...

Ի՞նչ է կատարվում և ի՞նչ է սպասվում. վերլուծագանգերի ախտորոշում

Ի՞նչ է կատարվում և ի՞նչ է սպասվում. վերլուծագանգերի ախտորոշում

Ոչինչ, մի անգամ էլ թող այսպես լինի: Այս անգամ մենք կներկայացնենք Հայաստանում և տարածաշրջանում ընթացող զարգացումները՝ 1) արևմտամետ վերլուծագանգի ուղեղով, 2) ռուսամետ վերլուծագանգի ուղեղով, 3) պոակսրաչ վերլուծագանգի ուղեղով:

1.    Նախ, խզարենք արևմտամետի դիրքերից.

Այն բանից հետո, երբ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այցելեց Հայաստան, Բաքվում իսկական խուճապ է սկսվել: Միշելը Երևանում իր հանդիպումներում պարզ ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խիստ զայրացած է Ալիևի ու Էրդողանի վրա, որ նրանք ինքնագլուխ՝ առանց Արևմուտքի կարծիքը ճշտելու, առանց համաձայնեցնելու, փորձում են Ղարաբաղի հարցը լուծել: Անկասկած, Եվրոպան չի հանդուրժելու սա: 2,5 մլրդ եվրոն, որը Արևմուտքը Հայաստանին է տրամադրելու, դեղին քարտ էր Բաքվին: Եվ Ադրբեջանը խիստ մտահոգված է, որ եթե Արևմուտքը ևս մեկ դեղին քարտ ցույց տա, ապա դա ավտոմատ կվերածվի կարմիր քարտի և Ալիևը խաղից դուրս կմնա: 

Պատահական չէ, որ Կրեմլն այսպես նյարդային ջղաձգումներ է անում՝ հասկանալով, որ Ֆրանսիան նպատակաուղղված ու անվերադարձ դուրս է մղում իրեն Հարավային Կովկասից: Այդ մտահոգությունը դրոշմված էր Պուտինի դեմքին, երբ նա խոսում էր Փաշինյանի հետ: Եթե ուշադրություն դարձրեցիք, մի անգամ ՌԴ նախագահը առաստաղին նայեց, կարծես օգնություն հայցելով ամենաբարձրյալից: Սա ամենախոսուն վկայությունն է, որ Եվրոպան Հայաստանին ճիշտ ուղու վրա է դնում:

2.    Ռուսամետ վերլուծագանգ

Ղարաբաղյան պատերազմի պարտության ակունքները հասնում են մինչև 1988թ., երբ Ղարաբաղյան շարժման ապազգային ղեկավարները հրաժարվեցին Ռուսաստանի հետ հավերժ միասնության գաղափարից և երկիրը տարան դեպի պսևդոանկախություն: Որքան էլ այդ ապազգային իշխանությունները փորձում էին հարևանների հետ նվաստացուցիչ հարաբերություններ կառուցել, Ռուսաստանը Հայաստանի ու Արցախի ազգային ուժերի միջոցով կարողացավ բեկում մտցնել պատերազմում: Եվ եթե չլիներ 1994թ. խայտառակ զինադադարը, հայկական զորքերը կհասնեին մինչև Քուռ-Արաքսյան հովիտ: Միայն 1998 թվականից հետո Հայաստանը կարողացավ թոթափել արևմտա-թրքասիրական լուծը: 20 տարի ազգային ուժերը Ռուսաստանի հետ հարաբերությունները հասցրեցրին մինչև ստրատեգիական բարձրունքների, ռուսներն այստեղ ակտիվ ներդրումներ էին անում՝ հերթով ձեռք բերելով Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները: Ըստ էության, դրանով աշխարհին հասկացվեց, որ հայ-ռուսական հարաբերությունները անքակտելի են:

Բայց հետո եկան թրքասերների հոգեզավակները: Տեսաք, ինչ եղավ: Ղարաբաղյան պատերազմում մեր պարտությունը չէր լինի, եթե Հայաստանը 1995-ին միանար Ռուսաստան-Բելառուս միությանը: Հիմա էլ ուշ չէ, բայց դրա համար պետք է փողոցային տակտիկայով ձերբազատվել այս ապազգային իշխանություններից:

3.    Պոակսրաչի վերլուծագանգ

Փչի´, Վահագնի ծուխ, թնդա, հայոց երկնակամար: Մենք դեռ առաքելություն ունենք: Մեր նահատակների արյունը ողողելու է թշնամիների բանականությունը, հեղեղելու է նրանց հողերը՝ հավերժ թաղելով պատմության աղբանոցում: Մնացածը՝ հաջորդիվ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   732 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ