«Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ պրոյեկտ չկա ու չի կարող լինել», հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«ՉԻ»․ Մինչ այժմ առավելապես էկզոտիկ գուլպաներով և «ի սեր գիտության» ծառայությունից թռնելով հայտնի Վահան Կոստանյանը, իհարկե, իրավացի է։ Եթե «Զանգեզուրի միջանցք» լինի՝ դա արդեն չի լինի ՀՀ սուվերեն տարածք, հետևաբար՝ կստացվի, որ այդ միջանցքը ՀՀ սուվերեն տարածքում չէ, այսինքն՝ ՀՀ իշխանություններն իրավացի էին։ Հետաքրքիր է, որ նույնն էլ Ադրբեջանն է պնդում (որ «Զանգեզուրի միջանցքը» փաստացի ՀՀ սուվերեն տարածք չի լինելու)։
Նույն կերպ էլ, ի դեպ, «իրավացի դուրս եկան» բոլոր նրանք, ովքեր ժամանակին հոխորտում էին, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Եվ իսկապես էլ՝ Ադրբեջանի կազմում կա՞ Արցախ։ Ոչ, չկա։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե «Ադրբեջանն իր տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները ոնց ուզում է՝ թող անվանի, դա իր գործն է», ապա հետաքրքիր է՝ որպես ի՞նչ պիտի Ադրբեջանն իր տարածքի մի մասի անունը «միջանցք» դնի։