...

Հունվարի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Հունվարի 19-25-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Խոյ

Վերջանում է ծրագրերի իրագործման, դիրքերի համար պայքարի շրջանը: Սկսվում է նոր գաղափարների, զարգացման նոր ուղիների փնտրտուքի շրջանը: 19-21-ին՝ գործնական, մասնագիտական կամ քաղաքական հաջող ակտիվություն: Դրված ծրագրերն իրագործելու և խնդիրները լուծելու ուղղությամբ մեծ վճռականություն կդրսևորեք: Կապեր գործատուների և ղեկավարության հետ: Գործերում կարող են խանգարել հարազատները, կամ էլ ինքներդ ստիպված եք լինելու հոգ տանել մտերիմների մասին:

22-25-ին ձեր գաղափարներն արտահայտելիս ինքնավստահ ու համառ կլինեք: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ առաջարկներ կստանաք:

Ցուլ

Այս շաբաթվանից սկսվում է որոշակի ծրագրերի և հույսերի իրագործման շրջանը: 19-21-ին՝ լավ կռահողականություն ու դատողականություն: Իրերի հանդեպ փիլիսոփայական հայացք: Հաջող կոմերցիա, գնումներ: Կհետաքրքրվեք արտասահմանյան ամեն ինչով: Հանդիպումներ ու բանակցություններ արտասահմանցիների հետ: Հեռվից լուրեր կստանաք:

22-25-ին մասնագիտական գործերում ինքնավստահություն ձեռք կբերեք: Հաջող հանդիպումներ ու բանակցություններ կարևոր մարդկանց հետ: Նախաձեռնող կլինեք:

Երկվորյակ

Այս շաբաթ վերջանում է ծանր ու անկայուն շրջանը, և սկսվում է ինքնավստահության, հնարավորությունների ընդլայնման շրջանը: 19-21-ին կասկածամտությունը կուժեղանա, ուստի հնարավոր են վեճեր, բիզնեսում մրցակցության սրացում: Շահի հանդեպ լավ հոտառություն: Իրերի հանդեպ քննադատական հայացք: Համատեղ ֆինանսական գործերի հետ կապված շփումներ և ուղևորություններ:

22-25-ին հաջող կընթանան արտերկրի և արտասահմանցիների հետ կապված գործերը: Հանդիպումներ հեղինակավոր մարդկանց հետ, աջակցություն ու խոստումներ նրանցից:

Խեցգետին

Վերջանում է շրջապատողներից մեծ կախվածության շրջանը: Սկսվում է փոփոխությունների, անկայունության, կասկածների շրջանը: 19-21-ին՝ ձեր գաղափարներն արտահայտելիս ու տեսակետը պաշտպանելիս սովորականից ավելի ագրեսիվ լինելու հակվածություն: Հանդիպումներ նախաձեռնող գործընկերների հետ:

22-25-ին՝ մեծ ինքնավստահություն գործերում, կռահողականություն: Հաջողություններ համատեղ բիզնեսում և հարկերի, վարկերի հետ կապված գործերում:

Առյուծ

Այս շաբաթ վերջանում է գործերով ու հոգսերով ծանրաբեռնված շրջանը: Ավելի շատ կսկսեն հետաքրքրել շրջապատողների հետ հարաբերությունները: 19-21-ին՝ գործնական ակտիվություն: Գործերում և աշխատավայրում խնդիրներն արագ լուծելու ձգտում: Գործերում կարգուկանոն կհաստատեք: Աշխատելիս շտապողականությունը կարող է վնասվածքների հանգեցնել: Անսպասելի մանրուքները մեծ էներգիա կխլեն:

22-25-ին գործընկերներից լավ առաջարկներ կստանաք, հաջող բանակցություններ ու համաձայնագրերի ստորագրում: Օգտակար վեճեր:

Կույս

Այս շաբաթ վերջանում է միայն սեփական հետաքրքրությունների համար ակտիվ գործողությունների շրջանը: Տնային հոգսերը կշատանան, կծանրաբեռնվեք գործերով: 19-21-ին ձեր ծրագրերն ուրիշներին հասցնելիս շատ ակտիվ կլինեք, շփվող կլինեք: Հանդիպումներ ու զրույցներ սիրելիների հետ: Մեծ հետաքրքրվածություն հարազատների, երեխաների գործերով:

22-25-ին ճիշտ ծրագրելու, ինքնավստահության, սեփական գաղափարները կյանքի կոչելու ունակության շնորհիվ գործերում հաջողություններ կունենաք:

Կշեռք

Ընտանեկան հոգսերն ու խնդիրները կնվազեն, և ուժերի վերելքի բարենպաստ շրջան կսկսվի: 19-21-ին ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ, ստիպված եք լինելու հոգ տանել հարազատների մասին, լուծել կենցաղային խնդիրները: Տնային պայմանները բարելավելու ծրագրեր ու գաղափարներ կունենաք: Տնային գործերի հետ կապված որոշումներ ընդունելիս հնարավոր է շտապողականություն ու ավելորդ հուզականություն:

22-25-ին՝ համառություն անձնական գաղափարներն արտահայտելիս: Խոստումներ: Հասարակական կապերի ընդլայնում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:

Կարիճ

Աստիճանաբար կանցնի անհանգստության, հաճախակի հանդիպումների, լարված մտավոր աշխատանքի շրջանը, և կսկսվի տնային խնդիրների հանդեպ հատուկ ուշադրության շրջանը: 19-21-ին՝ գիտելիքների, տեղեկատվության և շփումների ակտիվ փնտրտուք: Հանդիպումներ հարազատների, կոլեգաների հետ: Կհետաքրքրվեք գործնական կիրառում ունեցող գաղափարներով: Անձնական հարցերով կարճատև ուղևորություններ կկատարեք:

22-25-ին տանը կարևոր զրույցներ ու հանդիպումներ են սպասվում: Տնային խնդիրների լուծման նոր ծրագրեր: Ակտիվ շփումներ հարազատների հետ:

Աղեղնավոր

Նյութական խնդիրների հանդեպ հետաքրքրությունը կփոխարինվի տեղեկատվական դաշտի, շփման հանդեպ հետաքրքրությամբ: 19-21-ին՝ ֆինանսական գործերի, գնումների հետ կապված ակտիվ հանդիպումներ ու զրույցներ: Ֆինանսական խնդիրների հետ կապված վեճեր, բիզնեսում մրցակցության սրացում: Կհետաքրքրվեք այն ինֆորմացիայով, որից շահ կա: Բիզնեսում սովորականից ավելի նախաձեռնող կլինեք:

22-25-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն անձնական գաղափարներն արտահայտելիս: Հասարակական կապերի ընդլայնում: Շահավետ հանդիպումներ իշխանություն ունեցող մարդկանց հետ:

Այծեղջյուր

Այս շաբաթ վերջանում է Այծեղջյուրի ամիսը, և անձնական գործերով հետաքրքրությունը փոխարինվում է սեփական նյութական վիճակով հետաքրքրությամբ: 19-21-ին՝ լավ կռահողականություն, ինքնավստահություն: Սեփական գաղափարներն ակտիվ արտահայտելու, ուրիշների կարծիքը չլսելու հակվածություն: Հաճախակի շփումներ հարազատների հետ: Որոշակի անհանգստություն ու շտապողականություն գործերում:

22-25-ին՝ ֆինանսական գործերով շահավետ բանակցություններ և ուղևորություններ: Կօգնեք հարազատներին ֆինանսական գործերում:

Ջրհոս

Վերջանում է անորոշության ու տարօրինակ իրադարձությունների շրջանը, և հունվարի 20-ից սկսվում է Ջրհոսի ամիսը, որը ուժերի և գործերում անձնական մասնակցության աճ կբերի: 19-21-ին՝ գերզգայունություն: Գործողություններ հույզերի, ինտուիցիայի ազդեցության տակ: Գործերը կարծես իրենք իրենց, առանց ջանքերի կարվեն: Շատ կլինեն անսպասելի, չծրագրված ուղևորությունները: Բարյացակամ վերաբերմունք հարազատների, մտերիմների կողմից:

22-25-ին՝ շահավետ կապերի հաստատում, լավ բանակցություններ, հայացքներն ու գաղափարները առաջ տանելու ունակություն: Կստանաք անհրաժեշտ տեղեկատվությունը: Սերտ համագործակցություն հարազատների հետ:

Ձկներ

Այս շաբաթ վերջանում է նորություններ ու փոփոխություններ բերող շրջանը, և սկսվում է սպասումների, անորոշության, պատահականություններից մեծ կախվածության շրջանը: 19-21-ին՝ արագ կռահողականություն: Ապագայի, հեռանկարների մասին մտածելու և դատելու հակվածություն: Ուշադրություն կդարձնեք ընկերների կարծիքին, հասարակական կարծիքին: Բայց հնարավոր են իմպուլսիվ որոշումներ:

22-25-ին անսպասելի կարևոր ինֆորմացիա կստանաք: Պիտանի կապերի հաստատում, կամ հեշտությամբ վերջ կդնեք անօգուտ ծանոթություններին: Բարդ գործերից ու իրավիճակներից գլուխ հանելու, ձեզ համար ինչ-որ կարևոր բան հասկանալու հնարավորություն:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   45 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ