Ըստ կառավարության «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության մասին» որոշման նախագծի՝ «պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը», իսկ «պաթետիկ բովանդակությունը պետք է փոխարինվի իրական բովանդակությամբ»։
Քանի որ կառավարության այս որոշումից հետո բազմաթիվ «ստեղծագործական կոլեկտիվներ» շտապելու են պետական ֆինանսավորում ստանալ, ինչը կարող է խառնաշփոթ առաջացնել «գեղագիտության տեղորոշման» ոլորտում, ստորև ներկայացնում ենք գեղարվեստական ֆիլմերի և պիեսների մի քանի տիպային սցենարներ։
Տիպային սցենար N 1․
21-22 տարեկան գեղեցկուհի աղջիկը հեկեկալով իրեն գցում է տուն ու նետվում մոր գիրկը․ «մա՛մ, մա՛մ ջան, ես էլ չեմ ուզում Դավիթի էրեսը տեսնեմ․․․ պատահաբար հեռախոսը մոռացել էր․․․ ֆոտոները նայեցի․․․ մա՛մ, մա՛մ ջան, պարզվում ա՝ ինքը բանակում է՛լ ա ծառայել, ինչ-որ կռիվների է՛լ ա մասնակցել․․․»։ «Ոչինչ, աղջիկս, ոչինչ», փորձում է հանգստացնել մայրը՝ աղջկա գլուխն առնելով ափերի մեջ ու սեղմելով կրծքին, բայց աղջիկը հեկեկոցի միջից շարունակում է․ «տան պատին էլ․․․ պատին էլ․․․ Մասիսի նկարը կա․․․»։ «Ոչինչ, աղջիկս, աշխարհը նրանով չի ավարտվում, ուրիշի՛ն կճարես», իր հերթին մղկտում է մայրը։
Բայց շաբաթներ շարունակ աղջկա դեպրեսիան չի անցնում։ Մի երեկո էլ, կամրջի վրա մտամոլոր քայլելով, որոշում է իրեն ցած նետել, բայց հանկարծ հեռվում տեսնում է Արագածը, երկնքում ճախրող աղավնիներին, ու գիտակցում է, որ ինքն ապրում է երջանիկ ու խաղաղ երկրում։ Նույն պահին կամրջով անցնում է հեծանվավազքի վարչապետի գավաթի մրցաշարի թմբլիկ մասնակիցներից մեկը՝ կարմրաթուշ, վարդագույն շորտիկով, մի ձեռքին՝ լավաշի մեջ փաթաթած չիզբուրգեր, մյուս ձեռքին՝ կոլայի շիշը։ Նրանց հայացքները հանդիպում են․․․ (հնչում է դասական երաժշտություն)։
Ուշ երեկո։ Երկուսով զբոսնում են ամայի այգում՝ սակուրաների խորհրդավոր սաղարթների ներքո մեկական դուռում ծամելով ու քննարկելով, թե ամռանը Անթալիայի հատկապես ո՞ր լողափում հանգստանան, բայց հանկարծ այգու խորքից մի քանի ագրեսիվ ստվերներ են հայտնվում (դեմքերը չեն երևում, բայց խոսում են Ղարաբաղի բարբառով) ու շրջապատում նրանց։ Տղան փորձում է պաշտպանել աղջկան, բայց ստվերներից մեկը լոմով թիկունքից հարվածում է նրա գլխին, մյուսը քաշքշում է աղջկա շորերը․․․ Սա ճչում է և օգնություն կանչում, ու այդ պահին որտեղից որտեղ հայտնվում են երեք սիրուն-հաղթանդամ տղաներ (մեկը՝ թուրք, մեկը՝ պարսիկ, մեկը՝ ադրբեջանցի), ավազակներին ոտնատակ տալիս և աղջկան ու տղային հասցնում հիվանդանոց։
Մեծ, լուսավոր հիվանդասենյակ, պատին՝ վարչապետի լուսանկարը։ Մահճակալին պառկած տղան վիրակապների միջից երջանիկ ժպտում է, իսկ աղջիկը «Արագած» կոնյակի շիշը մեկնում է բժշկին ու արցունքների միջից շշնջում․ «Ահմա՛դ Վեքիլովիչ, մենք որոշել ենք ի նշան երախտագիտության մեր առաջնեկին Ձեր անունով կոչել»։ «Ի՞նչ եք ասում, դա իմ քաղաքացիական և մասնագիտական պարտքն է», խանդաղատանքի արցունքների միջից ասում է բժիշկը, իսկ արտասուքի կաթիլի մեջ (խոշոր պլան) երևում է Արագած լեռան արտացոլանքը․․․
Շարունակելի