀՀ դրամով։ Կատարվում է նախաքննություն։

4․ ՀՀ քաղաքացի հանդիսացող մի խումբ ֆեյսբուքյան օգտատերեր իրենց հրապարակումներում սադրիչ դիտարկումներ են արել առ այն, թե իբր այսպես կոչված «Արցախը» ժամանակին եղել է հայաբնակ, և միայն Նիկոլ Փաշինյանի օրոք է կորցրել իր այդ կարգավիճակը։ Ավելին՝ որոշ ռսաստրուկ սադրիչներ կեղծ տեղեկություններ են տարածել, թե իբր ՀՀ-ն անկախությունը հռչակել և ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերից մեկի իշխանության ժամանակահատվածում։ 

Հարուցվել է քրեական վարույթ։ Քննչական մարմինը քննարկում է տվյալ հակահայկական ուժի գործունեության կասեցման իրավական հնարավորությունները։

Շարունակելի

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   45 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ